ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ «ՍԵՎ ՑՈՒԼԻ ԶՈՀԵՐ»-Ի ՄԱՍԻՆ

Վիկտորյա Բուռնազյան,  «ԷկոԼուր»

Երեկ տեղի ունեցավ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի արտադրած «Սև ցուլի զոհերը» ֆիլմի շնորհանդեսը, որը ներկայացնում է էկոլոգիապես «թեժ կետեր» համարվող Ալավերդու, Թեղուտի և Ախթալայի հիմնախնդիրները: Ֆիլմին հաջորդեց «Վտանգավոր գոտու կենտրոնում մարդն է» վերնագրով կլոր սեղան, որտեղ մասնակիցները քննարկեցին ֆիլմի առաջ քաշած հիմնախնդիրները:

«Վալլեքս» խմբի ընկերությունների ներկայացուցիչ Վահրամ Ավագյանն ընթերցեց ֆիլմի մասին ընկերության դիտողություններն ու առարկությունները՝ մասնավորապես նշելով, որ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կատարված օրենսդրական փոփոխություններով 2005թ. երկրորդ կիսամյակից գրեթե երեք անգամ ավելացել են ընկերության կողմից վճարվող բնապահպանական վճարների չափերը: Միաժամանակ, ՀՀ բնապահպանության նախարարության հետ համաձայնեցված ժամանակացույցի հիման վրա ընկերությունը պարտավորվել է մինչև 2009թ. հունվարի մեկը 80 տոկոսով կրճատել ծծմբի երկօքսիդի արտանետումները, ինչը չիրականացնելու պարագայում ընկերության բնապահպանական վճարի դրույքաչափերը կավելանան ևս երեք անգամ:

ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արամ Գաբրիելյանը, անդրադառնալով Ալավերդու պղնձաձուլային գործարանի բնապահպանական վճարներին, մասնավորապես ասաց. «Ես կառաջարկեի, որպեսզի խնդիրներն ավելի պրոֆեսիոնալ ուսումնասիրվեն, որովհետև ինչպես ֆիլմում որոշ տվյալներ, այնպես էլ «Էյ Սի Փի»-ի ակնարկում կային կողմնակալություններ, օրինակ, որ «Էյ Սի Փի»-ն բնապահպանական միջոցառումներ է անում: Մենք հարցում ենք արել եվ պատասխանը շուտով կստանանք: Երկու օր առաջ եմ խոսել Արզումանյան Գագիկի հետ, պատասխանն այն է, որ ըստ երևույթին, նու մենք էլ գիտենք, որ չի արվում դա: Ըստ երևույթին գործը գնում է գործարանի փակման»:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հիմնականում խոսեց Թեղուտում իրականացվելիք հանքարդյունաբերության հետևանքների մասին: «Երեք գետ վերանալու են: Ո՜չ ֆլորան, ո՜չ ֆաունան, այն տեսքով, ինչպես այսօր կա, վստահաբար ձեզ կարող եմ ասել՝ չի պահպանվելու: Եվ ինձ ամենից շատ վրդովվեցնում է այն հանգամանքը, որ գետի արժեքը գնահատվում է «Էյ Սի Փի» ընկերության կողմից գնահատած ձկան արժեքով, որը կազմում է 175 հազար դրամ», -ասաց Թաթուլ Մանասերյանը՝ ավելացնելով, որ պատրաստ է իր համեստ աշխատավարձով «Էյ Սի Փի» ընկերությունից նման գներով հինգ գետ գնել եվ նվիրել Հայաստանի Հանրապետությանը:

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն էլ նշեց, որ իրենց վեճը ոչ թե «Պղինձ» ծրագրի հետ է, այլ՝ ՀՀ բնապահպանության նախարարության: «Մեր ամբողջ խոսքը վերաբերում է ՀՀ բնապահպանության նախարարությանը, որը թերի, կեղծիքներ, կոծկումներ, թերհաշվարկներ պարունակող նախագիծը ընդունել է փորձաքննությամբ: Դա ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտում է: Եվ ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով իր գերատեսչության կարևոր փաստաթուղթը, որոշում է կայացրել»,- իր ելույթում ասաց Հակոբ Սանասարյանը:

Կենսաբանական գիտությունների դոկտոր Մարինա Օգանեզովան խոսեց այն մասին, որ սկզբում այլ տեսակետ է ունեցել Թեղուտի հանքարդյունաբերության մասին՝ դրական գնահատելով ընկերության բաց քննարկումներ անցկացնելը, սակայն այժմ կարծիքը փոխել է: «Ես հիմա իմ տեսակետը փոխել եմ: Ի՞նչ ենք մենք հիմա կորցնում: Մենք կորցնելու ենք Կովկասյան անտառի բավականին մեծ հատված: Մեր նորագույն պատմության մեջ առաջին դեպքն է, որ Հայաստանի անտառային գոտում հանքարդյունաբերական աշխատանք պետք է սկսվի: Գնահատելով վիճակը՝ ես համարում եմ, որ դա ռազմավարական սխալ է, որովհետև չի հաշվված այն շահույթը, որը մենք կարող ենք ստանալ, եթե ձեռք չտանք անտառին: Մենք պետք է միշտ հիշենք, որ անտառը կենսոլորտի շատ կարևոր մի մաս է: Կենսոլորտն այն վայրն է, որտեղ մենք կարողանում ենք ապրել: Եթե չկարողանանք այն պահպանել, չենք ապրի»,- ասաց Մարինա Օգանեզովան:

«Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանելյանն էլ անդրադարձավ քննարկմանը ներկա Շնող եվ Թեղուտ գյուղերի այն բնակիչներին, ովքեր ուրախ են «Էյ Սի Փի» ընկերության գործունեության համար, քանի որ ստեղծվում են նոր աշխատատեղեր:  «Իրենք պետք է պաշտպանեն, ես հասկանում եմ, որովհետև իրենք այլևս այսօր ուրիշ հնարավորություն չունեն զարգանալու, որովհետև իրենք թակարդի մեջ են: Այսօր այդ գյուղերը գումար կստանան եվ կթողնեն այդ տարածքից կհեռանան, եվ մենք հերթական տարածքը կկորցնենք: Հայաստանի զարգացումը պետք է գնա այլ ուղղությամբ, ոչ թե գնա այս սև ցուլի հետևից,-ասաց Կարինե Դանելյանը:

Մայիս 14, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր