ՀՀ Լոռու մարզի Թեղուտ բնակավայրում սոցիալական բևեռացումը խորանում է: Թեղուտ բնակավայրի մի շարք բնակիչներ բարձրաձայնում են սոցիալական, բնապահպանական և առողջապահական խնդիրների խորացման մասին:
2022թ․ փետրվարի 28-ին «Քաղաքացու ձայնը» մեդիա-հարթակի «Քաղաքացու ձայնը» հարղորդաշարի եթերում տեղի ունեցավ Թեղուտ բնակավայրի բնակիչներ Մարտին Շախկյանի, Մհեր Մելքոնյանի, Կամո Հոբոսյանի, Արմեն Մկրտումյանի և իրավապաշտպան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի մամուլի ասուլիսը:
Մարտին Շախկյանը նշեց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեությունը տեղի բնակիչներին կոլապսի առաջ է կանգնեցրել. «2018թ. հեղափոխությունից հետո պայմանավորվածություն եղավ, որ տեղացիները ապահովված կլինեն աշխատանքով, բայց գործընթացը ցույց տվեց, որ դա այդքան էլ այդպես չէ: Այնուհետ, սոցիալական բնույթի խնդիրներ ի հայտ եկան, մարդիկ արտագաղթում էին»,- նշեց նա: Մարտին Շախկյանի խոսքով՝ ընկերությանը ներկայացված իր պահանջը՝ վերադարձնել տարիներ առաջ գերակա հանրային շահ ճանաչվելու հետևանքով իրենից խլված հողատարածքը նույնպես դրական լուծում չի ստանում: «Ինձ ասում են, թե հողերը գտնվում են գրավի տակ, բայց ընկերությունն այնտեղ զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով: Այն, ինչ ես էի անում, ընկերությունն է անում: Իրենց ասում եմ՝ տվեք, ես մշակեմ, ասում են՝ հնարավոր չէ: Ես հիմա միայն տնամերձ հող ունեմ, շատ փոքր, մարդ չի կարող նման փոքր տարածքի վրա եկամուտ ստանալ: Ասել եմ՝ իմ հողը տվեք ինձ, ես չեմ ուզում արտագաղթել, գյուղում այլտընտրանքային զարգացման ուղիներ գտնելը շատ անհրաժեշտ է: Մեր պայքարը նա է, որ Թեղուտը չդառնա բնակավայր առանց բնակիչների»,- ասաց Մարտին Շախկյանը:
Մհեր Մելքոնյանն էլ նշեց, որ տարիներ առաջ իր կողմից ձեռնարկված այլընտրանքային ծրագիրն այսօր արդեն եկամտաբեր չէ: «2017թ. սկսեցի այգեգործությամբ զբաղվել՝ ազնավամորու այգի ստեղծեցի, բայց փոշու ու Շնող գետի աղտոտման պատճառով, որտեղ հանքի ու պոչամբարի թափոններն էին լցվում, իմ այգին չորացավ: Երկու տարի ջրել եմ Շնողի սարերից եկող ջրով, հետո ջրի քանակի խնդիր առաջացավ, չէր բավականացնում, այգին տուժում էր: Ջրեցի Շնող գետի ջրով, երկու տարի հետո այգին չորացավ, 100%-ից՝ 20%-ը մնաց»,- պատմեց նա: Մհեր Մելքոնյանի խոսքով՝ Թեղուտի զարգացման համար այլընտրանքային ծրագրերի վերաբերյալ առաջարկները պետք է քննարկվեն տեղի բնակիչների հետ համատեղ հանդիպումների ընթացքում:
Անդրադառնալով Թեղուտի այլընտրանքային զարգացման հնարավորություններին՝ Կամո Հոբոսյանը նշեց, որ դրանցից մեկն էլ զբոսաշրջությունն է. «Այնպիսի բնություն, ինչպիսին այստեղ է, Հայաստանում այլ տեղ չկա: Թեղուտն իր շրջակայքով հարուստ է ճարտարապետական նշանակության կոթողներով: Թեղուտը՝ որպես բնակատեղի, ունի շատ հին պատմություն. կարող ենք գնալ 4-5 հազար տարի հետ: Ապացույցները կան՝ պեղումների ժամանակ գտնվել են դամբարաններ 4700 տարվա պատմությամբ: Մի մասն ընկերության տարածքում է, մի մասը՝ տարածքից դուրս, մի մասը Թեղուտի վարչական տարածքում է, մի մասը՝ վարչական տարածքից դուրս:
