ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՀ-ԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԹԵՂՈՒՏՈՒՄ ԾԱՌԱՏՈՒՆԿ ԿԱՏԱՐԵՑԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՀ-ԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԹԵՂՈՒՏՈՒՄ ԾԱՌԱՏՈՒՆԿ ԿԱՏԱՐԵՑԻՆ

Վիկտորյա Բուռնազյան, «ԷկոԼուր»

«Ես կողմ եմ, որ Թեղուտի հանքն ի շահ երկրի շահագործվի, բայց այստեղ ես ունեմ մի շարք հարցեր: Արդյո՞ք այն կծառայի սերունդներին, թե՞ ինչ-որ մեկ սերունդի: Ես ուզում եմ, որ Թեղուտն իրոք աջակցի մեր երկրի զարգացմանը, բայց իրոք, ոչ թե դա իմիտացիոն պրոցես լինի: Այսինքն, ծառատնկումը, դա նորմալ է, բայց դա հարցի մեկ քառորդին էլ չի պատասխանում»,- ասաց Թեղուտ ծառատունկի մեկնած Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի դասախոս Մարիամ Ավագյանը: Ծառատունկը կազմակերպել էր «Վալլեքս» խմբի ընկերությունները: Հայաստանի մանկավարժական, Ագրարային, Հայ-ռուսական սլավոնական, Երևանի պետական, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Երևանի պետական բժշկական, Արցախի պետական համալսարանների և Լոռու մարզի ուսանողները ապրիլի 18-ին Թեղուտի վարչական տարածքում` 5021մ տարածքում, տնկեցին 931 ծառ` ընկուզենի, կեռասենի, տանձենի: Ծառերի խնամքով զբաղվելու են ընկերության աշխատակիցները: Հնարավոր չէ տնտեսությունը զարգացնել` առանց բնությանը կպնելու: Դրա համար էլ ընկերությունը պարբերաբար ծառատունկ է կազմակերպում: Ուսանողներին ասաց «Վալլեքս» խմբի ընկերությունների Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Թագուհի Կարապետյանը:

Նշենք, որ այս ծառատունկը կապ չուներ ընկերության բնապահպանական կառավարման պլանով նախատեսված ծառատունկի հետ: Այդ ծառատունկը պետք է իրականացնեն «Վալլեքս» խմբի ընկերությունների հայտարարած մրցույթում հաղթած «Տրի գրեն» և «Աղավնատուր» ՍՊԸ-ները, որոնք Թեղուտ և Շնող համայնքներում` 135 հա տարածքում պիտի կատարեն ծառատունկ:

 Ծառատունկի ավարտից հետո ուսանողները մոմ վառեցին Թեղուտի` 13-րդ դարից պահպանված մատուռում, որը ընկերությունը խոստացել է վերանորոգել, ապա Թեղուտի մշակույթի տանը նվեր ստացան գրող Հրաչյա Մաթևոսյանի «Ոսկեմատյան Դրմբոն» գիրքը: Հայաստանի Ագրարային համալսարանի ուսանողներն էլ իրենց հերթին գրքեր նվիրեցին Թեղուտ և Շնող համայնքների գրադարաններին:

Մանրամասները ֆոտոռեպորտաժում:

Ապրիլ 27, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր