Դալմայի այգու պաշտպաններ՝ նոր ավտոմայրուղին բարբարոսաբար կավիրի կանաչ գոտին

Դալմայի այգու պաշտպաններ՝ նոր ավտոմայրուղին բարբարոսաբար կավիրի կանաչ գոտին

ԷկոԼուր

Նոր ավտոմայրուղին բարբարոսաբար կավիրի կանաչ գոտին: Այս մասին ահազանգում է «Դալմա-Սոնա» հիմնադրամի ՀԽ նախագահ Ռուզաննա Ղազարյանը: Հիշեցնենք, Երեւանի քաղաքապետարանը մարտի 7-ին կառավարությանը կներկայացնի «Երևան քաղաքում ավտոմայրուղի կառուցելու ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին» նախագիծը, ըստ որի Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղին անցնելու է Դալմայի այգիների անտառային հողերի սահմանով: Ռուզաննա Ղազարյանը նախագծի առնչությամբ նամակ է ուղարկել «ԷկոԼուր», որում ասված է.

«ՀՀ կառավարությունը, հերթական անգամ խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, հերթական անգամ նիստի քննարկման է դրել ՀՀ մի շարք օրենքների, ՀՀ միջազգային կոնվենցիաների, ՀՀ նախագահի Հրամանագրի ու ՀՀ Սահմանադրության պահանջները խախտող   որոշման նախագիծ` «Երևան քաղաքում ավտոմայրուղի կառուցելու ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին»:

Բացի այն,  որ Դալմայի այգիներում ընդհանրապես կառուցապատում իրականացնելու վերաբերյալ սկզբնաղբյուր հանդիսացող  ՀՀ կառավարության 2003/4/թ. մարտի 27(29)   1941-Ա որոշման վերաբերյալ ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական և Սոցիալական Հանձնաժողովը կայացրել է որոշում (ECE/MP.PP/IR/2008/Arm 4April 2008),  կոնկրետ տվյալ որոշման վերաբերյալ բացակայում են հենց ՀՀ շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների դրական կարծիքները, իսկ եղածներն էլ` անորոշ են ու ոչ-դրական:

Նախագծին կցված ամփոփագրից պարզվում է, որ.

1. բնապահպանության, գյուղատնտեսության և առողջապահության նախարարություններն ընդհանրապես չեն ներկայացրել իրենց դիրքորոշումը Երևանի ցածրադիր մասում, միաժամանակ 4 վարչական տարածքների (և հատկապես այն տարածքների, որոնք ամենաաղտոտված օդային ավազանն ունեն) թթվածնով ապահովելու հնարավորություն ունեցող միակ զանգվածային կանաչ տարածքը  խաչաձև, բարաբարոսաբար ավերելու վերաբերյալ: Եվ դա  այն դեպքում, երբ նման որոշման կայացման համար որոշիչ դերը պետք է խաղա հենց այս առանցքային նախարարությունների կողմից տրված կարծիքը

2. նախագիծը ՀՀ կառավարության նիստին ներկայացնողի կողմից հաշվի չեն առնվել անգամ ներկայացված դիտողություններն ու ոչ-դրական կարծիքները.

2.1. անգամ ոչ մասնագետ, ոչ-իրավաբան անձանց համար, ամփոփագրին նույնիսկ թռուցիկ ծանոթանալու դեպքում պարզ կլինի, որ բազմաթիվ էական  հարցեր   մնացել են անպատասխան: Օրինակ`«ավտոմայրուղու կառուցման համար անհրաժեշտ հողամասը ներկայումս ինչ նպատակային և գործառնական նշանակություն ունի, ծրագրի իրականացմամբ ավտոմայրուղու հարակից տարածքների քաղաքացիների և իրավաբանական անձանց գույքային իրավունքների հնարավոր սահմանափակումները, ավտոմայրուղու կառուցման և հետագա շահագործման արդյունքում հնարավոր բնապահպանական խնդիրները, նկատի ունենալով այն, որ կառուցապատումը նախատեսվում է իրականացնել Դալմայի այգիների անտառային ֆոնդի հողերի անմիջական հարևանությամբ: Ավտոմայրուղու կառուցման ծրագիրը ավելացնում է դրան հարող հողամասերի շուկայական արժեքը, և դրանց վաճառքը աճուրդային կարգով ավելի արդարացված կլինի» և այլն:

