ԷկոԼուր
Թեղուտի հանքավայրը վերագործարկելու մասին նոր պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական ՎՏԲ բանկի, «Ռուսական պղնձաձուլական ընկերության» և Հայաստանի կառավարության միջև: Հանքավայրը վերաբացելու պատասխանատվությունը ստանձնել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար Նորայր Պետրոսյանը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Աղբյուրի համաձայն` գործարար Նորայր Պետրոսյանը և ՀՀ վարչապետի պաշտոնակատարի օգնական Արեն Մկրտչյանը նոյեմբերի 26-ին Ալավերդի քաղաքում հանդիպել են Թեղուտի գործազուրկ դարձած աշխատակիցների հետ։ Նորայր Պետրոսյանը աշխատակիցներին վստահեցրել է, որ նրանք շուտով աշխատանքի վերադառնալու համար ծանուցումներ կստանան:
Մեր կողմից նշենք, որ ոչ ՎՏԲ բանկի, ոչ «Ռուսական պղնձաձուլական ընկերության» կողմից Թեղուտի հանքավայրի վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն արված չէ: Ավելին, «Ռուսական պղնձաձուլական ընկերության» պաշտոնական կայքում Թեղուտի մասին ոչ մի հիշատակում չկա: Ընկերության ակտիվներում նշված է 10 ձեռնարկություն, որոնք գործունեություն են ծավալում Ռուսաստանում և Ղազախստանում: Ընկերության հիմնադիրը և հիմնական սեփականատերը Իգոր Ալտուշկինն է:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի օգնական Արեն Մկրտչյանի խոսքերով` ընկերությունը երկար ուսումնասիրություններ, տնտեսական հաշվարկներ է կատարել և որոշել, որ հանքավայրը կարելի է վերագործարկել։
Նորայր Պետրոսյանը շեշտել է, որ կառավարության հետ ունեցած պայմանավորվածությունների համաձայն, բոլոր դեպքերում, պատրաստ են հանքը վերաբացել:
«Ազատություն» ռադիոկայանը նշում է, որ լոռեցիները մտավախություն ունեն, թե սա ընդամենը նախընտրական քարոզչություն է։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի օգնական Արեն Մկրտչյանը վստահեցրել է` պայմանավորվածությունները հստակ են, իսկ նախընտրական քարոզչության վերաբերյալ տարածված լուրերը՝ կեղծ։
Թեղուտի բացահանքի լուսանկարը վերցված է «Վալլեքս»-ի կայքից
Նոյեմբեր 27, 2018 at 12:51