

Թեղուտի պաշտպանության խումբ
Թեղուտի պաշտպանության խումբը կոչ է անում ՀՀ եւ օտարերկրյա բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց բոյկոտել ՎՏԲ-Հայաստան բանկի աշխատանքները, մասնավորապես`
1. փակել ՎՏԲ - Հայաստան բանկում ունեցած Ձեր բոլոր հաշիվները
2. չկատարել որևէ գործարք, դրամական փոխանցում ՎՏԲ-Հայաստան
բանկի միջոցով
3. չկատարել կոմունալ և/կամ որևէ այլ վճարում ՎՏԲ -Հայաստան բանկում:
Հայաստանի բնությունը ներկայումս գտնվում է կրիտիկական սահմանի վրա: Թեղուտի հանքավայրի շահագործումը դնելու է մեր երկրի բնության վերջի սկիզբը: ՎՏԲ-ն պատրաստվում է ֆինանսավորել Թեղուտի հանքավայրի շահագործման աղետաբեր ծրագիրը:
Թեղուտի հանքավայրը շահագործող ACP ընկերությունը գրանցված է Լիխտենշտեյնում, կազմում է «Vallex Group» ընկերության մի մասը, որը թունավոր անապատի է վերածել Ալավերդի քաղաքը: Այս իմաստով, վերոնշյալ ընկերությունը վտանգում է մեր ազգային անվտանգությանը և մեր պետության համար անվստահելի գործընկեր է:
Թեղուտի հանքավայրի շահագործումը հսկայական բացասական ազդեցություն կունենա Հայաստանի բնության, մարդկանց կյանքի և առողջության, ինչպես նաև երկրի կայուն զարգացման վրա: Այս հանքավայրի ներկայիս շահագործումն արդարացված չէ ո՛չ բնապահպանական, ո՛չ սոցիալական և ո՛չ էլ նույնիսկ տնտեսական տեսանկյունից: Թեղուտի հանքավայրի ներկայիս շահագործումը նշանակում է`
1. մեր երկրի պղնձի և մոլիբդենի ռազմավարական պաշարների գրեթե ամբողջությամբ սպառում` ոչինչ չթողնելով հետագա սերունդներին (մենք արդեն իսկ օգտագործում ենք Քաջարանի մոլիբդենի խոշորագույն հանքավայրը)
2. հանքավայրի հարուստ մետաղային պաշարներից միայն պղնձի ու մոլիբդենի օգտագործում և մնացած մետաղների կուտակում պոչամբարներում` որպես թափոն
3. հանքավայրը նախատեսվում է շահագործել բաց եղանակով, ինչը նշանակում է մինչև 500 մլն. խոր.մ պոչանքների և դատարկ ապարների կուտակում, հարյուրավոր հեկտար անտառների իսպառ վերացում, հարակից հազարավոր հա անտառների գոյության վտանգում, տարածքի ջրային ռեժիմի խախտում, գետերի տեղափոխում, փոշու մեծածավալ արտանետումներ և այլն
4. մոտ 175 մլն. խոր մ ծավալ ունեցող հսկա պոչամբարի կառուցում, որն աննախադեպ է Հայաստանի համար և անմիջական ազդեցություն կունենա առանց այն էլ աղտոտված Դեբեդ գետի վրա
5. գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորության վերացում, ինչը նշանակում է հարյուրավոր ավանդական, էկոլոգիապես մաքուր աշխատատեղերի վերացում` դրանք փոխարինելով ցածր վարձատրվող և խիստ թունավոր հանքափոր բանվորական աշխատատեղերով և այլն:
ԹԵՂՈՒՏԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՒՄԲԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԱՅՍՏԵՂ ՀԱՆՈՒՆ ԱՌՈՂՋ, ԼԻԱՐԺԵՔ, ՄԱՐԴԱՎԱՅԵԼ ԿՅԱՆՔԻ` http://gopetition.com/online/27769.html:
Մայիս 20, 2009