3. Հաշվի առնելով այս  հարցերի կարևորությունը` ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն անգամ տեղեկացրել է, որ «…ներկայացվող նախագծերի վերաբերյալ իր վերջնական դիրքորոշումը կարող է  հայտնել …հարցադրումների պատասխանը ստանալու դեպքում»:

Իսկ ինչպես է վարվել  նախագիծը ՀՀ կառավարության նիստին ներկայացնողը…: Կարծում եմ` արհամարհաբար:  Քանզի, քաջատեղյակ լինելով ՄԱԿ-ի ԵՏՀ որոշման մասին, չէր կարող`  ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման նախարարության հարցադրման, գրել, թե «ՀՀ կառավարության կողմից 2005թ. հաստատվելուց հետո հողամասը համարվում է բնակավայրի հող և ձեռք է բերել ընդհանուր օգտագործման գործառնական նշանակություն»:  Եթե քաղաքապետարանն  ԱՌ ԱՅՍՕՐ տեղյակ չէ այդ որոշման գոյության մասին ու չի արել համապատասխան հետևություններ, ապա դա նշանակում է, որ  մեր երկիրը դժբախտություն ունի ունենալ ոչ-կոմպետենտ պետական ծառայողներ:

Ի լրումն այս ամենի,  քաղաքապետարանը հարկ է համարել նաև նշել, որ «բարձրացված խնդիրները կհստակեցվեն մայրուղու աշխատանքային նախագծի մշակման ընթացքում և սահմանված կարգով կներկայացվի փորձաքննության»:

Եվ դա այն դեպքում, երբ ՀՀ գործող օրենսդրությունը ՊԱՀԱՆՋՈՒՄ Է, որ նախատեսվող տնտեսական գործունեության ազդեցության ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ իրականացվի ամենա-ամենա-ամենա-նախնական փուլում:

 Իսկ ՀՀ կառավարություն ցանկացած որոշման նախագիծ պետք է ուղարկվի արդեն իսկ արված  փորձաքննության ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ  հետ միասին:

4. Շահագրգիռ ազդակիր համայնքի կարծիքի մասին ընդհանրապես ոչ մի խոսք չկա:

Որպես ամփոփում ասեմ, որ երբ Օրհուսի կոնվենցիայի խախտմամբ ընդունված որոշման կապակցությամբ ինքս ժամանակին փորձեցի հրավիրել քաղաքապետարանի ուշադրությունն այն փաստի վրա, որ նույն Դալմայի այգիների նկատմամբ  շարունակվում են խախտվել նույն Կոնվենցիայի նույն  դրույթները` անտեսելով վերը նշված … որոշման հանձնարարականները, և նշեցի, որ այդ վարքագծով ստացվում է, որ ՀՀ պատկան մարմիններն իսկապես արհամարհական, թքած վերաբերմունք են ցուցաբերում ՄԱԿԻ ԵՏՍ Հանձնաժողովի, այսինքն հենց ՄԱԿ-ի որոշումների վրա, ինձ դիտողություն արվեց, թե «տ-ն Ղազարյան, լավ կլիներ հարգալից վերաբերմունք ունենալ պետական ինստիտուտների նկատմամբ»: Անշուշտ` լավ կլիներ: Բայց ինչպե՞ս:

Նշված որոշման առկայությունը ՀՀ կառավարության մարտի 7-ի նիստի օրակարգում /կետ.29/ արդեն իսկ մեկ անգամ ևս վառ ապացույց է հանդիսանում նման վերաբերմունքի` ՄԱԿ-ի, ինչպես  նաև  մեր պետության Սահմանադրության ու օրենքների նկատմամբ:

Միաժամանակ, եթե պետական ինստիտուտներն իրար չեն հարգում, ինչպե՞ս կարող են հարգանք պահանջել սովորական քաղաքացիներից»:

Լուսանկարը` Տիգրան Սարգսյանի

11:02 Մարտ 07, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news