ՖԱՐՍ ԹԵ՞ ԴԱՏ. ՔՆՆՎՈՒՄ Է ԹԵՂՈՒՏԻ ՀԱՅՑԸ

ՖԱՐՍ ԹԵ՞ ԴԱՏ. ՔՆՆՎՈՒՄ Է ԹԵՂՈՒՏԻ ՀԱՅՑԸ

ԷկոԼուր

ՀՀ Վարչական դատարանում ռեկորդային արագ ժամանակամիջոցում  ավարտվեց ՀՀ կառավարության դեմ «Էկոդար» էկոլոգիական հասարակական կազմակերպության հայցի դատական գործընթացը: Հայցի հիմքում ընկած է պետական մարմինների մի շարք որոշումների բողոքարկումը, որոնք վերաբերում են «ACP» ընկերության (մտնում է «Vallex»-ի խմբի ընկերությունների մեջ)՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման  ծրագրի հաստատմանը: Հայցը քննելու երկու մերժումներից հետո Վարչական դատարանն այն վարույթ ընդունեց միայն ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ առաջին նիստը նշանակելով մարտի 23-ին: Նիստին ներկա էին հայցվոր կողմի ներկայացուցիչները, «Էկոդար» կազմակերպությունը, երրորդ կողմը՝ «Vallex» խմբի ընկերությունները, սակայն ներկա չէին կառավարության ներկայացուցիչները: Ժամը 11:00-ին դատավոր Արծրուն Միրզոյանը բացեց եւ գործնականորեն անմիջապես փակեց նիստը՝ կողմերից ոչ մեկին խոսք չտրամադրելով: Դատավորը հայտարարեց, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 110 հոդվածի հիման վրա ինքն իրավունք ունի կիրառել արագացված դատավարության ընթացակարգ եւ որոշումը կկարդա մարտի 24-ին՝ ժամը 15:15, առանց դատաքննության անցկացման:

Ըստ փաստաբան Հայկ Ալումյանի, ով ներկայացնում է հայցվոր կողմին, օրենքը նախատեսում է արագացված դատավարության կիրառում այն դեպքում, եթե հայցը կամ բացահայտ հիմնավորված է, կամ բացահայտ հիմնավորված չէ: Այս դեպքում հայցադիմումում վիճարկվում են բազմաթիվ փաստեր, եւ առկա են փաստաթղթեր, որոնք հայցվոր կողմը ներկայացրել է որպես ապացույց: Փաստացիորեն դատարանը հրաժարվեց ուսումնասիրել այդ ապացույցները: Ըստ օրենքի՝ պատասխանող կողմը, եթե պետական մարմին է, պարտավոր է տրամադրել հայցադիմումի պատասխան, ինչպես նաեւ տրամադրել տվյալ գործին վերաբերվող բոլոր փաստաթղթերը:  «Պատասխանող կողմը ոչ միայն ներկայացուցիչ չուղարկեց դատական նիստին, այլ նաեւ չներկայացրեց ո՛չ պատասխան, ո՛չ փաստաթղթեր, այսինքն՝ փաստացիորեն  չվիճարկեց մեր կողմից բերված փաստերը: Օրենքով  դատարանը կարող է համարել, որ մեր կողմից ներկայացված ապացույցները պատասխանողի կողմից ընդունվում են:  Կարելի է ենթադրել, որ այդ ֆարսի նպատակը հանգամանքները թաքցնելն է, որոնք անպայմանորեն մակերես դուրս կգային, եթե հրապարակային դատավարությունը տեղի ունենար»,- «ԷկոԼուր»-ին ասաց փաստաբանը:

Գործընթացն ուղեկցվեց հասարակական ակցիայով, որի ավարտին հրապարակայնորեն թաղվեց ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը:

Մարտ 23, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր