ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐՈՒՄ ԹԵՂՈՒՏԻ ԱՆՏԱՌԱՀԱՏՄԱՆԸ ԿՀԵՏԵՎԵՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒՉՆԵՐԸ

ԱրմԻնֆո

Հայաստանի Բնապահպանության նախարարության և Գյուղատնտեսության նախարարության միջև ստորագրվել է փաստաթուղթ Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում անտառահատման ընթացքին հետևելու և անտառի վերականգնման աշխատանքների մասին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

«Էկոլուր» հասարակական-տեղեկատվական կազմակերպության դիտարկման համաձայն, Թեղուտի հանքավայրից մատղաշ տնկիներ տեղափոխվել են տնկարան: Սակայն ոչ նախարարը, ոչ «Էկոլուրը» չեն հաղորդել, թե հատկապես որտեղ է այդ տնկարանը: Հայտնի է միայն, որ կտրված մեծ ծառերը փոխադրվել են Ալավերդի, իսկ թե հատկապես ուր` չի հաղորդվում: Միևնույն ժամանակ, նախարարի ասելով, Թեղուտի ծրագիրն անցել է բոլոր էկոլոգիական պարամետրերը: Գործը մնում է ստանձնած պարտավորությունների կատարմանը:

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի մշակումն սկսվել է առանց Լալվարի անտառտնտեսության հավանական վնասի վերաբերյալ «Հայանտառ» ՓԲԸ եզրակացության: Էկոլոգիական փորձաքննությունն անցկացրել է Բնապահպանության նախարարությունը` առանց Գյուղատնտեսության նախարարության հարցման, որի ենթակայության տակ է «Հայանտառը»: Մինչդեռ փորձագետների գնահատմամբ հանքավայրի մշակման համար Թեղուտի անտառի 357 հա տարածքում կհատվի 50 հազար խմ ծառ: Անտառին փոխհատուցումը կհաշվարկվի` ելնելով ոչ թե հեկտարներից, այլ` հատվող ծառերի թվից: Այսօրվա դրությամբ շարունակվում է անտառահատումը և երկու գյուղերի համայնքներին պատկանող հողերի յուրացումը: ACP ընկերության ծանր տեխնիկան ակտիվորեն աշխատում է Թեղուտի ապագա հանքամնացուկների պահեստարանի տեղամասում: Էկոլոգները պնդում են, որ բաց հանքի տեխնոգեն թափոնները կարտանետվեն մերձակա Շնող գետակը: Ընկերությունը մտադիր է նաև փոխել Թեղուտ գետի հունը:

Ապրիլ 08, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր