ՀՈՂԻ ՎԵՃ. ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՊՂՆՁՈՎ ՀԱՐՈՒՍՏ ԻՐԵՆՑ ՀՈՂԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՈՂԻ ՎԵՃ. ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՊՂՆՁՈՎ ՀԱՐՈՒՍՏ ԻՐԵՆՑ ՀՈՂԵՐԻ ՀԱՄԱՐ

ԱրմենիաՆաուի Վանաձորի թղթակից Նաիրա Բուլղադարյան

Լոռու մարզում «Արմենիան քափըր փրոգրամ» (ACP) ՓԲԸ-ի պղնձի ծրագիրն առաջ է բերել տեղի բնակիչների դժգոհությունը, որոնց կարծիքով` հանքի շահագործումն իրենց ոչ մի լավ բան չի խոստանում:

Ընկերությունն արդեն գնել է հանքի տարածքում գտնվող Թեղուտ և Շնող գյուղերին պատկանող հողերի մեծ մասը` գյուղացիներին վճարելով 40 դրամ 1 քմ-ի համար:

Բնակիչների կարծիքով` այդ գումարը շատ ցածր է իրենց հողի իրական արժեքից: Նրանք նաև մտավախություն ունեն հողերը վաճառելուց հետո մնալու առանց հողագործությունից ու անասնապահությունից ստացվող ապրուստի հիմնական միջոցի:

Հայաստանի կառավարությունը ACP ընկերությանն է տրամադրել 1700 հա տարածք, որից մոտ 1600-ն անտառային ֆոնդի, իսկ մնացածը` համայնքային հողեր են: Առաջիկա 25 տարում ընկերությունը մտադիր է արդյունահանել շուրջ 450 մլն տոննա հանքաքար:

Շնողցի Ռուբիկ Պետրոսյանը մեկն է նրանցից, ովքեր արդեն ընկերությանն են վաճառել իրենց հողի մի մասը: Ասում է, որ հարկադրված էր վաճառել, քանի որ «հոր թաղման ծախսերը հոգալու այլ միջոց չուներ»: Վաճառել է 1 հեկտար խոտհարքն ու 6000 քմ վարելահողը` ընդամենը 300 հազար դրամով (984 դոլար): «Իրենք են գինը որոշում»,- նեղսրտում է Ռուբիկը:

Ընկերությունը նաև 500 դոլար է գնահատել անասնագոմը, թեև Ռուբիկը 1000 է ուզում` մեկ ուրիշ տեղ նորը կառուցելու համար: Անասնագոմի 1100 քմ տարածքն ու 4600 քմ այգին դեռևս նրա սեփականությունն են համարվում:

Պետրոսյանը յոթ հոգուց բաղկացած ընտանիքի միակ աշխատողն է, և նրա միակ ապրուստը գյուղատնտեսությունն է: Շնողցի ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրը կաթի, պանրի ու կարագի վաճառքն է: Այգու և անասնագոմի դիմաց Պետրոսյանը ACP-ից 5000 դոլար է ուզում և ասում է, որ այլ գնով չի համաձայնի:

«Երկրաբաններն ասում են` զոռով կվերցնենք, ասում են` կփոշմանես»,- տարակուսում է Ռուբիկը` չհավատալով, որ կարող են իր սեփականությունն առանց իր համաձայնության վերցնել: Ռուբիկը մտադիր չէ զիջել:

Նման մտահոգություններ ունի նաև նրա հարևան Լևոն Ալիխանյանը: Իր 11 մարդուց բաղկացած ընտանիքը հետագայում սովի չմատնելու համար նրան այնքան գումար է հարկավոր, որ կարողանա նոր գործ սկսել: Նրա 7 հեկտար հողակտորը նույնպես գտնվում է ACP ընկերությանը հատկացված տարածքում: Հացահատիկ մշակելուց բացի, զբաղվում է մեղվաբուծությամբ ու անասնապահությամբ:

«Սովորաբար առուվաճառքի ժամանակ լսում են դիմացինի ցանկությունն ու մտածում` արժե՞ դրա հետ հարաբերություն ունենալ, թե՞ ոչ»: Այս դեպքում նրա ցանկությունը ոչ ոք չի հարցրել ու գնի շուրջ չի բանակցել: Փոխարենը ընկերությունն իր գինն է թելադրում` «քառակուսի մետրի գինը արհեստականորեն մոտ 40 դրամ սահմանելով»,- ասում է ագարակատեր Ալիխանյանը:

Հանքը շահագործելուց հետո, ըստ նրա, գյուղում հազիվ 100 ընտանիք մնա:

«Հիմնականում գյուղը կլքեն երեխա ունեցող ընտանիքները»,- ասում է նա` ավելացնելով, որ «առաջացող բնապահպանական խնդիրներից գյուղում գյուղատնտեսությամբ զբաղվելն այլևս անհնար կլինի»:

Առայժմ ACP-ն ոչ մի կերպ չի փարատել բնակիչների մտահոգությունները:

Ընկերության Թեղուտի երկրաբանահետախուզական խմբի գլխավոր երկրաբան Գագիկ Բաբայանը անօրինական է համարում գյուղացիների պահանջները` պնդելով, թե հողերը տեսակավորված են, և սահմանված է դրանց շուկայական արժեքը:

«Գյուղացիները չեն կարող իրենց ուզած գինն առաջարկել»,- ասում է ACP-ի երկրաբանը` վկայակոչելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը: Ըստ նրա, ի վերջո, այլ ելք չունենալով` ընդդիմացողները մի օր վաճառելու են իրենց հողերը:

Բաբայանի տվյալներով` Շնող և Թեղուտ գյուղերի` իրենց հատկացված հողերը կազմում են 248,7 հա, որից ընկերությունը գնել է 167,2 հեկտարը: Դեռևս գնման ենթակա է 81,5 հա հող, որից 66,5-ը պատկանում է շնողցիներին, 15-ը` թեղուտցիներին:

Փաստաբան Կարեն Թումանյանը քաղաքացու սեփականությունը ստիպողաբար գնելը համարում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի խախտում:

«Դա չի կարող համարվել պետության գերակա շահ, որովհետև սեփականությունն այս դեպքում տրվում է ոչ թե պետությանը, այլ մեկ ուրիշ սեփականատիրոջ»,- ասում է փաստաբանն ու օգնություն առաջարկում թեղուտցիներին ու շնողցիներին` Եվրոպական դատարան հայց ներկայացնելու գործում:

Դեկտեմբեր 07, 2007


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր