Օրերս Լոռու մարզի Թեղուտ բնակավայրում տեղի ունեցավ Թեղուտի ակտիվ բնակիչների հանդիպումը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի, Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի և Թեղուտ բնակավայրի վարչական ներկայացուցիչ Ֆռունզ Աղեկյանի հետ: Հանդիպումն ի սկզբանե նախատեսված էր եռակողմ ձևաչափով՝ «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարության մասնակցությամբ: Սակայն հանդիպման օրը պարզվեց, որ մարզպետը, պատգամավորն ու ՏԻՄ-ի ներկայացուցիչներն առանց բնակիչների արդեն իսկ հանդիպել են ընկերության ղեկավարության հետ:
«ԷկոԼուրի» հետ զրույցում մարզպետի հետ հանդիպմանը մասնակցած Թեղուտի բնակիչ Մարտին Շախկյանը նշեց, որ ընկերության հետ տեղի ունեցած հանդիպումից իրենց մանրամասներ չեն հայտնել: «Ասացին՝ խոսել ենք ընկերության ղեկավարության հետ, նրանք էլ ասել են, թե մտածում ենք այդ ամենի շուրջ, կփորձենք աջակցել, հետևողական կլինենք: 2019թ-ից նույն խոսքերը, նույն նախադասություններն ենք լսում, չորս տարի է անցել՝ նույն բանն են ասում»,- նշեց նա:
Մարտին Շախկյանի խոսքով` հանդիպման ժամանակ շահարկվեց այն միտք, թե թեղուտցիները հայտարարում են, որ ընկերությունն այլ վայրերից աշխատանքի ոչ ոքի չպետք է ընդունի: Մինչդեռ Մարտին Շախկյանը նշեց, որ համատեքստն այլ է. «Մենք ասում ենք, որ մեծ գին ենք վճարել ընկերության ստեղծման համար՝ կորցրել ենք սեփական հողերը, աշխատատեղը, կորցրել ենք գյուղի արոտավայրերը, խոտհարքերը, անտառը, կորցրել ենք մեր ծննդավայրում ազատ տեղաշարժի իրավունքը: Այս ամենի հետ միասին աղտոտվել է օդը, գետից վերացել է կենդանական աշխարհը: Վերջերս էլ հայտնաբերվեց, որ մարդկանց օրգանիզմում մկնդեղի պարունակությունը գերազանցում է նորման մի քանի անգամ»,- բացատրեց նա: Ըստ Շախկյանի՝ Թեղուտի բնակիչներին առաջնահերթ աշխատանքի տեղավորելը կենսական հարց է. «Մարդիկ ապրելու համար պետք է առողջություն ու գումար ունենան: Եթե մեզ որևէ հնարավորություն չեն տալիս, ապա կանգնեցնում են արտագաղթի ծերին»: Նա հիշեցրեց, որ 2019թ., երբ դեռ նոր էր Թեղուտի հանքը շահագործող ընկերությունը փոխվել, իրենք հանդիպել էին «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարությանը, խնդրել աշխատանքի տեղավորման հարցերը լուծել: «ՄԵզ խոստացան, որ կկատարեն, բայց խնդիրը մասամբ է լուծվել: Մասամբ անելու հետևանքով գյուղում առաջացել է սոցիալական խիստ անարդարություն»,- նշեց նա:
Հարցին, թե այս անորոշ պատասխաններից հետո իրենց պայքարի շարունակություն լինելու է, թե ոչ, Թեղուտի բնակիչն արձագանքեց. «Խնդիրների կարգավորման հետ կապված ժամկետների վերաբերյալ մեր հարցերին որևէ հստակ պատասխան չտվեցին: Մենք շարունակելու ենք պայքարել: Ներկայում նախատեսում ենք հանդիպել Թեղուտի ակտիվ բնակիչների հետ՝ քննարկելու հետագա պայքարի տարբերակները»:
Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ դեպի «Թեղուտ» ՓԲԸ-ի ենթակառուցվածքներ տանող ճանապարհը փակած բողոքի ակցիայի մասնակիցներին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը խոստացել էր եռակողմ հանդիպում կազմակերպել՝ իր, բնակիչների ու «Թեղուտ» ՓԲԸ-ի մասնակցությամբ:
Փետրվար 09, 2022 at 13:29