Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը բացասական ազդեցություն է ունեցել Թեղուտ և Շնող գյուղերում սոցիալական վիճակի վրա

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը բացասական ազդեցություն է ունեցել Թեղուտ և Շնող գյուղերում սոցիալական վիճակի վրա

ԷկոԼուր

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը բացասական ազդեցություն է ունեցել Թեղուտ և Շնող գյուղերում սոցիալական վիճակի վրա: Սա «Համայնքային փոխօգնություն» սոցիալական հասարակական կազմակերպության ղեկավար, սոցիոլոգ Անահիտ Մկրտչյանի ուսումնասիրության եզրակացություններից է:

Ուսումնասիրությունն անցկացվել է Լոռու մարզի Շնող և Թեղուտ գյուղերի բնակիչների շրջանում մարտի 1-ին և 2-ին, «Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում» ծրագրի շրջանակներում:

Ուսումնասիրության մեջ մասնավորապես նշված է.
«Ա. Թեղուտի հանքի շահագործման` սոցիալական բացասական ազդեցությունները բնակչությանը տեսանելի են, և դրանք էականորեն ազդել են նրանց հողատարածքների քանակի և արտադրանքի որակի վրա, բնակչության առողջության վրա:

Բ. «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից վնասների կանխարգելման ու հաղթահարման աշխատանքներն իրականացվել են անբավարար չափով:

Գ. «Թեղուտ» ՓԲԸ-ն ընդգրկված չէ «Ընկերություննների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում, ինչը ենթակա է շտկման, որը բնակչությանը հնարավորություն կտա օգտվել բնապահպանական հարկերից և փորձել հաղթահարել հանքի ազդեցության բացասական հետևանքները:
Դ. Միջին վիճակագրական բնակչի իրազեկվածության և իրավական գրագիտության մակարդակը բավարար չէ ԱՃԹՆ գործընթացներում լիարժեք ընդգրկվելու և հաջողություններ արձանագրելու համար»:
Այսպիսով` ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ «...Բնակչության կողմից մթնոլորտային օդին, ջրին, հողին հասցված ակնհայտ վնասները կապվում են հատկապես անտառային աղբյուրների անհետացման, ոռոգման ջրի աղտոտվածության հետ: Ավելին, միայն այսօր են մեր զրուցակից գյուղացիները զղջում իրենց գյուղատնտեսության նշանակության հողերի, արոտավայրերի կորստի համար, որով պայմանավորված նրանք զրկվել են եկամտի աղբյուրից՝ նախկինում ունեցած անասնապահության, հացահատիկների, տեխնիկական,բանջարաբոստանային կուլտուրաների արտադրանքի հնարավորություններից:

Բնակիչների առջև «Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեությունը հաշվետու դարձնելու ուղղությամբ բնակիչները կատարել են կազմակերպչական առաջարկություններ, որոնց հետ հաշվի նստելը մեծապես կավելացներ ողջ Թեղուտի ծրագրի արդյունավետությունը և կայունությունը:

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ

• Հանքի գործունեության դրական և բացասական սոցիալական ազդեցությունների վերաբերյալ բնակչության տեղեկացվածության մակարդակը և այն ապահովող տեղեկատվության աղբյուրներ:
• Հանքի ազդակիր համայնքի մթնոլորտային օդին, ջրին, հողին հասցված վնասների բնակչությանգնահատականները:
• Բնակիչների` սեփական իրավունքների մասին իրազեկվածությունը` հանքի շահագործման վնասների կանխարգելման և հետևանքների հաղթահարման ուղիների վերաբերյալ:
• ԱՃԹՆ գործընթացներում բնակչության ընդգրկվելու հնարավորությունները:

Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցույամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Ապրիլ 25, 2019 at 20:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր