

ԷկոԼուր
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանից հավելյալ 100 միլիոն խմ ջուր բացթողնելու օրինագիծը: Կողմ քվերակեցին «Հայաստանի հանրապետական կուսակցություն», «Ծառուկյան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն» խմբակցությունների 75 պատգամավորները: Դեմ քվերակեցին «Ելք» խմբակցության 3 պատգամավորները` Արտակ Զեյնալյանը, Լենա Նազարյանը, Մանե Թանդիլյանը:
Քվեարկությունից առաջ իր եզրափակիչ ելույթում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը մասնավորապես ասաց. «Երեկ մենք քննարկում ենք ունեցել հանձնաժողովում, և թե հանձնաժողովի անդամների կողմից, թե բնապահպանների կողմից, որոնց իրականում խոսքի իրավունք չէր տրվում, բայց մենք իրավունք տվեցինք, որպեսզի մի քանիսն արտահայտվեն, հարցեր են առաջ քաշվել, խնդիրներ են ներկայացվել: Եւ այդ խնդիրները նշել ենք մեզ մոտ և մի քանիսի մասին արդեն որոշումը կայացված է, իսկ հիմնական առաջարկների մասին ես խնդրել եմ ժամանակ, որպեսզի մինչև երկրորդ ընթերցումը կառավարության որոշման նախագծի մեջ փոփոխություններ անենք և ներկայացնենք արդեն սեղմագրված տարբերակը»:
ՀՀ Ազգային ժողովի հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 6-ին` ժամը 10:00-ին:
Հուլիս 04, 2017 at 15:17
