

ԱրմԻնֆո
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը կոլեկտիվ հանցագործություն է` պետական պաշտոնյաների մասնակցությամբ:
Այդ մասին դեկտեմբերի 14-ին Թեղուտի հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի կանաչների միության ղեկավար Հակոբ Սանասարյանը:
Սանասարյանը մատնանշել է Թեղուտի հանքավայրի շահագործման`ACP ընկերության կողմից ներկայացված նախագծում մի շարք «անճշտությունները»: Օրինակ`մեկ քառակուսի մետր հողատարածությունը գնահատվել է 0.8 դրամ ծիծաղելի գումար, իսկ քառակուսի մետր անտառային հողատարածքը` 2.8 դրամ:
«Ստացվում է, որ 12 քմ հողատարածքը արժե նույնքան, որքան մեկ լուցկու տուփը»,- նշել է նա:
Ընկերության հայտարարությունները, թե Թեղուտի հանքավայրի յուրացման ընթացքում կհատվի 357 հա անտառ, Սանասարյանը կասկածի է ենթարկել. «Փաստաթղթերն ուսումնասիրելիս` մենք հանդիպեցինք հետաքրքիր փաստի. Թեղուտի անտառի թփերը և թփուտները փաստորեն հաշվի չեն առնվում: Ավելի վաղ հնչում էին 1970 հա մասին տվյալներ, այնուհետև դրանք «նվազեցին» մինչև 1400 հա, իսկ որոշ ժամանակ անց փաստաթղթերում արդեն նշվում էր 357 հա»,- հաղորդել է նա:
Սանասարյանը մատնանշել է նաև այն, որ նախագծում տնտեսական ընդհանուր վնասը գնահատվել է տարեկան 2.5 մլրդ դրամ: «Սակայն, մեր օրենքները թույլ են տալիս ընկերությանը չվճարել այդ գումարը պետբյուջե: Այդ ամենը կրում է ձևական բնույթ»,- նշել է նա:
Նա ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ օրենսդրության անկատարության հետևանքով ընկերությունն իրավունք ունի չվճարել նաև մակաշերտային ապարների և պոչերի համար: Ինչպես նշվել է, խորհրդարանում քննարկվող «Ընդերքի մասին» նոր օրենքը նույնպես հակասում է բնապահպանական նորմերին`պաշտպանելով միայն լեռնահանքային ընկերությունների շահերը:
«Թեղուտի հանքավայրի շահագործումը կոլեկտիվ հանցագործություն է, և այստեղ առաջին հերթին պետք է պատասխան տա ոչ թե ACP ընկերությունը, այլ Հայաստանի կառավարությունը»- հայտարարել է նա:
Թեղուտի հանքավայրի շահագործման նախագծի էկոլոգիական անվտանգության հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովը կազմակերպվել է «SOS Թեղուտ» նախաձեռնող խմբի կողմից`վրացական Green Alternatine հասարակական կազմակերպության հետ համատեղ:
ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ` ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ
ԱրմԻնֆո
Հայտարարությունները, թե Շնող և Թեղուտ համայնքների հողերը պտղաբեր չեն, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտարարել է Շնող գյուղի պատվավոր քաղաքացի, պրոֆեսոր Վարշամ Ավետյանը միջազգային խորհրդաժողովի ժամանակ`նվիրված Թեղուտի հանքավայրի շահագործման նախագծին և բնապահպանական անվտանգության հարցերին:
Նա նշել է, որ հիշյալ համայնքների 1 հա հողատարածքից կարելի է ստանալ 40 ցենտներ բերք:
«Դեռ 5 տարի առաջ մեկ հեկտարից մենք ստացել են 70 հեկտար ցորեն»,- հաղորդել է Ավետյանը: «Պղնձամոլիբդենային հանքավայրի յուրացման փոխարեն կարելի էր գնալ էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսության զարգացման ճանապարհով, ինչն այսօր պահանջված է ողջ աշխարհում»,- նշել է նա: Ավետյանն ընդգծել է, որ ամենաշահութաբեր ուղղություններից մեկը կդառնար ազնվամորու և մոշի աճեցումը: «100 քմ-ից կարելի է ստանալ 200 կգ ազնվամորու բերք: Շնող գյուղում մեկ կգ ազնվամորին արժե 400 դրամ, իսկ Երևանում գինը հասնում է մինչև 1500 դրամի»,- ասել է նա: Նրա խոսքով, էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսությունից տարեկան շահույթը կարող է կազմել 18 մլրդ դրամ: Այդ ծրագրի ներդրումը թույլ կտա նոր աշխատատեղեր բացել Թեղուտում:
Թեղուտի հանքավայրը պղնձի պաշարներով երկրորդն է Հայաստանում Քարաջանի հանքավայրից հետո: Նախնական գնահատումների համաձայն, հանքաքարի պաշարները հանքավայրում կազմում են 450 մլն տոննա, պղնձի պաշարները` 1,6 մլն տոննա, մոլիբդենի պաշարները` 99 հազար տոննա: Բնապահպանների կարծիքով, հանքավայրի շահագործումը ոչ միայն կործանարար կլինի շրջանի էկոլոգիայի համար, այլ նաև բացասական ազդեցություն կունենա մերձակա բնակավայրերի բնակիչների առողջության վրա: Մտահոգիչ է նաև այն, որ Թեղուտում բնակվում է 55 տեսակի կաթնասուն է, որից 21-ը գրանցված է Կարմիր գրքում, 86 թռչնատեսակ, 29 տեսակի թեփուկավորներ, որոնցից 11-ը գրանցված է Միջազգային կարմիր գրքում, ինչպես նաև առկա է 191 բուսատեսակ, որից 9-ը ևս գրանցված է Կարմիր գրքում:
TRANSPARENCY INTERNATIONAL. ԹԵՂՈՒՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՈԼՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ ԵՆ ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
ԱրմԻնֆո
Թեղուտի շահագործման վերաբերյալ բոլոր որոշումներն ընդունվել են փակ դռների հետևում: Այդ մասին հայտարարել է Transparency International-ի ղեկավար Սոնա Այվազյանը միջազգային խորհրդաժողովի ժամանակ`նվիրված Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագծի բնապահպանական անվտանգության հարցերին:
Նա ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ խորհրդաժողովին մասնակցելու նպատակով հրավիրվել են մի շարք նախարարությունների և կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սակայն նրանցից ոչ ոք չի ներկայացել միջոցառմանը: «Մենք սպասում էինք, որ խորհրդաժողովին ելույթ կունենա նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Դեռ 2 տարի առաջ մենք նրա առջև բարձրացրել ենք Թեղուտի խնդիրը, և այդ ժամանակ մեզ խոստացել են որոշակի քայլեր ձեռնարկել օրենսդրության բարեփոխման, ինչպես նաև նախագծի միջազգային փորձաքննություն անցկացնելու ուղղությամբ: Սակայն, մինչ այսօր ոչինչ չի արվել»,- ընդգծել է Այվազյանը:
Նա հիշեցրել է, որ հասարակական կազմակերպություններն ակտիվ պայքար են տանում Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ 2007 թվականից: «Այն բանից հետո, երբ մենք գործընթացում ներգրավեցինք անկախ փորձագետներին և ստացանք նրանց գնահատականը, պարզ դարձավ, թե ինչ խախտումներով է տրվել դրական փորձաքննությունը»,- նշել է Այվազյանը: Այն մասին, որ նախագիծը հաստատվել է`հակառակ միջազգային կոնվենցիաներին, վկայում է Օրհուսի կոնվենցիայի պահպանման կոմիտեի որոշման նախագիծը: Համաձայն դրա`Հայաստանը չի կատարել, որպես կոնվենցիայի կողմ, իր վրա դրված որոշակի պարտավորություններ: Այվազյանը հիշեցրել է, որ ընթացիկ տարվա մարտի 24-ին Վարչական դատարանը մերժել է Թեղուտի գործով հասարակական կազմակերպութունների հայցը: Վճռաբեկ դատարանն արդեն քննության է ընդունել կայացված որոշման դեմ վճռաբեկ բողոքը, սակայն անցած ամիսների ընթացքում Վճռաբեկ դատարանի նիստն այդպես էլ չի կայացել: «Չնայած դրան` մենք շարունակում ենք ակնկալել արդարություն»,- նշել է նա:
ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
Tert.am
«Թեղուտի պաշտպանության խումբը» և Վրաստանի «Կանաչ այլընտրանք» կազմակերպությունն այսօր Թեղուտի ծրագրի բնապահպանական անվտանգության վերաբերյալ քննարկում անցկացրեցիին։
«Մեր նպատակն է վեր հանել շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները, մասնավորապես անդրսահմանային համատեքստում, որովհետև մեր փորձագիտական եզրակացությունները, որոնք տրվել են Թեղուտի հանքավայրին, ըստ էության չեն պարունակում անդրսահմանային ազդեցության գնահատական և այդ պատճառով նաև անհանգստացած են վրաստանյան կազմակերպությունները։ Իսկ մենք էլ անհանգստացած ենք նրանով, որ վաղը, մյուս օրը, Աստված մի արասցե, եթե լինի որևէ վթար, որևիցե խնդիր և անդրսահմանային ջրի, օդի որևիցե աղտոտում, մեր ապագա սերունը պարտավորված կլինի պատասխան տալ այսօրվա սխալ որոշումների համար»,– Tert.am–ի հետ զրույցում ասաց «Թեղուտի պաշտպանության խմբի» անդամ Սոնա Այվազյանը։
Նշելով, որ իրենց հասարակական նախաձեռնությունը պայքարում է հիմնականում Թեղուտի հանքավայրի շահագործման բացասական հետևանքների դեմ՝ Այվազյանն ասաց, որ Թեղուտի շահագործման ծրագիրն անօրինական է, քանի որ շրջակա միջավայրի վրա դրա ազդեցության գնահատումն արվել է ոչ պատշաճ ձևով։
«Մենք ասում ենք, որ իրենք կատարել են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, սակայն այն կատարել են ոչ պատշաճ, սխալ թվերով, ոչ ճշգրիտ հաշվարկներով, մի մասը հաշվել են, մի մասը չեն հաշվել, մի մասը սխալ մեթոդաբանությամբ՝ ոչ ՀՀ օրենսդրության կողմից ընդունված մեթոդաբանությամբ են հաշվել։ Մենք ասում ենք, որ Ձեր հաշվարկները սխալ են և առաջարկել ենք միջազգային փորձաքննություն կազմակերպել»,– նշեց Այվազյանը՝ հավելելով, որ թեև վարչապետը 2 տարի առաջ խոստացել է ապահովել միջազգային փորձաքննության անցկացում, սակայն ոչ մի քայլ այդ ուղղությամբ չի ձեռնարկվել։
«Մեր ասելիքն այն է, որ չենք հավատում այն տվյալներին, որ այսօր առկա են։ Մենք ասում ենք՝ հնարավոր է, որ սա աշխարհի ամենալավ ծրագիրն է, բայց մեզ պետք է համապատասխան գնահատում, որպեսզի մենք ճիշտ պատկերն ունենանք, թե դա ամենալա՞վ ծրագիրն է, թե՞ ամենալավը չէ։ Իսկ այդ գնահատումը դեռևս կատարված չէ»,– եզրափակեց Սոնա Այվազյանը։
ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԹԵՂՈՒՏ
Լարիսա Փարեմուզյան, Հետք
Դեկտեմբերի 13-ին` Կոնգրես հյուրանոցում կայանալիք բնապահպանական կոնֆերանսի նախօրեին, Թեղուտի պաշտպանության խումբը այցելություն էր կազմակերպել Թեղուտ` հանքավայրի ազդեցության ենթակա տարածքը կոնֆերանսի մասնակիցներին ներկայացնելու համար: Այցելուների մեջ էին նաև Վրաստանի «Կանաչ այլընտրանք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, Վրաստանի «Անանիդոր» ստուդիայի ու «Լիբերալ» ամսագրի լրագրողներ:
«Վալլեքս» խումբը ակնհայտորեն կարևորել էր այցը և կազմակերպել էր բարձր մակարդակի ընդունելություն: Թեղուտի վարչական տարածքում կոնֆերանսի պատվիրակությանը դիմավորեցին «Բեյզ Մեթըլս» ընկերության տնօրեն Արթուր Մկրտումյանը և «Թեղուտ» ՓԲԸ վարչության պետ Ռուբիկ Պապոյանը: Այցելուներին Թեղուտի հանքավայրի արտադրական տարածք տեղափոխելու համար մեկնարկային վիճակում էին ընկերության հատուկ մեքենաները:
Մինչ կոնֆերանսի մասնակիցները Արթուր Մկրտումյանի ուղեկցությամբ ծանոթանում էին արտադրական տեղամասերին, Թեղուտ ժամանեց «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը, ով երեկոյան` ժամը 18-ի սահմաններում, հանդիպեց կոնֆերանսի հայ և վրացի պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում Վ. Մեջլումյանին ուղղվեցին հարցեր ծրագրի անդրսահմանային և այլ վտանգների, ինչպես նաև միջազգային համաձայնագրերի հետ ծրագրի անհամատեղելիության շուրջ: Վալերի Մեջլումյանը առաջադրված հարցերին պատասխանեց, որ Թեղուտի ծրագրով նախատեսված պոչամբարի կառուցումը և փուլառփուլ կատարվող մյուս աշխատանքները կատարվում են ՀՀ օրենքների պահանջով:
«Երբ երկրի օրենքներում փոփոխություններ կկատարվեն, մենք անմիջապես կարձագանքենք դրանց»,- ասաց նա: Վրաստանի «Անանիդոր» ստուդիայի հետաքննող լրագրող Նանա Նագդիաշվիլու` ՀՀ Կառավարության առջև տեղի ունեցած Թեղուտի ծրագրի բնապահպանական իր պարտավորությունների և Կառավարության կողմից դրանց վերահսկման մասին հարցին Վ. Մեջլումյանը պատասխանեց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն աշխատում է շինարարության ռեժիմով և այդ ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության, և շրջակա միջավայրի պահպանության հետ առնչվող այլ նախարարություններ, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Թեղուտ և ուսումնասիրել, թե ինչ ճշգրտությամբ են ներկայացնում հավետվությունները, և դրանք որքանով են համապատասխանում իրականությանը:
Ըստ Մեջլումյանի` Թեղուտ են հրավիրվում նաև արտասահմանյան բնապահպանական ծառայություններ, և բնապահպանական խնդիրներում ընկերությունը հաշվի առնում նրանց կարծիքը: Վրացի լրագրողներին հետաքրքրեց, թե ընկերությունը Դեբեդ գետը աղտոտելու ժամանակ հարևան պետությունների կարծիքը հաշվի առնում է, թե ոչ: Հարցին պատասխանող «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող լեռնամետալուրգիայի ինստիտուտի բնապահպանության բաժնի պետ Հովիկ Նիկողոսյանը տեղեկացրեց, որ ֆաբրիկան գործելու է ջրի շրջանառու փակ ցիկլով, և Դեբեդ գետը արտադրական կեղտաջրեր չեն թափվելու. «Ինչ վերաբերում է մթնոլորտի արտանետումներին, ապա ձեռնարկության սահմաններից շուրջ 300 մ-ի վրա աղտոտվածությունը դառնալու է 0»:
«Ծրագրի շրջանակներում դուք նկատի ունեցե՞լ եք վթարային վիճակները` երկրաշարժերը և այլ չնախատեսված արհավիրքները»,- «Վալլեքս»-ի նախագահին հարցրեց «Կանաչ այլընտրանք» ՀԿ-ի ներկայացուցիչ Մանանա Կուչվաձեն: «Պոչամբարի կառույցը հաշվարկված է մինչև 9 բալ երկրաշարժի համար: Աստված չանի, 9-11 բալ երկրաշարժի դեպքում, կվնասվի միայն պոչամբարի միջուկը, իսկ հոսել կարող է կուտակված պոչանքների ոչ ավել, քան 20 տոկոսը, որն էլ խոչընդոտելու համար կառուցվելու են պատնեշներ: Մեզ մոտ չի լինելու հեղուկ մասսա, որը կարողանա հոսել»,- հավատացրեց Վ. Մեջլումյանը:
«Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանի թվարկած միջազգային համաձայնությունների, Թեղուտի ծրագրի խախտումների մասին հարցին Վ. Մեջլումյանը պատասխանեց. «Ես կրկնում եմ, որ այն ինչ թույլ է տալիս ՀՀ օրենսդրությունը, մենք գործում ենք դրա շրջանակներում»:
Առաջադրված շատ հարցերի Վալերի Մեջլումյանը տալիս էր խուսափողական պատասխաններ: «Հետքի» հարցին, թե ինչ պատճառաբանություններով է արդեն շուրջ 2 տարի հետաձգվում «ՎՏԲ» բանկի կողմից 250 մլն դոլար վարկի հատկացումը, Վ. Մեջլումյանը պատասխանեց. «Ձեզ սխալ են տեղեկացրել, մենք համագործակցում ենք մի քանի բանկերի հետ, այդ թվում` «ՎՏԲ»-ի»: Նա «Թեղուտի» ծրագրի վարկային ֆինանսավորումը համարեց կոմերցիոն գաղտնիք:
Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Սոնա Այվազյանը «Հետքին» հայտնեց. «Այս այցելությունը ավելի վաղ պետք է կազմակերպվեր, մենք մտածում էինք, որ մեր իշխանությունները ի վերջո կհասունանան այնքան, որ իրենք կկազմակերպեն այս հանդիպումը»: Սոնա Այվազյանը կարծում է, որ, այնուամենայնիվ, անդրսահմանային ռիսկեր կան հենց այնքանով, որ Թեղուտի ծրագիրը նախատեսում է հանքարդյունաբերությունը սկսել Շնող գետի գետավազանով. «Մենք չենք ասում, որ ազդեցությունը միանշանակ է, բայց ասում ենք` ռիսկը միանշանակ կա, և ռիսկի պայմաններում մենք ստորագրել ենք անդրսահամանային համատեքստում շրջակա միջավայրի ազդեցության մասին կոնվենցիան»:
«Էկոդար» ՀԿ-ի նախագահ Հրայր Սավզյանը Վալերի Մեջլումյանի հետ հանդիպումը անպատեհ համարեց. «Մենք «Էյ-Սի-Փի»-ի հետ դիսկուսիայի չենք եկել, ընդհանրապես ճոխ սեղանն էլ պայմանավորված չէր, մենք ընդամենը 5 րոպեով էինք եկել»: Վրացի հետաքննող լրագրող Նանա Նագդիաշվիլին հանդիպան վերջում «Հետքին» հայտնեց իր տպավորություններ. «Ինձ համար սա հետաքրքիր հանդիպում էր: Վրաստանում, երբ ես աշխատում էի այս թեմայով, ինձ չհաջողվեց հանդիպել ավիաընկերության ղեկավարների հետ և կատարել իմ հարցադրումները, որը շատ կարևոր էր: Ես կարծում եմ` այսպիսի հնարավորությունը չպետք է բաց թողնել»:
ԹԵՂՈՒՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄՏԱՀՈԳԵԼ ԵՆ ՆԱԵՎ ՎՐԱՑԻՆԵՐԻՆ
Aysor.am
Երևանում տեղի ունեցավ «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի էկոլոգիական անվտանգության մասին» միջազգային կոնֆերանս: Այն կազմակերպել են Թեղուտի պաշտպանության խումբ հայաստանյան քաղաքացիական նախաձեռնությունը և Green Alternative (Կանաչ այլընտրանք) վրաստանյան հասարակական կազմակերպությունը:
