ԹԵՂՈՒՏԻ ՀԱՐՑԸ ՀԱՍԱՎ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ

ԹԵՂՈՒՏԻ ՀԱՐՑԸ ՀԱՍԱՎ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Անահիտ Փիլոսյան, «Հայք»

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը եվրոպացի իր գործընկերների ուշադրությունն է հրավիրել Թեղուտի հանքավայրի շահագործման խնդրի վրա: Նա հայտարարել է, որ հանքի շահագործման արտոնագիրը տրվել է ՀՀ Սահմանադրության, մի շարք օրենքների խախտմամբ եւ մեծ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար:   

Ըստ «Հետք» էլեկտրոնային թերթի՝ երկու օր առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը ելույթ է ունեցել Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ եւ կոչ է արել կողմ արտահայտվել ու նպաստել լրացուցիչ արձանագրության ընդունմանը: «Հարգելի պատվիրակներ, ցանկանում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել արդեն այս նստաշրջանում  առողջ միջավայրի իրավունք ունենալու համար լրացուցիչ արձանագրության ընդունման  անհրաժեշտությունը` որպես օրինակ բերելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ ուղղված պայքարում իրավական արդյունավետ միջոցների բացակայության փաստը: Պղնձի եւ մոլիբդենի պաշարներ պարունակող Թեղուտի հանքավայրի շահագործման համար Հայաստանի կառավարությունը 2007թ. ընդունել է որոշում, սակայն այդ որոշումն ու դրանից ածանցվող որոշ փաստաթղթեր ընդունվել են մեր երկրի Սահմանադրության ու օրենքների եւ միջազգային պայմանագրերի խախտմամբ»,- հայտարարել է Փոստանջյանը:

Նա տեղեկացրել է, որ Թեղուտի հանքավայրի շահագործման հետևանքով բնակավայրում կառաջանա շուրջ 540 մլն խմ պոչանք, ինչը ռադիոակտիվ վտանգավոր թափոն է: «Չի բացառվում անդրսահմանային Դեբեդ գետի աղտոտումը: Շահագործումը մեծ չափով կվնասի Հայաստանի անզուգական բնությանը, կենսաբազմազանությանը, կոչնչացնի հարուստ բուսականությունը, շրջակա տարածքներում անհնար կդարձնի գյուղատնտեսական անվնաս մթերքների արտադրությունը` խաթարելով մարդու առողջ կենսակերպը»,- նշել է  հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչը: Նկատենք, որ Զարուհի Փոստանջյանն այս խնդրում բավական լուրջ պայքար է մղել նաեւ Հայաստանում, բայց ինչպես նրա, այնպես էլ Թեղուտի մյուս պաշտպանների ջանքերն մինչ օրս դեռ անօգուտ են, չնայած, որ Թեղուտի պաշտպանները չեն հրաժարվում հարցն արդեն դատական ատյաններում լուծելուց:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշեց վարույթ ընդունել «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» եւ «Էկոդար» հասարակական կազմակերպությունների բողոքը Վարչական դատարանի 28.07.2009թ. բողոքը մերժելու որոշման մասին: Նշենք, որ Թեղուտի հանքավայրի շահագործման եւ անտառի հատման խնդրով մտահոգ այս երկու կազմակերպությունները երկու անգամ դիմել են Վարչական դատարան: Առաջին հայցը վերաբերում էր նրան, որպեսզի անօրինական համարվեն բնապահպանության նախարարության կողմից տրված պետական բնապահպանական փորձաքննության երկու դրական եզրակացությունները, կառավարության՝ Թեղուտի հանքավայրի շահագործման մասին որոշումը: Երկրորդ անգամ նրանց հայցը նախորդ հայցի քննումը մերժելու մասին էր: Երկու անգամ էլ Վարչական դատարանը հկ-ների դիմումները մերժել էր: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամն այս մասին եւս չի մոռացել խոսել Վեհաժողովի ամբիոնից: Զարուհի Փոստանջյանը տեղեկացրել է, որ  Թեղուտի պաշտպանության խմբի անդամները տարբեր ձեւերով փորձել են կասեցնել հանքավայրի շահագործումը, սակայն, դրական արդյունքի դեռ չեն հասել: «Թեղուտի հանքավայրի շահագորման դեմ ուղղված դատական պաշտպանության արդյունավետ միջոց չգտնվեց. Հայաստանի Հանրապետության  դատարանները հրաժարվել են քննել հայցը»,- հայտարարել է Զարուհի Փոստանջյանը:

Թե որքանով արդյունավետ կլինեն այս ելույթները Թեղուտի գործի համար, փորձեցինք պարզել այս խնդրով զբաղվող հասարակական կազմակերպություններից: «Էկոդար» հկ-ի նախագահ Հրայր Սվազյանի հետ կապ հաստատել եւ մեկնաբանություններ ստանալ, ցավոք, մեզ չհաջողվեց: Զարուհի Փոստանջյանի նախաձեռնության մասին տեսակետ հայտնեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հկ-ի շրջակա միջավայրի քաղաքականության փորձագետ Սոնա Այվազյանը: Նա նշեց, որ իրենք վաղօրոք տեղյակ էին Փոստանջյանի ելույթի մասին, քանի որ վերջինս դեռ նախորդ նստաշրջանից հայտնել էր, որ պատրաստվում է ԵԽԽՎ-ում խնդրի մասին բարձրաձայնել: Սոնա Այվազյանը նշեց, որ ավելի շատ տեղեկություններ Փոստանջյանի ելույթի մասին, քան լրատվամիջոցներն են հաղորդել, ինքը չունի, սակայն ելույթը գնահատեց դրական: «Ես դժվարանում եմ ասել, թե կոնկրետ ինչ ազդեցություն կունենա այդ ելույթը, բայց եթե մենք մեր խնդիրները չենք կարողանում երկրի ներսում լուծել, ապա ստիպված ենք դրսում այդ մասին խոսել: Սա կարող է մի տեսակ բարոյական պատասխանատվություն լինել իշխանությունների համար, որ գոնե հասկանան` չի կարելի ամեն ինչ անել` կոպտորեն օրենքները խախտելով»-ասաց մեր զրուցակիցը: Հարցին, թե ինչ վիճակ է այժմ տիրում Թեղուտում, նա պատասխանեց, որ  հստակ տեղեկություններ չունեն, բայց պետք  է, որ 25հա անտառ արդեն հատված լինի:

Հոկտեմբեր 06, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր