ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄՆ Ի ԶՈՐՈՒ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԹԵՂՈՒՏԻ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ, ԿԱՐԾՈՒՄ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԻՉԸ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄՆ Ի ԶՈՐՈՒ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԹԵՂՈՒՏԻ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ, ԿԱՐԾՈՒՄ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԻՉԸ

ԱրմԻնֆո

«Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բոլոր բացասական հետևանքների թվում կա Հայաստանի համար միայն մեկ լուսավոր կետ. կարծում եմ, մեզ կհաջողվի փրկել Թեղուտը, և նոր հանքավայրն այդպես էլ չի շահագործվի»: «ԱրմԻնֆո»-ի թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը` մեկնաբանելով ԱԺ ներկայացված 2009 թվականի Հայաստանի բյուջեի նախագիծը:

«Չեմ կարծում, թե մենք մեծ կորուստներ կկրենք, քանի որ անգամ Թեղուտի շահագործման դեպքում պետբյուջեի տարեկան մուտքերը հարկերի տեսքով չեն գերազանցի 10 մլն դոլարը: Սակայն մեր սխալը նաև այն է, որ մենք չենք փորձում ստանալ վերջնական արտադրանք, վաճառելով միայն գործնականում անմշակ հանքաքար, քանի որ հանքաքարի հարստացումը մեզ մոտ ենթակա է ԱԱՀ հարկման, և ստեղծվում է տարօրինակ իրավիճակ, երբ մեզ համար ավելի ձեռնտու է հանքաքարը խտանյութի տեսքով արտահանել արտասահմանում մշակելու համար, քան մշակել տեղում: Այդ համատեքստում անցյալ տարի լեռնահանքային արդյունաբերության բաժինը արդյունաբերական արտադրանքի ընդհանուր 12 տոկոս ծավալում կազմել է ընդամենը 11 տոկոս», - նշել է նա: Պատգամավորի կարծիքով, Հայաստանի բյուջեն այնքան էլ կախված չի լինի հանքաքարի և այլ հումքի արտահանումից, ինչպես դա ոմանց թվում է, քանի որ դրա գները չափազանց նվազել են և շարունակում են իջնել: «Ես այլ բանում են խնդիր տեսնում. գներն իջնում են, համապատասխանաբար կնվազեն նաև արտադրության ծավալները, իսկ դա անխուսափելիորեն կհանգեցնի աշխատատեղերի կրճատման: Իմ տեղեկությունների համաձայն, դա արդեն տեղի է ունեցել որոշ ձեռնարկություններում, այդ թվում` Ալավերդու գործարանում», - ամփոփել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ Թեղուտի տարածքում մշակվում է հանքավայր, որի շահագործման իրավունքը պատկանում է «Armenian Copper Programme» ընկերությանը: Հանքավայրի շահագործման ծրագրի իրացումը ենթադրում է 58 հազար խմ ծառահատում, և բնապահպան կազմակերպությունների և կառավարության միջև Թեղուտի շուրջ տևական գոտեմարտն ավարտվել է վերջինիս հաղթանակով:

Նոյեմբեր 10, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր