

ԷկոԼուր
Ի՞նչ մենք կտեսնենք մենք Թեղուտում, երբ «Vallex Group» ընկերությունը հեռանա: Նույնիսկ այն թեղուտցիները, ովքեր ծրագրի վառ կողմնակիցներն են, չկարողացան այդ հարցին հստակ պատասխանել:
Ստորեւ ներկայացնում ենք Թեղուտի համայնքապետ Հարություն Մելիքսեթյանի հետ հարցազրույցը:
-Դուք բավարարվա՞ծ եք այն վիճակով, որ ստեղծվել է Թեղուտում Թեղուտի նախագծի սկսվելուց հետո:
-Ես բավարարված կլինեմ այն դեպքում, երբ բոլոր թեղուտցիներն աշխատեն: Այսօրվա դրությամբ մոտ 135 մարդ է Թեղուտից աշխատում: Մոտ 27-28 մարդ դեռ աշխատանքի կարիք ունի: Բնակչությունը 760 գրանցվածն է, մի քիչ էլ եկածները: Ընտանիքների թիվը 205 է: Աշխատունակ տղամարդկանց ընդամենը մի 15 տոկոսն է, որ չեն աշխատում: Կանանց վիճակն ավելի ծանր է աշխատանքի տեսակետից: Կանանցից «Թեղուտ» ՓԲԸ-ում ընդամենը մի 7-8 հոգի է աշխատում: Ընկերությունը խոստացել է լուծել այդ խնդիրը, ասում է` ծրագիր ունի:
-Դուք պաշտպանու՞մ եք ձեր գյուղի բնակիչների շահերը, ովքեր չեն ցանկանում վաճառել իրենց հողերը:
-Դուք, օրինակ. ինձ ի՞նչ խորհուրդ կտայիք, ես դեմ գնայի՞ ՀՀ օրենքներին, կառավարության որոշումներին ու կանգնեի մի կողմ, ասեի, չէ, ես էլ եմ դատարան գնում իմ գյուղացիների հետ: Բոլոր դեպքերում ես, պաշտոնյա եմ եւ պարտավոր եմ ՀՀ օրենքները եւ կառավարության որոշումները հարգել եւ ընդունել:
-Այսինքն, ինչ կլինի դատարանի որոշումը, դուք այդ որոշմանը կո՞ ղմ եք:
-Բնականաբար, դատարանի վճիռը գերակա է Հայաստանի Հանրապետությունում: Հնարավոր է, որ այդ օրենքը իրավաբանական տեսանկյունից ճիշտ չէ, ես չեմ կարող կոնկրետ ասել դա, դա իրավաբանների խնդին է, մեկ էլ` Ազգային Ժողովի պատգամավորների:
-Մեզ համար ակնհայտ է, որ մի քանի տարի հետո շինարարական աշխատանքները կվերջանան, եւ աշխատատեղերը կկրճատվեն:
Աշխատատեղերի կրճատումը մեր գյուղացիներին այդքան էլ չի սպառնա, քանի որ շինարարը կվերապրոֆիլավորվի, երեւի ուրիշ աշխատանքի կգնա: Դրանք բանվորական աշխատանքներ են, մեծ կրթություն չեն պահանջում:
-Իսկ եթե 4000-ից 1000-ը մնա՞ն:
Բնականաբար, առաջին հերթին աշխատանքով պիտի ապահովեն մեր գյուղացիներին: Ինչի՞ պիտի երեւանցին կամ կապանցին գա, այստեղ աշխատի, թեղուտեցին պարապ մնա:
-Մենք Ձեր համագյուղացիներից լսել ենք, որ նրանք տեղյակ չեն եղել, որ իրենք ստորագրել են հանքավայրի շահագործման համաձայնության փաստաթղթի տակ, այլ ստորագրել են ընդհանրապես ուրիշ հայտարարությունների տակ: Նրանց խոսքերով` ստորագրել է ընդամենը թեղուտցիների 10-15 տոկոսը: Մնացած ստորագրությունները կեղծ են: Դուք այդ մասին տեղյա՞կ եք, ստուգե՞լ եք ստորագրությունները: Խոսքն այն մասին է, որ Թեղուտի ծրագրի դեմ հասարակական բողոքի ժամանակ «Vallex» ընկերությունը պնդում էր, որ Թեղուտ եւ Շնող գյուղերում աջակցում են ծրագրին, եւ որպես ապացույց ներկայացրեց գյուղերի բնակիչների ստորագրությունները:
-Ես այդ գործին ծանոթ չեմ: Երբ ես դարձա գյուղապետ, մենք դիմեցինք երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին` խնդրանքով, որ անտառահատումների դիմաց կատարվող անտառտնկումներն առաջին հերթին իրականացվեն մեր համայնքներում` Շնողում եւ Թեղուտում: Երկու գյուղում էլ եղել է ստորագրահավաք, Թեղուտից, կարծեմ, 112 ստորագրություն է եղել:
-Դուք ուզում եք ասել, որ գյուղացիներն իրենց ստորագրություններով հավանություն չե՞ն տվել Թեղուտի ծրագրին:
Մեզ մոտ ծրագրի աջակցության համար ստոագրահավաք չի եղել: Ինչպես ես արդեն ասացի, մենք ստորագրահավաք ենք արել անտառատնկումների համար եւ օրիգինալը ուղարկեցինք վարչապետին, իսկ պատճեն չթողեցինք: Իսկ բնապահպանները նույն ստորագրությունները հենց մեր քթի տակ թափ էին տալիս, ասում, սա գյուղացիների բողոքն է: Իսկ եթե ընկերությունն էլ է ստորագրություններն իր շահերի համար օգտագործել, ես տեղյակ չեմ:
Ներկայացնում ենք «Ինչ կատարվեց Թեղուտում» ֆոտոռեպորտաժը: Ֆոտոռեպորտաժն արվել է 2010թ. մարտի սկզբին «ԷկոԼուր»-ի Թեղուտ կատարած այցի արդյունքում: Մենք հասկացանք, թե ինչ պետք է զգան տեղի բնակիչները, որոնց աչքի առաջ կտրվում է անտառը, հեռացվում են լեռնային մաքուր գետակները, ոչնչացվում է յուրահատուկ բնությունը: Փոխարենը` ոչինչ:
Եւ պաշտոնական անձանց, եւ «Vallex Group»-ի կողմից բազմիցս հայտարարվել է, որ Թեղուտի ծրագրի շնորհիվ աշխատատեղեր են ստեղծվել մոտակա գյուղերի` Շնողի եւ Թեղուտի բնակիչների համար: Անշուշտ, որոշակի ծավալով իրականացվում են եւ սոցիալական, եւ բնապահպանական ծրագրեր: Թեղուտ գյուղում վերանորոգվել է մշակույթի տունը, ամեն տարի անտառատնկումներ են իրականացվում: Սակայն մենք ցանկանում ենք հիշեցնել, որ դա բարօրություն չէ մարդկանց համար, այլ էժան աշխատուժի օգտագործում` նվազագույն ծախսեր` միլիոնավոր օգուտ ստանալու համար:
Մենք համոզվեցինք, թե որքան անարդարացի է բնության վնասի գնահատման գործող համակարգը, որի շնորհիվ ամբողջ անտառային էկոհամակարգի ոչնչացումը գնահատվեց մեկ խորանարդ մետր բնափայտի շուկայական գնով, իսկ գետերը` մեկ կիլոգրամ ձկան շուկայական գնով: Մարդկանց գինը, պարզվեց` գրեթե զրո է:
Ապրիլ 06, 2010
