«Թեղուտ» ՓԲԸ-ն նախատեսում է շահագործել Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի երկրորդ հերթի բացահանքը

«Թեղուտ» ՓԲԸ-ն նախատեսում է շահագործել Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի երկրորդ հերթի բացահանքը

«Թեղուտ» ՓԲԸ-ն նախատեսում է շահագործել Լոռու մարզի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի երկրորդ հերթի բացահանքի տարածքը: Ընկերությունը Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել բացահանքի շահագործման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտը: Հայտի վերաբերյալ հանրային քննարկման երկրորդ փուլը կանցկացվի 2021թ. սեպտեմբերի 2-ին` ժամը 12:30-ին, Լոռու մարզի Շնողի  համայնքապետարանում: 

Շնողի համայնքապետարանի պաշտոնական կայքում առաջին հանրային լսումների վերաբերյալ տեղեկություն չգտանք: Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց, որ առաջին հանրային լսումն անցկացվել է մի քանի ամիս առաջ, մասնակցել են թե՛ ՏԻՄ-ի ներկայացուցիչներ, թե՛ բնակիչներ: «Առաջին հանրային լսումը ծանոթություն էր, մի քանի հարցեր կար, որ բարձրացրել ենք: Նորմալ քննարկում էր, օբյեկտիվ»,- նշեց նա:

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը շահագործվում է «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից 2013թ. փետրվարի 20-ի օգտակար հանածոյի արդյունահանման ՇԱԹՎ-29/376 թույլտվության շրջանակերում: Թույլտվության գործողության ժամկետը սահմանվել է 2001-2026թթ. համար: ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի N1278-Ն որոշմամբ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով՝ «Թեղուտ» ՓԲ ընկերությանը 50 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրվել է բացահանքի տակ ընկնող 200.9 հա տարածքը: Նախատեսվող գործունեությունն իրականացվելու է վերը նշված 200.9 հա տարածքի սահմաններում:  «Թեղուտ» ՓԲ ընկերության ԼՎ-376 լեռնահատկացման մակերեսը կազմում է 1544.6հա: Լեռնահատկացման սահմաններում տեղաբաշխված են հանքի և հարստացուցիչ համալիրի հիմնական ու օժանդակ օբյեկտները:

Երկրորդ հերթի բացահանքի շահագործման դեպքում արտադրողականության աճ չի նախատեսվում: Ընկերությունը շարունակելու է տարեկան արդյունահանել 7 միլիոն տոննա հանքաքար: Արդյունահանվող հանքաքարի պաշարները վերջնական եզրագծի սահմաններում  կազմելու են մոտ 110 միլիոն տ: 

Ըստ հայտի՝ հանքավայրի մնացորդային պաշարները 01.01.2021թ-ի դրությամբ կազմում են՝ 890մ հորիզոնից վերև՝ հանքաքար B+C1 պաշարների կարգով՝ 105384.1 հազ. տ, C2 կարգով՝ 5000.0 հազ. տ, պղինձ B+C1 պաշարների կարգով՝ 288.5 հազ. տ, C2 կարգով՝ 12.0 հազ. տ, մոլիբդեն B+C1 պաշարների կարգով՝ 10923.3 տ, C2 կարգով՝ 200.0 տ, ծծումբ B+C1 պաշարների կարգով՝ 3909.9 հազ. տ, C2 կարգով՝ 172.5 հազ. տ, ոսկի C2 կարգով՝ 1380.3 կգ, արծաթ C2 կարգով՝ 90.4 տ, ռենիում C2 կարգով՝ 13.2 տ: 890մ հորիզոնից ներքև պաշարները կազմում են՝ հանքաքար՝ B+C1 պաշարների կարգով՝ 293900.0 հազ. տ, C2 կարգով՝ 2900.0 հազ. տ, պղինձ B+C1 պաշարների կարգով՝ 955.0 հազ. տ, C2 կարգով՝ 9.0 հազ. տ, մոլիբդեն B+C1 պաշարների կարգով՝ 68800.0 տ, C2 կարգով՝ 700.0 տ, ծծումբ B+C1 պաշարների կարգով՝ 11004.8 հազ. տ, C2 կարգով՝ 90.4 հազ. տ, ոսկի C2 կարգով՝ 3087.1 կգ, արծաթ C2 կարգով՝ 196.3 տ, ռենիում C2 կարգով՝ 29.2 տ:

Երկրորդ հերթի ընդլայնված բացահանքի շինարարության և շահագործման ընթացքում կխախտվի լեռնահատկացման ակտով սահմանազատված շուրջ 76 հա տարածք, որտեղ, ըստ նախնական գնահատման, առկա է անտառային դարչնագույն հողերի շուրջ 380.0 հազ. խմ բերրի շերտ: Ներկայիս դրությամբ առաջին հերթի բացահանքի շահագործման արդյունքում արդեն իսկ խախտված է շուրջ 220 հա տարածք:

Երկրորդ հերթի ընդլայնվող բացահանքի համար հայցվող տարածքները ներառված են ՀՀ պետական կառավարման լիազոր մարմինների հետ համաձայնեցված և «Թեղուտ» ՓԲ ընկերության կողմից հատվելիք 357 հա անտառածածկ տարածքների սահմաններում: Անտառածածկ լրացուցիչ տարածքներ ընդլայնված բացահանքի շինարարության և շահագործման ընթացքում չեն խախտվելու:

Մակաբացման ապարների ծավալը կազմելու է մոտ 80000.0 հազ. խմ: Մակաբացման ապարները տեղավորվելու են բացահանքի հարավ-արևմտյան մասում ընկած Դուքանաձոր գետի կիրճում: Լցակույտերի համար նոր տարածքների օտարում չի նախատեսվում, կատարվելու է լցակույտերի բարձրացում:

Հայտում անդրադարձ չկա պոչամբարային տնտեսության անվտանգության հարցերին: Հիշեցնենք, որ Թեղուտի պոչամբարի պատվարի կայունության վերաբերյալ բուլղարական «Գեոտեխմին» ընկերությունը հետազոտություն իրականացրեց, որի արդյունքները մինչ օրս հանրության համար անհայտ են:

Երկրորդ հերթի բացհանքի շահագործման արդյունքում բացահանքից մթնոլորտային օդ կարտանետվի 33.4529 տ/տարի հանքաքարի փոշի, լցակույտից՝ 150.2033 տ/տարի անօրգանական փոշի:

Բացահանքի արտադրական կարիքների համար 406.0 հազ. խմ/տարեկան թարմ ջրի ջրառ է իրականացվելու Դեբեդ գետից, կենցաղային կարիքների համար 3.5 հազ. խմ/տարեկան ջրառ՝ «ԱլավերդիՆոյեմբերյան» ջրատարից: 

Նախատեսվում է բացահանքի տարածքից «БИОКС-30Б» մակնիշի ինքնավար կենսաբանական կայանում մաքրված 2800 խմ/տարեկան ծավալով պարզվածքի արտաթողում Փիջուտ գետ:

Սեպտեմբեր 01, 2021 at 17:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր