Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՍԵՎԱՆԻ ԵՎ ԹԵՂՈՒՏԻ ԽՆԴԻՐԸ ԿՀՆՉԵՑՆԻ ԵԽԽՎ-Ի ՀԱՅՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ

Արման Ղարիբյան, «Հետք»

Եվրախորհդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը հնարավարություն չի ունեցել ԵԽԽՎ-ի հունիսյան նստաշրջանի ժամանակ անդրադառնալ բնապահպանական խնդիրներին, մասնավորապես` Սեւանա լճին եւ Թեղուտի անտառին:

«Ես որպես պատվիրակության առանձին անդամ իրավունք ունեմ 3 անգամ ելույթ ունենալ, եւ մեկ անգամ էլ խմբակցությունից կարող եմ ելույթով հանդես գալ, եթե մեր պատվիրակությունն ինձ նշանակի,- մեզ հետ զրույցում պարզաբանեց Զարուհի Փոստանջյանը: – Բոլոր չորս հնարավորություններն էլ օգտագործել եմ, երկու անգամ խոսել եմ Հայաստանի ներքին իրավիճակից, իսկ մյուս 2 ելույթներովս պատասխանել եմ թուրք եւ ադրբեջանցի պատվիրակներին` փախստականների վերաբերյալ: Բնապահպանական թեմայով խոսելու հնարավորություն չունեցա, բայց ես նույնիսկ տեքստս էի պատրաստել»:

Տիկին Փոստանջյանն ասում է, որ եթե մեր պատվիրակության մյուս անդամներն անգործության չմատնվեին եւ իրենք պատասխանեին ադրբեջանցուն, ապա ինքը հնարավորություն կունենար բարձրացնել Սեւանի եւ Թեղուտի խնդիրը ԵԽԽՎ-ում:

«Մեր պատվիրակությունը 8 անդամից է բաղկացած, մենք 24 ելույթ կարող էինք ունենալ, բայց եղել են միայն իմ 4 ելույթները եւ իրենցից 3 ելույթ, որոնցով պաշտպանել են մեր իշխանություններին»:

Հիշեցնենք, որ նախքան Ստրասբուրգ մեկնելը Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ թռուցիկներ կտարածի Եվրախորհրդարանի պատգամավորներին, որոնց վրա գրված կլինի, թե ինչպիսի բնապահպանական աղետների կարող է հանգեցնել Թեղուտի հանքավայրի շահագործումը: Պատգամավորը տեղեկատվություն բաժանել է եվրոպացիներին, սակայն ոչ թե «Փրկենք Թեղուտը», այլ «Համաներումը արդարադատություն չէ» բովանդակությամբ:

«ԵԽԽՎ-ի հաջորդ լիագումար նիստին, որը տեղի է ունենալու սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ուզում եմ Թեղուտի վերաբերյալ բանաձեւի նախագիծ ներկայացնել, այդտեղ կներգրավվեմ վրացիներին եւ ադրբեջանցիներին, որովհետեւ Դեբեդի ախտոտումը նրանց էլ է վերաբերում: Դեբեդը գնում է Քուռ, Քուռը լցվում է Արաքս եւ Կասպից ծով»:

Փոստանջյանը հույս ունի Եվրախորհդրի միջոցով միջազգային փորձաքննություն նշանակել Թեղուտի հանքավայրում: «ԵԽԽՎ-ն նման իրավասություն չունի, որ ստիպի հանքի շահագործումը դադարեցնել, բայց կարող ենք միջազգային փորձաքննություն նշանակել տալ եւ ապացուցել, թե ինչպիսի բնապահպանական աղետ է սպասվում ողջ տարածաշրջանում»:

Հուլիս 06, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր