Մեր նախարարները չեն տեսնում եւ չեն լսում, կամ չեն ցանկանում տեսնել եւ լսել

Մեր նախարարները չեն տեսնում եւ չեն լսում, կամ չեն ցանկանում տեսնել եւ լսել

ԷկոԼուր

Զարմանալի ռեակցիա ցուցաբերեցին պետական այրերը  ի պատասխան Սեւանա լճի պահպանման հարցում հասարակայնության եւ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների արտահայտած մտավախության: Հասարակայնությունը հայտարարեց  S.O.S Սեւան: Եւ որպես հիմնավորում բերեց հանրային դիտարկման արդյունքները` Սեւանա լճի աղտոտումը կոյուղաջրերով եւ ծանր մետաղներով, Սեւանի ճահճացումը, ձկնապաշարների անհետացումը, կենսաբազմազանության փոփոխությունը, ձկների տեսակների փոփոխությունը, հանքարդյունաբերական ձեռնարկությունների անօրինական գործունեությունը եւ այլն: ՀՀ Ազգային Ժողովի` «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը կառավարություն – խորհրդարան հարց ու պատասխանի ժամանակ այդ խնդիրների կապակցությամբ մտահոգություն հայտնեց: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցը հասցեագրեց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, սակայն վերջինս մեղադրանքները մերժեց: Նա հայտարարեց, որ Սեւանում ջրի շերտի թափանցիկությունն ավելացել է, ինչը լճի վիճակի բարելավման ցուցանիշ է, որ շուտով Սեւանի ավազանի միանգամից  երեք քաղաքներում կառուցված կլինեն մաքրման կայաններ, եւ որ ջարդող-մանրացնող համալիրը, որը «GeoProMining Gold» ընկերությունը կառուցել է Սոտքում առանց թույլատրող փաստաթղթերի, «Սեւան» ազգային պարկի գոտու մեջ չի մտնում: «Կադրի հետեւում» մնաց նախարարի 2009թ. արված հանդիսավոր հայտարարությունն այն մասին, որ Բնապահպանության նախարարության ջանքերի շնորհիվ  կանգնեցվել է Սեւանին սպառնացող միեւնույն Սոտքում ոսկու կորզման ֆաբրիկայի կառուցումը, որտեղ հիմա տեղակայված է մանրացնող-տեսակավորող համալիրը, այսինքն` արտադրության առաջին մասը:

 Հիշեցնենք, որ 2009թ. Սոտքում արտադրության տեղակայման վերաբերյալ բացասական կարծիք է արտահայտել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի, միաժամանակ Սեւանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը:

 Սեւանա լճի պահպանման պատասխանատվությունը դրված է նաեւ մյուս բարձրաստիճան այրերի` «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ, փոխվարչապետ եւ Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանի, Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետ Արսեն Ավագյանի, Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանի, «Սեւան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Գնդոյանի վրա: Ցուցակը կարելի է շարունակել: 

Մենք ակնկալում ենք, որ նոր S.O.S. Սեւան կոչում նշված խնդիրները անտեսված չեն լինի, եւ որ բացի հանգստացնող եւ ոչնչով չհիմնավորված հայտարարություններից մենք կստանանք Սեւանի վերաբերյալ կառուցողական որոշում:

Հոկտեմբեր 13, 2011 at 11:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր