Aysor.am
ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտն ու «Թեղուտ» ՓԲԸ-ն պայմանագիրն են կնքել, ըստ որի, «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածքում եղած հուշարձանները պետք է պահպանվեն, ուսումնասիրվեն:
«Ընկերությունն ընդառաջեց մեզ, պայմանագիր կնքեց ինստիտուտի հետ, մենք այնտեղ արդեն պեղումներ ենք կատարում: 12 հուշարձանախումբ ունենք, զարմանալի պահպանվածության մակարդակում, հնձաններում դրված կարասները տեղում պահպանվել են, դրանք չեն ջարդվել ու նույն տեսքով են մնացել»,- այսօր լրագրողներին պատմեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
Նա նաև նշեց, որ Հայաստանն աշխարհի այն երկրներից է, որտեղ հսկայական քանակության հուշարձաններ կան, և որոնք «հանրահռչակման» կարիք ունեն:
Ավետիսյանը կարևորեց նաև այն, որ ինստիտուտն առ այսօր շարունակում է միջազգային գիտական կենտրոնների հետ համատեղ միջոցառումների անցկացումը, տարեկան 10 նմանատիպ միջոցառում է անցկացնում, որին մասնակցում են տարբեր երկրներից եկած հնագետներ և «նրանց միջոցով մեր հնագույն մշակույթը ներկայացվում է աշխարհի այլ երկրներում»:
«Դա նաև զուտ գիտական խնդիրների լուծման առումով է կարևոր, քանի որ մենք չունենք շատ լաբորատորիաներ, որտեղ ուսումնասիրություններ կատարենք, իսկ արտերկրի գիտնականներն ունեն ու այնտեղ էլ կատարում են համապատասխան ուսումնասիրություններ»,- նկատեց Պ. Ավետիսյանը:
Ապրիլ 23, 2010
