

Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր»
Թեղուտ եվ Շնող գյուղերի բնակիչները միացան Թեղուտի ծրագրի դեմ ուղղված հասարակական շարժմանը: Նրանք Երևան էին եկել մասնակցելու հունիսի 11-ին ՀՀ կառավարության շենքի առջև անցկացվող բողոքի ակցիային, որը հետո շարունակվեց ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ:
Գյուղացիները վրդովված են, որ ՙՎալլեքս Գրուպ՚ ընկերությունը չնչին գումարներով է գնում իրենց հողերը: ՙ35-50 դրամ քառակուսի մետրի համար, մի՞թե դա փող է: Մենք ապրում ենք այդ հողի հաշվին, իսկ ընկերության կողմից առաջարկված այդ գումարը աշխատում ենք մի ամառվա ընթացքում՚,- ասում է տարեց գյուղացին:
Գյուղական երիտասարդությունը միացել է Թեղուտի ծրագրի դեմ ուղղված երիտասարդական շարժմանը եվ ասում է, որ չի ուզում՝ թունավորվեն իրենց հողն ու ջուրը: Իրենց աջակցելու խնդրանքով գյուղացիները դիմեցին ՀՀ կառավարությանը, բայց մինչ այժմ պատասխան չեն ստացել:
Հասարակական շարժման ակտիվիստները նաև տարածել են կոչ՝ բոյկոտելու ՙВТБ՚ ռուսաստանյան բանկի գործունեությունը, որը ֆինանսավորում է Թեղուտի ծրագիրը 275 մլն դոլլարի չափով: Մասնավորապես, ակտիվիստները կոչ են անում փակել բանկային հաշիվները եվ ՙВТБ՚ բանկի միջոցով չկատարել ոչ մի գործարք, այդ թվում՝ կոմունալ վճարներ:
Հունիս 12, 2008
