ՇՆՈՂՑԻՆԵՐԸ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ VALLEX GROUP-Ը ԽԱԽՏԵԼ Է ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ՇՆՈՂՑԻՆԵՐԸ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ VALLEX GROUP-Ը ԽԱԽՏԵԼ Է ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Վիկտորյա Բուռնազյան, ԷկոԼուր

«Խախտվել է մեր իրավունքը, եւ պարտադրվել է գին, որը կապ չունի շուկայական գնի հետ»,- ասաց Շնողի բնակիչ Վարդան Վարդանյանը Թեղուտում Vallex Group ընկերության կազմակերպած միջոցառման ժամանակ:

Նոյեմբերի 14-ին Vallex Group ընկերությունը Թեղուտում կազմակերպել էր մի շարք միջոցառումներ՝ ծառատունկ, այցելություն պատմամշակութային հուշարձաններ, Vallex Group ընկերության  ներկայացուցիչների ելույթներ, «Թեղուտ. զավակների հացը» ֆիլմի քննարկում:

Միջոցառմանը մասնակցեցին Երեւանի ԲՈՒՀ-երի ուսանողներ եւ դասախոսներ, Թեղուտ եւ Շնող համայնքների բնակիչներ, Ալավերդու Օրհուս կենտրոնի, «էկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի, Թեղուտի պաշտպանության խմբի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:   

Ռեժիսոր Տիգրան Պասկեւիչյանի նկարահանած  «Թեղուտ. զավակների հացը» ֆիլմում ներկայացված էին Թեղուտի հանքավայրի շահագործման հետ կապված խնդիրներ՝ գյուղացիների բողոքը, բնությանը հասցվող վնասները:

Vallex Group ընկերության նախագահի օգնական Վահրամ Ավագյանը գնահատականով ֆիլմն անկողմնակալ չէ: Ըստ լրագրող Հրաչյա Պապինյանի՝ «ընկերությունը մեղադրվեց գյուղացիներից հողերը խլելու և պայմանագրեր չկազմելու համար»:

Ի պատասխան՝ «Թեղուտ» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Պապոյանն ասաց, որ ընկերությունը 345 տնտեսության հետ կնքել է պայմանագրեր եւ ձեռք է բերել հողեր:

Հողերի գնի չափի վերաբերյալ Ռ. Պապոյանը ասաց. «1քմ՝ 70-ից մինչեւ 100 դրամ: Էս հողերի գինը, չգիտեմ ինչի, շատ շատերի համար շահարկման առարկա է դարձել: Իրականում ես, որպես տարածաշրջանի բնակիչ, ցավում եմ, որ իմ ունեցած այգին էլ այդ կարգի գին ունի»:

Շնողցի Վարդան Վարդանյանը տվեց իր պարզաբանումները: «Շուկայական տնտեսության անցած երկրներում համար առաջին պաշտպանող իրավունքը սեփականտիրոջ իրավունքն է: Էսօր մեր մոտ կա մի սեփականատեր, մի բացառություն, ով գերակա իրավունք ունի ուրիշ այլ սեփականատերերի նկատմամբ,-ասաց Վ. Վարդանյանը` - Ցանկացած բացառություն իրավունքի խախտում է, իսկ այստեղ չկան հավասար իրավունքներ: Շուկայական արժեքն ի՞նչ ձեւով է որոշվել` 7 անգամ, 8 անգամ ցածր գին է կադաստրային արժեքից»: Ընկերության առաջարկին՝ փոխանակել հողը ավել մեծ հողակտորի հետ, Վ. Վարդանյանն ասաց. «Ես ունեմ հողամաս, որից դժգոհ չեմ»: Նա նաեւ նշեց, որ հողերի գնահատումն ընկերության պատվերով իրականացրել է Օլիվեր գրուպը, եւ մյուս բոլոր նմանատիպ ընկերությունները վախեցել են գյուղացիների հողերը գնահատելուց. «Ուրիշ գնահատող, բոլորն էլ վախենում են գան, որովհետեւ իրենց ամեն ինչը, բոլոր գնահատողները կոորդինացնում են Օլիվեր գրուպի հետ: Ամենահեղինակավոր գնահատողը նրանք են: Ոչ մեկը չի ուզում Օլիվեր գրուպի դեմ դուրս գալ»,-ասաց Վ. Վարդանյանը:

«Դպրոցում եւ համալսարանում մեզ սովորեցնում են հավատարիմ մնալ մեր հին պատմությանը, մեր արմատներին: Հիմա էս մարդն ուզում է մնալ իր արմատներին հավատարիմ, իր ծնողներն այդտեղ հողը մշակել են, այդտեղ ապրել են, ինչի՞ եք ուզում, որ իրենք իրենց հողից հրաժարվեն»,- ընկերությանը դիմեց ուսանողներից մեկը:

Վահրամ Ավագյանի այն հայտարարության, որ ընկերությունը գործում է՝ հանրային շահերից ելնելով,  դեմ դուրս եկավ Թեղուտի պաշտպանության խմբի ներկայացուցիչ Վարդան Հովհաննիսյանը. «Ինչ խոսք կարող է լինել հանրային շահի մասին, երբ մեկ շաբաթում մենք 5000 ստորագրություն ենք հավաքել Թեղուտի ծրագրի իրականացման դեմ»: 

Այն հարցին, թե ընկերությունն ունի այնպիսի պլաններ, որ հանքի շահագործումից հետո գյուղացիներն անգործ չմնան, Վ. Ավագյանը պատասխանեց, որ ինչպես Դրմբոնում, այնպես էլ Թեղուտում զարգացնելու են զբոսաշրջությունը:
 
«Անահիտ» կանանց միություն հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Փարեմուզյանը նշեց. «Ամբողջ Թումանյանի տարածաշրջանում 2 պոչամբար Մղարթում կա, 3 պոչամբար Ախթալայում, մի 2 պոչամբար այստեղ պիտի լինի, մի պոչամբար Մադանի տակին կա, այ ախպեր ջան, այս Թումանյանի տարածաշրջանը սարքեցիք պոչամբարների երկիր, ու այստեղ զբոսաշրջությու՞ն եք զարգացնելու»:

Ալավերդու երիտասարդական միության նախագահ Արմեն Աբգարյանը կոչ արեց «բոլոր այն չակերտավոր Թեղուտի պաշտպաններին, ովքեր լավ չպատկերացնելով գյուղացու կյանքը, իրենց համար նախասիրություն են ստեղծել, իրենց համար հոբբի են ստեղծել` տարբեր դիրքերից շահարկել Թեղուտի թեման, իրենց նոթբուքերի առաջ նստած Թեղուտ պոիսկ տալ», լավ ծանոթանան Թեղուտի ծրագրի ե'ւ դրական, ե'ւ բացասական կողմերին, նոր ապա եթե բան ունեն ասելու, ասեն,իսկ եթե ոչ, ապա.  «մի փորձեք էգոիստ գտնվել եւ մեզանից ավելի մեր մասին մտածել»,- ասաց Արմեն Աբգարյանը լոռեցի մի շարք երիտասարդների ծափողջույնների ներքո:

Վահրամ Ավագյանն իր անհամաձայնությունը հայտնեց  Vallex Group-ին սատարող երիտասարդի քննադատությանը՝ ասելով. «Ես համաձայն չեմ այս աստիճանի ծայրահեղ քննադատության հետ: Թեղուտի ծրագրի նկատմամբ քննադատաբար տրամադրված կազմակերպություններն ու անձինք իրականում շատ լավ ծառայություն են մատուցել ծրագրին»:

Դեկտեմբեր 01, 2009


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news