«Հետք»
Վերջին օրերին տարբեր լրատվական միջոցներով լայն շրջանառության մեջ է դրվել և տարբեր հակասական արձագանքների պատճառ դարձել «Բաց նամակ – պահանջագիր» վերնագրված մի փաստաթուղթ` հասցեագրված ՀՀ նախագահին, վարչապետին և ԱԺ նախագահին: Փաստաթղթի հեղինակները պահանջում են «չեղյալ հայտարարել Լոռու մարզում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման նախագիծը և դադարեցնել կատարվող բոլոր նախապատրաստական աշխատանքները»: Ըստ հեղինակների հայտարարությունների` արդեն բազմաթիվ ստորագրություններ կան այս փաստաթղթի տակ:
Նույնիսկ ակցիայի նախաձեռնողներն են պնդում, որ փաստաթուղթը որևէ իրավական ուժ չունի և, հետևաբար, չի կարող ունենալ իրավական հետևանքներ, քանի որ փաստաթղթում նշված չեն ստորագրողների անձնագրային կամ այլ տվյալներ: Սակայն, այդուհանդերձ, այդ ակցիան որոշակի աղմուկ առաջացրեց` հարուցելով մեր` Լոռու մարզի երիտասարդներիս վրդովմունքը: Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի հետ իր ապագա բարեկեցության հույսը կապում է մի ողջ մարզի ազգաբնակչություն: Իսկ ծրագրի իրականացման տնտեսական չափումների նույնիսկ մակերեսային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրական տնտեսական հետևանքներ ծրագրի իրականացումը կունենա ամբողջ Հայաստանի համար: Ծրագրի իրականացման անհրաժեշտությունն առավել ակնառու է դառնում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ խիստ կարևոր է նոր ստեղծվող յուրաքանչյուր աշխատատեղ: Սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում հայտնված տարածաշրջանին տնտեսական վերակենդանացում խոստացող ծրագրի դադարեցման ձեր պահանջը մենք` Լոռու երիտասարդներս, ընկալում ենք որպես անողոք թշնամական ագրեսիա մեր և մեր երեխաների ապագայի նկատմամբ:
Սակայն, քավ լիցի, մենք բնավ այն կարծիքին չենք, որ տնտեսական զարգացման ծրագրեր կարելի է իրականացնել բնապահպանական ցանկացած վնասի գնով: Ուստի կոչ ենք անում ձեզ՝ մինչ տարբեր սարսափաշունչ «Բաց նամակներ» հեղինակելն ու ՀՀ բարձարագույն քաղաքական ղեկավարությանը հասցեագրելը, փորձե´ք գտնել համախոհներ նաև մեր շարքերում: Լոռու մարզում պարբերաբար կազմակերպվում են հասարակական բնապահպանական միջոցառումներ (այդ թվում նաև Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերության կողմից), որոնք ուղեկցվում են բնապահպանական հրատապ խնդիրների մասին հրապարակային քննարկումներով: Ձեր կազմակերպությունը կամ նրա որևէ ներկայացուցիչ երբևէ չի մասնակցել այդ բնապահպանական միջոցառումներին:
Ձեզ հրավիրում ենք հրապարակային քննարկման, որի շրջանակներում, կարծում ենք, հնարավոր կլինի համադրել հակադիր փաստարկները և ձերբազատվել խնդիրների միակողմանի դիտարկման ժամանակ անխուսափելի ծայրահեղություններից:
Վերջին շրջանում մամուլում ավելի ու ավելի հաճախ են հանդիպում հրապարակումներ, որոնցում խոսվում է բնապահպանական հասարակական կազմակերպությունների օտարերկրյա դրամաշնորհներով իրականացվող տարբեր լրտեսական գործողությունների մասին: Հարկ է գիտակցել, որ գիտական հիմնավորում չունեցող, զգացմունքային ծայրահեղական հայտարարություններով դուք կարող եք վարկաբեկել բնապահպանության վեհ գաղափարն ընդհանրապես, ինչից կարող են չարամտորեն օգտվել տարբեր ոչ բարեխիղճ տնտեսվարողներ: Ձեր ծայրահեղական քայլերով դուք կարող եք վարկաբեկել բնապահպանությամբ իրապես մտահոգ մասնագետներին և զգալիորեն սահմանափակել նրանց իրապես հայրենանվեր գործունեությունը:
Խնդրում ենք այս նամակն ընկալել որպես ձեզ մեկնած ձեռք: Առաջարկում ենք մեր հանրապետությունում տեղ գտած բացասական երևույթների դեմ պայքարել ձեռք ձեռքի տված` հանուն բնության, հանուն մեր երեխաների ապագա բարեկեցության, հանուն կյանքի:
Ալավերդու երիտասարդական միություն
Շնողի և Թեղուտի երիտասարդական կազմակերպություն
Վանաձորի «Կարողություն և զարgացում հանուն քաղաքացիական հասարակության» երիտասարդական հասարակական կազմակերպություն
Վանաձորի «Երիտասարդության ձայն» երիտասարդական հասարակական կազմակերպություն
«Հանուն Լոռու մարզի երիտասարդության» կամավորականների միություն
Հունիս 24, 2009
