ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՎՆԱՍՈՒ՞Մ Է ԾԱՌԵՐԸ

Արման Ղարիբյան, Հետք

Նոյեմբեր ամսին Երեւանում ծառերի հատման, էտման եւ ձեւավորման երեք դեպք գրանցվեցին, որոնք արժանացան հանրության եւ «Հետքի» ուշադրությանը:

Նախ տեղեկություն ստացանք Գյուլբեկյան փողոցում ծառերի էտման վերաբերյալ, որով մտահոգված էին բնապահպանները: «Էկոլուր» տեղեկատվական կազմակերպությունը հաղորդագրություն տարածեց այդ մասին:

«Դա հանցագործություն է: Ծառերը չեն կարողանում նորմալ զարգանալ: Հզոր արմատային համակարգը զրկվում է տերեւներից, խախտվում է ծառի սնուցման հավասարակշռությունը: Արդյունքում ծառը փորձում է կենդանի մնալ, բայց հնարավոր էգ չկարողանա հաղթահարել դիսբալանսը եւ կարող է նույնիսկ մահանալ»,- ասում է ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Անուշ Ներսիսյանը:

Այս կապակցությամբ բացատրություններ խնդրեցինք Երեւանի քաղաքապետարանից, քանի որ Երեւանում օրինական ծառահատումն ու ծառերի ձեւավորման աշխատանքները իրականացվում են Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության համապատասխան եզրակացության հիման վրա` հաշվի առնելով գլխավոր դենդրոլոգի կարծիքը:

«Գյուլբենկյան եւ Ա. աչատրյան փողոցներում ներկայումս (11.11.09թ.) Արաբկիր վարչական շրջանի «Կամար» ՓԲԸ-ի կողմից ընթանում է ծառերի ձեւավորման աշխատանքներ, որի թույլատվությունը տրվել է քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության կողմիցգ 27.02.2009թ N17/3948 գրությամբ: Նշված գրության մեջ հստակ ցուցում է տրված ծառերը ենթարկել ձեւավորման` բացառելով խորը էտը, քանի որ դրանք հիմնականում սոսի եւ կաղնի ծառատեսակներ են: Տեղազննությունը ցույց տվեց, որ իրականացվող աշխատանքները կատարվում են վերը նշված թույլատվության եւ ագրոկանոններին համաձայն: որը էտման փաստեր չեն հայտնաբերված»,- նշված է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության` «Հետքին» ուղարկած գրավոր պատասխանում:

Խմբագրությունը ահազանգ էր ստացել նաեւ Մոլդովական փողոցի` Հայկի արձանի հարեւանությամբ ծառահատման վերաբերյալ: Այս կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Հետքին» տեղեկացրել են, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար պարոն Մ. Գասպարյանի կողմից 20.10.2009 N 27/01-848 գրությամբ ներկայացվել է չոր եւ վթարային եւ ձեւավորման ենթակա ծառերի հասցեագրված ցանկը, որոնց թվում գույքագրվել են նաեւ Գայի-Մոլդովական փողոցների խաչմերուկի տարածքի չոր թեղի ծառատեսակը:

«Ընդհանուր ցանկին վերաբերվող քաղաքապետարանի բնապահպանության վարչության 30.10.2009 N 17/22464 եզրակացությունը եղել է հետեւյալը` «Չոր ծառերը ենթակա են հատման, պայմանով, որպեսզի փոխարենը լրացվեն նորատունկներով: Թեղի եւ բարդի ծառատեսակները ենթակա են ձեւավորման»,- ասված է գրավոր պատասխանում:

Կենսաբանական գիտությունների թեկնածու, ծառագետ Կարեն Աֆրիկյանն ուսումնասիրել է Հայկի արձանի հարեւանությամբ հատված ծառը եւ եզրակացրել, որ հատման կարիք չկար: «Մեզ մոտ Թեղի տեսակի ծառատեսակից շիրա է կաթում, դա պատճառ է հանդիսանում, որ ասեն, թե ծառը հիվանդ է: Մեզ մոտ բուժման, խնամքի աշխատանքները լավ չեն կատարվում, այդ պատճառով էլ այդ ծառերից միշտ շիրա է կաթում, բայց ծառատեսակը դիմացկուն է: Ես չեմ ուզում որեւէ մեկին մեղադրել, բայց եթե ես լինեի` չէի կտրի: Հնարավոր է, որ այդ ծառը խանգարել է այդ տարածքում որեւէ գործ անելուն»,- ասաց Կարեն Աֆրիկյանը:

Հաճախ ծառահատումների վերաբերյալ քաղաքապետարանից պարզաբանում են, որ ոչ թե հատում, այլ էտում են: Կարեն Աֆրիկյանը բազատրում է, թե ինչպես տարբերել խորը էտը ծառահատումից. «որի էտի դեպքում բնից 50-80 սմ վերեւ ճյուղերը հատում են, դա կոչվում է նաեւ ծառի երիտասարդացում: Ծեր ծառերը խորը էտման կարիք ունեն»:

Ծառագետը մտահոգված է, որ Երեւանում կանաչ տարածքները ավելանալու փոխարեն նվազում են: Պատճառն ինչպես ապօրինի ծառահատումներն են, այնպես էլ ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը: «Քաղաքի կանաչ հատվածներն առանց այդ էլ վատ վիճակում են, բայց հիմա մարդիկ իրենց ճաշակով ձեւավորում են ծառերը, որ ճյուղը դուր չի գալիս, կտրում են, բայց առաջին հերթին պետք է կենսաբանական հատկանիշներով առաջնորդվել: Հիմա լավ մասնագետներ քիչ կան»,-ասաց Կ.Աֆրիկյանը: Կանաչ տարածքների կարեւորությունն ընդգծելու համար նա հիշեցնում է Էկոլոգոնեոսվերային ուսումունասիրությունների արդյունքները: «Պարզվել է, որ Երեւանի հողը այնքան ծանր մետաղներով է ախտոտված, որ գետնից մեկ մետր բարձրության վրա թունավոր օդ է նստած: Սա նշանակում է , որ մինչեւ մեկ մետր հասակ ունեցող երեխաներն այդ թունավոր օդն են շնչում: Դրա համար` մենք պետք է կանաչ հատվածներն ավելացնենք, առանձին օճախներով ծաղկանոցներ սարքենք»,- ասում է ծառագետը:

Հ.Գ. Նախորդ շաբաթ «Հետքը» ահազանգ էր ստացել նաեւ Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղամասում կատարվող ծառահատման վերաբերյալ: Ակտիվ քաղաքացիների շնորհիվ` ծառահատը չէր հասցրել գործն ավարտին հասցնել:

Այս մասին տեղեկացրել էինք Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությանը, որոնց մասնագետները մեկնել էին դեպքի վայր եւ եզրակացրել, որ թեեւ ծառը վնասված է, այնուամանայնիվ, կշարունակի աճել: Բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը «Հետք»-ին հայտնել է, որ ծառը վնասող քաղաքացին տուգանվել է 80 հազար դրամով:

Դեկտեմբեր 02, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր