Պատգամավորը նշում է՝ ՎՏԲ բանկը և ներդրողը չեն կարողանում սկսել Թեղուտի հանքի շահագործումը. Վալլեքսը հակադարձում է

Պատգամավորը նշում է՝ ՎՏԲ բանկը և ներդրողը չեն կարողանում սկսել Թեղուտի հանքի շահագործումը. Վալլեքսը հակադարձում է

ԷկոԼուր

Հունվարի 17-ին ՀՀ Ազգային ժողովում «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արեն Մկրտչյանը հայտարարեց՝ ռուսական ՎՏԲ բանկը և ռուսաստանաբնակ ներդրողը չեն կարողանում սկսել Թեղուտի հանքավայրի շահագործման գործընթացը, քանի որ կա խոչընդոտող դատական գործընթաց:

«Վալլեքսը 380 միլիոն դոլլար վարկ էր վերցրել ՎՏԲ բանկից, և վարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում հիմա հանքի սեփականատեր է հանդիսանում ՎՏԲ բանկը, որն իր հերթին նոր ներդրող է ներգրավվել` ռուսաստանաբնակ հայ գործարարի: Կառավարությունում եղել են մի քանի հանդիպումներ և ձեռք են բերվել բոլոր եռակողմ պայմանավորվածությունները: Սակայն ներկայում ներդրողը և բանկը չեն կարողանում սկսել հանքի շահագործման գործընթացը, քանի որ «Վալլեքս» ընկերությունը դատական հայցով դիմել է դատարան՝ երկու դրվագներով: Առաջինը վերաբերում է «Թեղուտ» ՓԲԸ-ի 4000 դոլլար պարտքին «Վալլեքս» ընկերությանը, որի դիմաց 380 միլիոն դոլլար արժողությամբ ընկերության հաշիվների վրա կալանք էր դրված: Այդ գումարը վճարված է, հավանաբար կալանքը կհանվի: Երկրորդը վերաբերում է սնանկացմանը: Ես չփորձեմ հայցադիմումի մանրամասների մեջ խորանամ սնանկացման մասով, սակայն դա ենթադրում է, որ ներդրողը չի կարող կադրային որևէ փոփոխություններ անել, այդ թվում՝ նշանակել գործադիր տնօրեն և 1200 մարդու աշխատանքի ընդունել, քանի դեռ սնանկացման գործընթացի վերաբերյալ հայցը դատարանը չի վճռել: Այս պահին համբերատար սպասում ենք դատարանի որոշմանը», - ասաց Արեն Մկրտչյանը:

Իր հերթին «Վալլեքս» խումբը տարածել է հաղորդագրություն, որում հակադարձում է պատգամավորին՝ նշելով, որ «Վալլեքս» -ը հայցերի հետ կապ չունի և «Թեղուտ» ՓԲԸ-ից գումար չի պահանջում:

«2018թ-ի հունվարի 15-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում «Թեղուտ» ՓԲԸ դեմ հայցով գործի շրջանակներում «Թեղուտ» ՓԲԸ նախկին աշխատակիցների կողմից իրականացվել են բողոքի գործողություններ և արվել են «Վալլեքս» խմբի անունն անհարկի շահարկող հայտարարություններ։

Արձագանքելով այս առնչությամբ ԶԼՄ և շահագրգիռ հանրության այլ ներկայացուցիչներից  ստացվող հարցումներին՝ հայտնում ենք․

Քննվող դատական հայցերից ոչ մեկը կապված չէ «Վալլեքս» խմբի հետ և «Վալլեքս» խումբը «Թեղուտ» ՓԲԸ դեմ որևէ դատական հայց չի հարուցել։

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրում քննվող դատական գործը, որով այսօր առաջին նախնական նիստն էր, հարուցված է «Թեղուտ» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրեն Սահակ Կարապետյանի՝ «Թեղուտ» ՓԲԸ միակ բաժնետիրոջ և խորհրդի որոշումները ոչ իրավաչափ և անվավեր ճանաչելու և որպես դրա հետևանք իրեն «Թեղուտ» ՓԲԸ խորհրդի անդամ ու գլխավոր տնօրեն վերականգնելու պահանջների մասին մասնավոր հայցով։

Նշված դատական հայցերի ընթացքը ոչ մի կերպ չի խոչընդոտում Թեղուտի լեռնահանքային համալիրի հնարավոր վերագործարկումը:

«Վալլեքս» խումբը նաև հայտնում է, որ ՀՀ քաղաքացի Սահակ Կարապետյանի կողմից հարուցված հայցերի վերաբերյալ տեղեկատվությունը զետեղված է ՀՀ դատական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում՝ www.datalex.am: Համաձայն նույն  տեղեկատվական բազայում զետեղված բաց տեղեկատվության, «Թեղուտ» ՓԲԸ դեմ հարուցված՝ «Վալլեքս» խմբի հետ որևէ կապ չունեցող, դատական գործերից մեկով էլ, դատարանը շուրջ 2 մլն ՀՀ դրամի հետ կապված պահանջով, հայցի ապահովում է կիրառել «Թեղուտ» ՓԲԸ դեմ՝ արգելելով կատարել որոշակի գործողություններ, որոնք, սակայն, նորից չեն վերաբերում Թեղուտի լեռնահանքային համալիրի հնարավոր վերագործարկմանը։

Ի պատասխան ցուցարարների կողմից հնչեցված հայտարարությունների, հայտնում ենք, որ «Վալլեքս» խումբը «Թեղուտ» ՓԲԸ-ից որևէ գումար չի պահանջում, իսկ 2018 թվականի սեպտեմբերին, երբ ՎՏԲ Բանկը տիրացավ «Թեղուտ» ՓԲԸ բաժնետոմսերին և աշխատանքից ազատեց գլխավոր տնօրենին, «Թեղուտ» ՓԲԸ հաշվարկային հաշիվներին եղած գումարների մնացորդը կազմում էր շուրջ 3,5 մլն ԱՄՆ դոլար և տարակուսելի է այն փաստը, թէ ինչու «Թեղուտ» ՓԲԸ նոր ղեկավարությունը ժամանակին չի մարել ընդամենը 2 մլն դրամի կամ շուրջ 4000 դոլարի պարտավորությունը՝ կանխելով իրավիճակի սրացումը:

Շահագրգիռ հանրության շրջանում թյուրըմբռնումների տարածումը կանխելու նպատակով ևս մեկ անգամ ընդգծում ենք․ «Վալլեքս» խումբը նշված հայցերի հետ որևէ կապ չունի և «Թեղուտ» ՓԲԸ-ից որևէ գումար չի պահանջում», - ասված է «Վալլեքս» -ի հայտարարության մեջ։

Հավելենք, որ 2018 թ-ի դեկտեմբերին  ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ԷկոԼուրի հետ զրույցում ասել էր, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի նախկին շահագործող «Վալլեքս» խմբի և ռուսական ՎՏԲ բանկի միջև միջազգային դատարաններից մեկում դատական գործ է ընթանում, որը կապված է «Վալլեքս»-ի՝ ՎՏԲ բանկի նկատմամբ ունեցած պարտքերի հետ:

2018 թ-ին՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները, նաև դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը տեղի բնակիչներին խոստացել էին, որ Թեղուտի հանքավայրը կվերագործարկվի, առանց աշխատանքի մնացած բնակիչները կրկին աշխատանք կունենան: Փաշինյանը նշել էր՝ ամեն ինչ կանեն, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները ևս աշխատանքի անցնեն Թեղուտի ծրագրի շրջանակներում: «Երբ Թեղուտի պոչամբարի պատվարը վերականգնվի, հանքավայրը պետք է սկսի աշխատել», - հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: Այս հայտարարությունից հետո Տիգրան Ավինյանի հետ զրույցից պարզ դարձավ, որ խոստումները կրում են բանավոր բնույթ, փաստաթղթով ամրագրված որևէ պայմանավորվածություն չկա: Այժմ էլ պարզ է դառնում, որ չկա նաև գործընթաց, լուծված չէ պոչամբարի հարցը, որի անկայուն վիճակը մեծ սպառնալիք է ազդակիր Շնող համայնքի բնակիչների և Լոռու բնության համար:

Ընկերությունը, որին որպես ներդրող ներգրավվել է ՎՏԲ բանկը՝ «Ռուսական պղնձի ընկերությունն» է: Այս ընկերության պաշտոնական կայքում Թեղուտի մասին որևէ հիշատակում չկա: Լռում է նաև ՎՏԲ-ն: Տեղեկատվություն չկա նաև ռուսաստանաբնակ գործարարի՝ Նորայր Պետրոսյանի մասին, ով ստանձնել է հանքավայրը վերաբացելու պատասխանատվությունը: «Ռուսական պղնձի ընկերության» վերաբերյալ էլ համացանցում առկա է տեսանյութ (տես ներքևում), թե ինչպես են ընկերության աշխատակիցները Չելյաբինսկում խոչընդոտում բնակիչների մուտքը հանրային լսումների դահլիճ, ծեծում ակտիվիստներին:

Այսպիսով, Թեղուտի ծրագրի հարցը շարունակում է օդում կախված մնալ, ինչպես նաև հարցը՝ ով պետք է վերացնի 3 տարվա կյանք ունեցած հանքավայրի բնապահպանական, սոցիալական բացասական հետևանքները:

Նշենք, որ 2018 թ-ի ամռանը չեխ մասնագետները Լոռու մարզում անցկացրել էին ուսումնասիրություն և պարզել, որ Շնող գետի՝ «Թեղուտ» ՓԲԸ-ի պոչամբարից ներքև գտնվող հատվածի հատակի նստվածքից վերցված նմուշներում պղնձի և մոլիբդենի պարունակությունը համապատասխանաբար 6 և 17 անգամ ավելի բարձր է, քան պոչամբարից վերև գտնվող գետի հատվածում: Աղտոտման աղբյուրը Թեղուտում հանքարդյունաբերական գործունեությունն է, ինչպես նաև Թեղուտի պոչամբարից արտահոսքերը: Ուսումնասիրության արդյունքների հիման վրա ընդունվել է բանաձև և ուղարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Արձագանք կառավարությունից դեռ չկա:



18:29 Հունվար 18, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news