

«Հրաչյա Այվազյանի և Աշոտ Խաչատրյանի կողմից ինձ պատճառված մարմնական վնասվածքները եղել են դիտավորյալ և բռնի, տևել են բավականին երկար ժամանակ: Այս ամենի հետևանքով ես որպես կին ունեցել եմ և ունեմ նաև շատ ծանր հոգեկան տառապանքներ, քանի որ վերադասը հենց աշխատանքի վայրում առանց որևէ պատճառի ինձ նվաստացրել է, մարմնական և հոգեկան ուժեղ ցավ է պատճառել», գլխավոր դատախազին ուղղված իր բողոքում գրել է 54-ամյա Աիդա Հովհաննիսյանը:
Այս բարետես կնոջն իր աշխատասենյակում ծեծի են ենթարկել բնապահպանության նախարարության բաժնի պետ Հրաչյա Այվազյանն ու նրա տեղակալ Աշոտ Խաչատրյանը, որի հետևանքով կինը մարմնական վնասվածքներ է ստացել և շուրջ 10 օր անաշխատունակ եղել:
«Ձեռքերս ամբողջությամբ կապտուկների մեջ են եղել և դեպքից հետո գտնվել եմ բուժման մեջ, անաշխատունակ եմ եղել»,- պատմում է Աիդա Հովհաննիսյանը, ով բնապահպանության նախարարությունում աշխատում է որպես տեսուչ, ընդ որում միակ կին տեսուչն է:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 10-ին, երբ Աիդա Հովհաննիսյանը պետի` Հրաչյա Այվազյանի աշխատասենյակում իր անհամաձայնությունն է հայտնել վերջինիս կողմից իր աշխատանքին տրված` կառավարչական հմտություններին տիրապետելու ցածր գնահատականների հետ: Նա այս կապակցությամբ իր գրավոր առարկություններն է ներկայացրել, սակայն պետը պարտադրել է, որպեսզի Աիդա Հովհաննիսյանը ստորագրի այդ գնահատականների տակ այնպես, ինչպես ինքն է ներկայացրել, առանց ընդդիմանալու և բողոքելու:
«Իմ օրինական իրավունքի իրականացման ցանկությունը լսելով, միանգամից Հրաչյա Այվազյանը վեր կացավ և անսպասելիորեն հարձակվեց ինձ վրա: Նա ուժգին բռնել էր ձեռքերս, ամբողջ ուժով սեղմում էր և չէր թողնում, քաշքշում էր և միաժամանակ իմ հասցեին հայհոյանքներ էր տալիս, չնայած իմ խնդրանքներին՝ «տղա ջան, ինչ եք անում, խնդրում եմ ինձ բաց թողնել, ես ինձ վատ եմ զգում»:
Սակայն բաց թողնելու փոխարեն երիտասարդ բաժնի պետը օգնության է կանչել իր տեղակալ Աշոտ Խաչատրյանին.
«Ես կարծում էի, որ նա եկել է ինձ օգնելու, սակայն նա էլ իր հերթին հարձակվեց իմ վրա, սկսեց ձեռքերս ուժեղ քաշքշել և երկուսով անցան բռնի գործողությունների…»:
Կնոջը մի կերպ հաջողվում է դուրս պրծնել նրանց ձեռքերից և դուրս վազել պետի աշխատասենյակից: Այս միջադեպի մասին նույն օրը իմացել են նախարարության գրեթե բոլոր աշխատակիցներն, ընդհուպ մինչև նախարար:
«Թևերս բացեցի ու ցույց տվեցի Քամալյանին, հետո գնացի բաժնի աշխատակազմի ղեկավարի մոտ, պատմեցի, չէի հանգստանում, հետո մտել եմ նախարարի մոտ, ինքն էր, տեղակալն էր, նախարարության աշխատակազմի ղեկավարն էլ եկավ, նույնը պատմեցի, զարմացել էին, նախարարն ասաց. թղթերը շպրտեիր իրա վրա, ասեցի կշպրտեի, բայց նա սկսեց հայհոյել…»:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կնոջը խորհուրդ է տվել նախարարության ներքին խոհանոցը դուրս չբերել. «դու ինձ վստահիր, և ես այդ հարցը կկարգավորեմ», խոստացել է նախարարը: Նա տիկնոջ ներկայությամբ հրահանգներ է տվել աշխատակազմի ղեկավարին բացատրություն վերցնել Հրաչյա Այվազյանից, իսկ Աիդա Հովհաննիսյանին հորդորել է զեկուցագիր գրել միջադեպի մասին` ներկայացնելով մանրամասները: Եվ կինը վստահել է նախարարին:
Հաջորդ օրը բաժնի պետ Հրաչյա Այվազյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին հրավիրել են մասնակցել նաև Աիդա Հովհաննիսյանին: Խորհրդակցությունը, որին մասնակցել են մեկ տասնյակից ավելի տղամարդ աշխատակիցներ, նվիրված է եղել միջադեպին:
«Մենք քեզ մատով չենք կպել, դրա համար համապատասխան տեղ կա, դիմիր ոստիկանություն, ոչ մեկն այստեղ ցուցմունք չի տալու, եթե կարողանաս կապացուցես, որ մենք ենք քեզ վնասել, դու ինքդ ես քեզ մարմնական վնասվածքներ հասցրել»,- հայտարարել է բաժնի պետը` վստահ լինելով, որ հարցը կկարգավորի իր օգտին:
Աիդա Հովհաննիսյանն ի պատասխան աշխատակիցներին ցույց է տվել իր կապտուկներով թևերը. «Ասացի, եթե ձեր մեջ կգտնվի մեկը, ով կարող է տղամարդավարի այս հարցի պատասխանը տալ, արտահայտվեք»:
Սակայն տղամարդավարի արտահայտվողներ չեն գտնվել, և հունվարի 14-ին Աիդա Հովհաննիսյանը կատարվածի մասին հայտարարություն է ներկայացրել ոստիկանության կենտրոնական բաժին: Ըստ էության, հետաքննիչ Ս. Աբովյանը իր կատարած քննության ընթացքում չի ժխտել տեղի ունեցածը, կնոջ մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքը, սակայն գտել է, որ բացակայում է քր.օր 118 հոդվածի` ծեծի հատկանիշները, քանի որ «անզգուշությամբ ցավ պատճառելը քրեորեն պատժելի չէ»:
Մերժելով քրեական գործի հարուցումը, քննիչը մեկ այլ անհեթեթ հիմնավորում էլ է բերել. «Աիդա Հովհաննիսյանը փաստարկել է, որ Հրաչյա Այվազյանի և Աշոտ Խաչատրյանի գործողությունների հետևանքով զգացել է ֆիզիկական ցավ և ստացել է մարմնական վնասվածքներ` չնշելով կոնկրետ ոչինչ դրանց պատճառման մեխանիզմների և հաջորդականության մասին»:
Հավելենք նաև, որ ավելի ուշ Հրաչյա Այվազյանը միջնորդություն է ներկայացրել նախարարության աշխատակազմի ղեկավարին, որ, իբր, Աիդա Հովհաննիսյանն է իրեն վիրավորել և պահանջել է կարգապահական պատասխանատվության ենթարկել կնոջը: Այս միջնորդության տակ ստորագրել են բաժնի 8 տղամարդ աշխատակիցներ:
Հենց այս փաստաթուղթը վկայակոչեց բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանը, երբ նրանից փորձում էինք պարզել, թե ինչ միջոցներ է ձեռնարկել նախարարն ու նախարարությունը կնոջ ծեծի փաստը արձանագրելուց հետո, թեև չէր էլ ժխտում, որ տեսել է Աիդա Հովհաննիսյանին դեպքից հետո` կապտուկներով, «բայց ես հո ներկա չեմ եղել»:
Պաշտոնատար անձանց կողմից կանանց ծեծի ենթարկելն ու անպատիժ մնալը, կարծես թե դառնում է սովորական երևույթ: Կանանց ծեծելու մշակույթը, կարելի է ասել, կուսակցական ուղղություն է դառնում և, առայժմ առաջատարը Հանրապետական կուսակցությունն է:
Եթե Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը կնոջը կարող է ծեծել հրապարակայնորեն, Մարիոտ հյուրանոցի սրահում և անպատիժ մնալ, ապա Հրաչյա Այվազյանը, ով հպարտորեն իր կրծքին կրում է հանրապետականի նշանը, առայժմ, իր ղեկավարած բաժնի աշխատակից կնոջը ծեծում է աշխատասենյակում:
Աիդա Հովհաննիսյանն ասում է, որ բողոք է ներկայացնելու նաև հանրապետականների առաջնորդ Սերժ Սարգսյանին, ով օրենքից ու օրինականությունից է խոսում:
Մարտ 14, 2012 at 18:38