Թեղուտի պաշտպանության խմբի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը ներկայացրեց հանքի հետ կապված իրադրությունը և նշեց, որ Վրաստանում նույնպես անհանգստացած են հանքի շահագործմամբ: Ըստ նրա, չի կատարվել նախագծի գնահատում և պարզ չէ դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
Փորձագետների գնահատականներով, առաջիկայում սպասվում է անտառային խոշոր տարածքների կորուստ, ջրային ռեսուրսների աղտոտում, կենսաբազմազանության կորուստ: Մասնավորապես, ըստ մասնագետների, նախատեսվող 357 հա լեռնային անտառների լրիվ հատումը և հանքարդյունաբերական ենթակառուցվածքների ստեղծումը, կուղեկցվի ջրային ռեսուրսների դրենաժով (չորացմամբ) և հողի էրոզիայով, որի արդյունքում իրականում կոչնչանա ավելի քան 1000 հա անտառ, կվտանգվեն ամբողջական էկոհամակարգեր: Արծաթի, ռենիումի, անագի, արսենիումի, պղնձի մոլիբդենի, ցինկի, ծծմբային միացությունների, ինչպես նաև արդյունահանման և հանքանյութի մշակման ընթացքում օգտագործվող այլ քիմիական նյութեր պարունակող պոչամբարները կթունավորեն Շնող գետի և իր վտակների ավազանը:
Ս. Այվազյանն ընդգծեց, որ Թեղուտի հանքի շահագործումը խախտում է մի շարք կոնվենցիաներ, իսկ հանքարդյունահանման մասին որոշումները խախտում են ՀՀ սահմանդրությունը:
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանի խոսքով, կա երկու ընտրություն` կա՛մ Հայաստանի կարճաժամկետ զարգացում այս տիպի ընդերքօգտագործման շնորհիվ, կա՛մ Հայաստանի լայնածավալ և համընթաց ռազմավարական զարգացում:
«Այս ուղղությունը, որ հիմա զարգանում է Հայաստանում ակտիվ ընդերքօգտագործումը, առանց նայելու, թե ինչ հետագա արդյունքներ ունենք, ունիկալ անտառային տարածքում, ինչպես Թեղուտն է, բաց հանքի օգտագործումն ասում է այն մասին, որ մենք կարճաժամկետ ենք մտածում, իսկ կարճաժամկետ տնտեսական մտածելակերպը բացարձակ հակաէկոլոգիական է»,- ասաց Կ. Դանիելյանը և հավելեց. «Այս հանքավայրը փակ շահագործել հնարավոր չէ: Թեև միևնույնն է, փակի դեպքում էլ պոչամբարը մնում է, իսկ բացի դեպքում ռիսկերը շրջակա միջավայրի համար հսկայական են»:
Նշենք, որ կոնֆերանսի նախօրեին մասնակիցներն այցելել են Թեղուտ` շրջակա տարածքներին հանքավայրի ազդեցությանը ծանոթանալու նպատակով: Ներկայումս Թեղուտում բավականին ակտիվ ընթանում են անտառհատման աշխատանքներ:
Հանքարդյունահանման համար հատկացված տարածքը զբաղեցնում է 1491 հա, որի 82 % (1232 հա) ծածկված է անտառներով: Ծրագրով նախատեսված է 357 հա անտառի լրիվ հատում: Թափոնները նախատեսվում է պոչանքի միջոցով հեռացնել դեպի Դուքանաձոր գետի ձորը: Հանքի շահագործման արդյունքում կառաջանա շուրջ 500 մլն տոննա պոչանք և 600 մլն տոննա այլ տեսակի թափոն:
Թեղուտում «Էս-Սի-Փի» ընկերությունն առաջարկում է 50-70 տարիների ընթացքում բաց եղանակով արդյունահանել պղինձ և մոլիբդեն: Թեղուտի հանքի արտադրական հզորությունն ընկերությունը գնահատում է տարեկան 7 մլն տոննա` 87664 հզ. դոլարին համարժեք կանխատեսվող արդյունքով:
Դեկտեմբեր 15, 2010
