Թեղուտի ծրագրի շրջանակներում քանի հեկտար տարածքում է անտառ հատվել և քանիսում տնկվել, պատասխանում է «Վալլեքս»-ը

Թեղուտի ծրագրի շրջանակներում քանի հեկտար տարածքում է անտառ հատվել և քանիսում տնկվել, պատասխանում է «Վալլեքս»-ը

ԷկոԼուր

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման մեկնարկից մինչ օրս հատվել է շուրջ 223.2 հեկտար անտառ, տնկվել` 562 հեկտար անտառ, որից 31 հա-ը՝ այգետունկի ծրագրի շրջանակում: Տնկված անտառի միջին կպչողականությունը 2017թ. աշնանային գույքագրման տվյալներով միջինը կազմել է 61%:  Անտառպատման աշխատանքներն իրականացվել են Լոռու մարզի Թեղուտ, Շնող, Օձուն, Լեռնահովիտ, Արջուտ համայնքների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայության հողերում: Այգետունկի ծրագիրն իրականացվում է Լոռու մարզի Շնող համայնքի հողերում: Այս մասին  ԷկոԼուրի հարցմանն ի պատասխան նամակով հայտնեց «Վալլեքս» խմբի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հիշեցնենք, որ Թեղուտի ծրագրի մոնիտորինգի ընթացքում ԷկոԼուրն արձանագրել է  Թեղուտի ծրագրի շրջանակներում անտառատնկման  աշխատանքների ձախողումներ, ինչն ընկերությունն ընդունել է:

1) Անտառային պատմություններ` ինչպես է «Թեղուտ» ՓԲԸ-ն անտառ տնկել (Լուսանկարներ) 

2) «Վալլեքս» խմբի ընկերությունների պատասխանը, թե ինչու Շնողում անտառ չեն տնկել 

3) «Վալլեքս» խմբի ընկերությունների պատասխանը անտառտնկումների վերաբերյալ:

Թեղուտի ծրագրի համաձայն` պետք է հատվի 357 հա անտառ, փոխարենը տնկվի 714 հա անտառ: Սակայն 2015թ-ի օգոստոսի 4-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը համատեղ հրաման են ստորագրել, որով թույլ են տվել «Թեղուտ» ՓԲԸ-ին 714 հեկտար ընդհանուր մակերեսով անտառապատման համար նախատեսված տարածքից 180 հա տարածքում՝ Շնող և Թեղուտ համայնքներում, պտղատու այգիներ հիմնել: Այգի հիմնելու հիմնական պատճառը եղել է Թեղուտում և Շնողում ազատ հողատարածքների բացակայությունը. մարդիկ թույլ չեն տվել իրենց սակավ արոտավայրերում անտառապատում իրականացնել: Փոխհամաձայնություն է ձեռք բերվել անտառի փոխարեն որոշ սեփականատերերի հողատարածքներում այգիներ տնկել: Սա մասնագետները համարում են նախագծային շեղում:

Նշենք, որ ՀՀ կառավարության կողմից 2007-ի օգոստոսի 30-ին ընդունված «Պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1045-Ն որոշման 8.1 կետով օգտագործման տրամադրվող անտառային տարածքի դիմաց տնտեսվարողը պետք է առնվազն կրկնապատիկ անտառապատման աշխատանքներ իրականացնի: Իսկ այգին անտառ չէ: Մյուս կողմից, մարդկանց առողջության համար վտանգավոր է ծանր մետաղներով աղտոտված տարածքում աճեցված գյուղմթերքի օգտագործումը: ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի 2017թ-ի երրորդ եռամսյակի տեղեկանքի համաձայն` Դեբեդ և Շնող գետերը, որոնցով ոռոգում են իրականացնում Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչները, ունեն աղտոտվածության ամենաբարձր 5-րդ աստիճանը: Ծանր մետաղներից Դեբեդում բարձր է եղել  մոլիբդենը և երկաթը: Շնող գետում ևս բարձր է մոլիբդենի պարունակությունը: Աղտոտված են նաև տեղի գյուղատնտեսական նշանակության հողերը: «Անգամ ընկերության կողմից արված գյուղատնտեսական նշանակության հողի նմուշառման արդյունքում պարզ է դարձել, որ մեր հողերն աղտոտվել են, և պղնձի, կադմումի, մկնդեղի, ցինկի պարունակությունը հողում նորմայից բարձր է»,- նշված է ՀՀ բնապահպանության նախարարությանն ուղղված Շնողի բնակիչների նամակում, որով պահանջում էին,  որպեսզի ՀՀ բնապահպանության նախարարությունը «Թեղուտ» ՓԲԸ-ին հետ վերադարձնի Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատի (ներառյալ հանքավայր) մինչև 15մլն.տ/տարի ընդլայնման նախագիծը, որպեսզի «Թեղուտ» ՓԲԸ-ն վերացնի արտահոսքերն ու արտանետումները և դրանց հետևանքները, փոխհատուցի շրջակա միջավայրին և ազդակիր համայնքներին պատճառված վնասը:

17:29 Հունվար 26, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news