

ԷկոԼուր
«Եթե գազ լինի Թեղուտում, տարեկան 3000 խմ փայտ կխնայվի Թեղուտում»,- կարծիք է հայտնում Լոռու մարզի Թեղուտ համայնքի համայնքապետ Հարություն Մելիսեթյանը: Այս կարծիքը, որը հրապարակված է ԷկոԼուր-ի բլոգի «Թեղուտ» էջում, պատասխան մեկնաբանությունների առիթ դարձավ:
«Հնարավոր չէ՞, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն համայնքի համար իրականացվող իր սոցիալական ծրագրերի շրջանակներում գազաֆիկացնի Թեղուտը: Չէ որ անտառը հատվում է ոչ միայն ձմռանը տաքանալու համար, այլ հանքը բացելու համար: Թեղուտցիները ընկերությանը նման առաջարկ չե՞ն արել»,- գրում է Արեւը: Ի պատասխան թեղուտցիները տեղեկացրեցին, որ «նման առաջարկներ եղել են, ընկերությունը հուսադրել է, բայց արդյունք չկա»:
«Թեղուտ» ՓԲԸ-ն մշակել և ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների հետ համաձայնեցրել է անտառապատման ծրագիր, որը նախատեսում է անտառապատման աշխատանքների իրականացում Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքով հատման ենթակա անտառի (357 հա) կրկնակիին հավասար գումարային մակերեսով տարածքներում (714 հա): Սակայն գազաֆիկացման հարցը, որը կարող է որոշակի չափով պաշտպանել անտառը կրկնակի ծառահատումներից, «Թեղուտ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքում դեռ դրված չէ:
Հունիս 28, 2011 at 13:11