Այստեղ նաև խնդիր կա վերականգնելու այդ ճարտարապետական գոհարները: Ձորիգեղի կամուրջը միակ հուշարձանն է, որ ամբողջական է, բայց հնարավոր է վաղը և չլինի. քանդվելու վտանգ կա»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե թեղուտցիների և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ թվարկված խնդիրները լուծելու հնարավորություններ չքննարկվեցի՞ն, մամուլի ասուլիսի բանախոսներից Արմեն Մկրտումյանն արձագանքեց. «Մեզ խոստացել էին եռակողմ հանդիպում՝ թեղուտցիներ, մարզպետ, ընկերություն: Հանդիպումը չեղավ: Առանձին-առանձին ենք հանդիպել: Ու ես արդյունք չտեսա: Ամեն հանդիպմանն էլ ասում են, որ կլուծվի, բայց այդ լուծումը մենք չենք տեսնում»,- նշեց նա: Արմեն Մկրտումյանի խոսքով՝ աշխատատեղերի հարցին գումարվում է նաև բնակիչների առողջությանը հասցրած վնասների խնդիրը. «Փորձանմուշներ ենք տվել: Իմ 3 անչափահաս երեխաների մոտ մնկդեղի 10 և ավելի տոկոս պարունակություն է հայտնաբերվել»,- նշեց նա:
Օլեգ Դուլգարյանը նշեց, որ 2021թ. չեխական «Առնիկա» քիմիական անվտանգության ՀԿ-ն հետազոտություններ է իրականացրել հանքարդյունաբերության՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության վերաբերյալ: Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի և Թեղուտի պոչամբարի ազդեցության տակ գտնվող Լոռու մարզի խոշորացված Շնող համայնքի Շնող և Թեղուտ բնակավայրերից վերցված փորձանմուշների վերլուծության արդյունքները տեղի բնակիչներին խիստ մտահոգվելու պատճառ են տվել: Հողի բոլոր նմուշներում մկնդեղի (As), պղնձի (Cu), նիկելի (Ni) և քրոմի (Cr) կոնցենտրացիաները գերազանցել են Հայաստանում սահմանված չափանիշներով սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները: Գետային նստվածքներում, որտեղ լցվել են պոչամբարից արտահոսքերը, բացահայտվել է մկնդեղի և քրոմի (համապատասխանաբար 10 և 41 մգ/կգ), ինչպես նաև նիկելի (38 մգ/կգ), պղնձի (216 մգ/կգ) և ցինկի (101 մգ / կգ) բարձր պարունակություն: Նույն տոքսիկ տարրերը հայտնաբերվել են 6-85 տարեկան տեղի բնակիչներից վերցված մեզի փորձանմուշներում:
Օլեգ Դուլգարյանը նշեց, որ պետք է լրջորեն ուսումնասիրվի շրջակա միջավայրի աղտոտվածության և մարդկանց առողջության վատթարացման պատճառահետևանքային կապը: «Մինչդեռ ընկերությունները կասկածի տակ են առնում հետազոտության արդյունքները: Ազդակը կա, թող ապացուցեն, որ այդպես չէ: Ոչ թե քաղաքացին ապացուցի, այլ ընկերությունը, որ տվյալ վնասը չի տալիս: Բոլոր համայնքերում բնապահպանական, սոցիալական և առողջական խնդիրներ կան: Հնարավոր չէ այդ համայնքում ունենալ բնապահպանական խնդիր և չունենալ առողջական խնդիր և՝ հակառակը»,- նշեց նա:
Խոսելով բնակավայրում այլընտրանքային ծրագրերի ներդրման մասին՝ Օլեգ Դուլգարյանը նշեց, որ անհրաժեշտ է տարբեր ֆոկուս խմբերի շրջանում հարցումներ անցկացնել. «Երիտասարդների, կանանց, տղամարդկանց հետ առանձին խոսել, կարծիքներ դուրս գրել: Պետք է քննարկել, թե ինչ ստեղծել գյուղում, որպեսզի մարդիկ աշխատեն, իսկ երբ ընկերությունը հանքի պաշարները սպառի, գնա, ինչով կարող է գյուղը հետագայում զարգանալ: Եվ հանդիպումները իրականացնել հանրային քննարկումների ձևաչափով, որպեսզի բոլոր շահագրգիռ մարդիկ մասնակցեն»,- նշեց նա:
Օլեգ Դուլգարյանը նաև շեշտեց, որ պետությունն էլ իր հերթին պետք է կոնկրետ այնպիսի ծրագրեր հաստատի բնակավայրում, որոնք իրենց մեջ ներառում են սոցիալ-տնտեսական այլընտրանքային զարգացման բաղադրիչներ, որպեսզի դրանք իրապես նպաստեն բնակավայրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Փետրվար 28, 2022 at 20:11