

Վիկտորյա Բուռնազյան, ԷկոԼուր
2007թ. նոյեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ընդունեց թիվ 1278 – Ն որոշումը, որի համաձայն` Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով Թեղուտ եւ Շնող համայնքներում գտնվող 81.483 հեկտար հողերի, ինչպես նաեւ անտառային հողերի նկատմամբ ճանաչվեց բացառիկ, գերակա հանրային շահ: Հողերի կարգավիճակը փոխվեց՝ ստանալով արդյունաբերական նշանակության հողերի կարգավիճակ:
ՀՀ կառավարության այս որոշումն առաջացրեց բնապահպանների, հասարակական կազմակերպությունների, քաղաքական կազմակերպությունների, Թեղուտ եւ Շնող համայնքների բնակիչների մի մասի դժգոհությունը եւ դարձավ դատական վեճերի պատճառ:
Սույն թվականի մարտի 24-ին ՀՀ Վարչական դատարանը մերժեց «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ ՀՀ կառավարության, բնապահպանության, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունների, ինչպես նաեւ` 3-րդ կողմ հանդես եկող «ACP» ընկերության (մտնում է «Vallex» խմբի ընկերությունների մեջ): ՀԿ-ն դատարանից պահանջում էր ուժը կորցրած ճանաչել մի շարք պայմանագրեր, փաստաթղթեր, որոնց հիման վրա թույլատրվել է շահագործել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը: Այդ փաստաթղթերից մեկը հենց թիվ 1278 – Ն որոշումն է:
«Էկոդար»-ը մտադիր է բողոքարկել ՀՀ Վարչական դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ Վարչական դատարանը երկու անգամ մերժել էր այս հայցի քննությունը եւ վարույթ էր ընդունել միայն ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումից հետո:
Սա միակ դատական գործընթացը չէ, որի մեջ ներքաշված է «Vallex Group»-ն իր Թեղուտի ծրագրով: Մյուս դատական գործերը կապված են Թեղուտ եւ Շնող համայնքների բնակիչների հետ, որոնց չի գոհացնում իրենց հողերի համար ընկերության առաջարկած փոխհատուցման չափը:
ՀՀ կառավարության թիվ 1278 – Ն որոշման համաձայն` Թեղուտի ծրագրի իրականացման համար օտարվող հողամասի ձեռքբերողը Թեղուտի հանքավայրը շահագործող «ACP» ընկերությունն է, որը «Թեղուտ» ՓԲԸ-ին ընտրել է որպես Թեղուտ եւ Շնող գյուղական համայնքների հողերի ձեռքբերող:
Բնակիչներին իրենց հողերի համար, որպես փոխհատուցում, առաջարկվել է կադաստրային գնից ցածր գին` մեկ քմ հողակտորի համար 37-65 դրամ: Մինչդեռ Թեղուտ եւ Շնող համայնքների 1 քմ հողի կադաստրային արժեքը տարիներ շարունակ եղել է 222 դրամ: Թեղուտի բնակիչ Սամվել Մելիքսեթյանի խոսքերով` մինչեւ հողի կադաստրային նոր գին սահմանելը Թեղուտում եւ Շնողում արհեստականորեն մոտ մեկ տարի դադարեցվել են հողերի առք ու վաճառքի գործարքները: Դրանից հետո «Vallex» ընկերությունն իր աշխատակիցներից մի քանիսին, ովքեր հողեր ունեին Թեղուտում եւ Շնողում, ստիպել է ցածր գնով վաճառել իրենց հողերը, որից հետո տեղի բնակիչներին առաջարկվել է կադաստրային նոր ցածր գներին համարժեք փոխհատուցում: Ներկայումս Թեղուտ եւ Շնող համայնքների 70-ից ավելի շահառուներ հրաժարվում են իրենց հողերը նման ցածր գնով հանձնել ընկերությանը: «Թեղուտ» ՓԲԸ-ն էլ այդ հողերը ստանալու համար նրանց դատի է տվել` այդ հողերը պետական եւ հասարակական կարիքների համար համարժեք փոխհատուցմամբ օտարելու պահանջով` հղում անելով ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման վրա: «Կոնկրետ 5000 քմ ես հող ունեմ: Եթե 1քմ-ի վրա արեւածաղկի սերմ ցանեմ, ես կունենամ 5000 հատ արեւածաղիկ: Եթե մի հատը 500 դրամով ծախեմ, ես կստանամ ավելի շատ շահույթ, քան իրենց տված փողն է: Ոնց ստացվեց, որ արեւածաղիկ ցանելով ավելի մեծ շահույթ կունենամ ես, քան «Օլիվեր Գրուպ»-ի գնահատումը` 16 ցենտ: Դուք պատկերացնում եք` ինչ թիվ է դա»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց թեղուտցի Սամվել Մելիքսեթյանը, ում ընկերությունը դատի է տվել:
«Ես ասել եմ, ինձ նորմալ գին տուր: Ինձ ձեռ մի առնի: Գոնե իմ մրգատու ծառը գնահատի 50 դրամ, բայց 50 դրամ էլ չի տալիս, ասում է` ինձ ծառը պետք չի: Հիմի որ գնանք, իմ հողի մեջը ոչ մի ծառ չկա: Կեսը կտրել են, կեսը հողով ծածկել»,- պատմեց Թեղուտի բնակիչ Սերոբ Օսմանյանը: Սերոբ Օսմանյանին նույնպես ընկերությունը դատի է տվել: «Թեղուտ» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Պապոյանը մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն` այդ հողերը տրամադրվել են «Vallex» խմբի ընկերություններին` Թեղուտի ծրագիրն իրականացնելու համար: «Ընկերությունը բնակիչներին առաջարկում է փոխարինել իրենց հողերը ընկերությանը պատկանող հողերով: Սակայն բնակիչները չեն համաձայնվում, մինչ օրս այդ հողերը շահագործող չկա»,- ասաց Ռուբեն Պապոյանը:
Հայտնի է, որ «Vallex» ընկերության պատվերով Թեղուտ եւ Շնող համայնքների հողերի գնահատումն իրականացրել է «Օլիվեր Գրուպ» ՍՊԸ-ն: Գյուղացիները փորձել են այլ գնահատող բերել իրենց հողերի համար, բայց ապարդյուն: «Հենց սկզբից իմանում են Թեղուտ, արդեն իմանում են, որ կադաստրում մոնիտորինգի բաժնում չի անցնելու ոչ մի գնահատական»,- նշեց Սամվել Մելիքսեթյանը: Ինչպես տեղեկացանք «Օլիվեր Գրուպ» ՍՊԸ-ի կայքից, այն հիմնադրվել է 2002թ-ին: Այս տարիների ընթացքում հասցրել է կատարել շուրջ 5000 գնահատում, սպասարկել եւ սպասարկում է ՀՀ Օմբուդսմենին:
Այն գյուղացիները, որոնց ընկերությունը դատի է տվել, ներկայումս չեն կարողանում ոչ հող մշակել, ոչ աշխատել «Թեղուտ» ՓԲԸ-ում: «Հենց Պապոյանն ինձ ասեց` տուր հողդ, արի աշխատի»,- պատմեց Սերոբ Օսմանյանը: Նոր աշխատանքային պայմանագիր չի կնքվել նաեւ թեղուտեցի Հրանտ Հարությունյանի որդու հետ: Հրանտ Հարությունյանը նույնպես հրաժարվել է իր հողամասի համար ընկերության առաջարկած ցածր փոխհատուցումից: «Պապոյանը հողը ուզեց, չտվինք: Ես իրեն ասել եմ, որ Էդ 30 դրամով ես քեզ հող չեմ տալիս: Նվեր կտամ, բայց հող չեմ տա: Դրանից հետո էլ պայմանագիր չկապեց տղայիս հետ, ազատեց աշխատանքից»,- ասաց Հրանտ Հարությունյանը: Այս կապակցությամբ Ռուբեն Պապոյանն ասաց. «Աշխատանքի ընդունում ենք ըստ մասնագիտության եւ ըստ որակավորման: Կապ չունի հողը տվել է, թե չի տվել: Եթե նա ունի բարձր որակավորում, ապա ընդգրկվում է: Իսկ այլ հավասար պայմաններում բանվորական աշխատուժի ներգրավման ժամանակ ընդգրկում ենք մեր ծրագրին ավելի կողմնակից մարդկանց»:
Բացի այս դատական գործընթացներից «Թեղուտ» ՓԲԸ-ի դեմ հայցեր են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հայցով դիմել են Թեղուտի բնակիչ Հրանտ Հարությունյանը եւ Շնողի բնակիչ Վարդան Վարդանյանը` ընկերությանը մեղադրելով իրենց հողամասերը սխալ գնահատելու համար:
«ԷկոԼուր»-ը Թեղուտի համայնքապետ Հարություն Մելիքսեթյանից հետաքրքրվեց, թե նա բավարարված է այն վիճակով, որը ստեղծվել է համայնքում Թեղուտի ծրագրի սկսվելուց հետո: «Ես բավարարված կլինեմ այն դեպքում, երբ բոլոր թեղուտցիներն աշխատեն»,- նշեց Թեղուտի համայնքապետը: Հարություն Մելիքսեթյանի խոսքերով` «Թեղուտ» ՓԲԸ-ն խոստացել է մինչեւ 2010թ. մարտի 30-ը աշխատանքի կարիք ունեցող բոլոր տղամարդ թեղուտցիներին ապահովել աշխատանքով: Ներկայումս Թեղուտի ծրագրի շրջանակներում աշխատում է 135 թեղուտցի, իսկ աշխատանքի կարիք ունի մոտ 28 մարդ:
Նշենք, որ Թեղուտի բնակիչների պաշտոնական թիվ 760-ն է: Այս առիթով «Թեղուտ» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Պապոյանը նշեց. «Մենք ասել ենք, որ բոլորին աշխատանքով կապահովենք աշխատանքի ծավալման համաձայն, բայց ոչ մինչեւ մարտի 30-ը»:
Մարտ 31, 2010
