

Արփի Հարությունյան, ԱրմենիաՆաու
Հայաստանի բնապահպանների հավաստմամբ` ավարտված տարում կայացվեց Հայաստանի անտառների մահվան դատավճիռը: Հայաստանի կառավարությունը թույլատրեց «Արմենիան քոփր փրոգրամ» («ԷյՍիՓի») ընկերությանը շահագործել Թեղուտի պղնձի ու մոլիբդենի հանքավայրը (տես http://www.armenianow.com/?action=viewArticle&AID=2591&lng=arm)` առաջ բերելով բնապահպանների մտահոգությունը, որ դա նախադեպ կծառայի հանրապետության արդեն իսկ վտանգված բնաշխարհի հետագա անխնա շահագործման համար:
«Եթե անգամ ոչ մի ուրիշ կորուստ չտայինք 2007 թվականին, միայն Թեղուտի դեպքը բավական էր, որ բնապահպանության տեսանկյունից տարին կոչեինք կործանարար, քանի որ Թեղուտի հանքի շահագործումը հարված է հասցնելու բնապահպանության սրտի զարկերակին»,- ասում է Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:
Բնապահպանները փաստում են, որ հանքի շահագործման հետևանքով հատվելու է 170.833 ծառ, որոնց մեջ կան 55.000 հազվագյուտ և 45 000 արժեքավոր ծառեր, ինչպես նաև Կարմիր գրքում գրանցված բույսեր ու կենդանատեսակներ, որոնց սպառնում է ոչնչացում:
Ի տարբերություն Սանասարյանի և մյուս անկախ փորձագետների` 2007 թ. հունիսին բնապահպանության նախարար նշանակված Արամ Հարությունյանը Թեղուտի ծրագիրը համարում է ոչ թե կորուստ, այլ ձեռքբերում: «Թեղուտի մասով մենք չենք սխալվել. այն օրենքով հաստատված և բոլոր ատյաններն անցած ծրագիր է, որը գործելու է մեր հսկողության տակ և մեծ շահույթ է բերելու մեր պետությանը»,- ասում է Հարությունյանը:
«Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանի խոսքերով` Թեղուտի հանքի շահագործման թույլտվությունը վկայում է ենթակառուցվածքների զարգացման ոլորտում փորձագետների աշխատանքի բացակայությունը: «Ճիշտ է, 2007-ը նշանավորվեց Թեղուտի հանքի շահագործման տխրահռչակ որոշմամբ, բայց ամենավտանգավորն այն է, որ հիմք դրվեց բնական պաշարների ահռելի ծավալներով շահագործման միտմանը»,- ասում է Զարաֆյանը:
Չնայած բնապահպանների բազմաթիվ դիտարկումներին, նախարարի գնահատմամբ` 2007 թվականը եղել է առավելապես ձեռքբերումների տարի: Ըստ նրա` տարվա ամենամեծ ձեռքբերումներից մեկն էլ Սևանա լճի մակարդակի բարձրացումն է: Նախարարության տվյալներով` լճի մակարդակն այսօր 1898,79 մետր է, որը նախորդ տարվա համեմատ 0,56 մետրով ավելի է:
Սանասարյանը, սակայն, կարծում է, որ ձեռքբերման հետ մեկտեղ կառավարությունը 2007 թ. հերթական որոշմամբ խոչընդոտեց լճի մակարդակի հիմնախնդրի լուծումը. այն է` լճի ալիքի ազդեցության գոտու չափը 1908 նիշի փոխարեն սահմանել 1905,5 և կանխելով մակարդակի հետագա բարձրացումը` օրինականացնել ափամերձ շատ ապօրինի շինությունները:
Նախարարը, սակայն, պնդում է, որ նման դիտարկումներն անհիմն են: Հարությունյանի խոսքերով` մեծ ձեռքբերում է արձանագրվել նաև ձկնապաշարի վերականգնման գործում: «Ձկնորսության խիստ արգելքի միջոցով ապահովեցինք ձկների ձվադրման լիարժեք շրջանը»,- նշում է նախարարը` ավելացնելով, որ ծավալուն աշխատանքներ են կատարվել նաև ազգային պարկերի կառավարման պլանների մշակման շուրջ:
Նախարարությունն առաջընթաց է արձանագրել նաև բնապահպանական ու բնօգտագործման վճարների չափերի մեջ. 2007-ին բնավճարների մուտքը կազմել է 8,5 մլրդ դրամ` 2 մլրդ դրամով ավելի 2006 թվականի ցուցանիշից:
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի դիտարկմամբ` անցյալ տարվա կարևոր ձեռքբերումներից մեկն էլ կենդանիների պաշտպանությանն ուղղված աշխատանքներն էին` ի դեմս «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի ընդունման:
«Նման օրենքի ընդունումը ոչ միայն ապօրինի որսի համար կանխարգելիչ դեր կունենա, այլև օրինական որսաձևի հստակ նորմեր կսահմանի, ինչը չէր արվում նախկինում»,- ասում է մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը: Նրա խոսքերով`օրենսդրությունն այն գործիքն է, որը շարունակական փոփոխման կարիք ունի, ինչը և արվել է ՀՀ իրավական դաշտում 2007-ին:
Դրա մասին, նախևառաջ, վկայում է նախարարը` փաստելով, որ 2007-ին բնապահպանության նախարարությունը շուրջ 112 իրավական ակտ է ընդունել: Սակայն որքան էլ օրենսդրական դաշտում տեսական ձեռքբերումները շատ լինեն, Շրջակա միջավայրի իրավական պաշտպանության կենտրոնի նախագահ Աիդա Իսկոյանը նշում է, որ կցանկանար տարին ամփոփել էկոքաղաքականությունն ամբողջացնող շրջանակային օրենքի ընդունմամբ: «Որքան էլ շատ լինեն մասնավոր օրենքներն ու իրավական ակտերը, միևնույն է, բնապահպանության ոլորտին ևս հարկավոր է մայր օրենք, առանց որի այն նույնն է, ինչ մարդն առանց գլխի»,- ասում է Իսկոյանը:
Նախարար Հարությունյանը դժվարացավ նշել ոլորտի թերությունները: «Ես կուզենայի, որ այս հարցում շատ չմանրանայինք»,- տարին ամփոփեց նախարարը:
Հունվար 11, 2008
