

ԷկոԼուր
«Թեղուտ» ՓԲԸ-ն Թեղուտ համայքնում 2009-2010 թթ. անտառտնկման աշխատանքներ իրականացրել է 49 հեկտար տարածքի վրա, բայց ծառերի միայն 30 տոկոսն է կպել: Այս մասին ասաց Թեղուտի համայնքապետ Ֆրունզե Նորեկյանը հայ և վրացի լրագրողների համար ԷկոԼուրի կազմակերպած մեդիա տուրի ժամանակ:
Ֆրունզե Նորեկյան
Շնող համայնքի 17 հա տարածքում նույն ժամանակահատվածում տնկված անտառը նույնպես չի կպել: Շնողի համայնքապետի տեղակալ Կորյուն Շադինյան. «Անտառը չաճեց: Էդտեղ ավազոտ տարածք էր, անտառ տնկելու համար հարմար չէր: Տնկելուց հետո էլ երկու տարի երաշտ է եղել, ծառերի մեծ մասը չորացել է»:
Կորյուն Շադինյան

«Թեղուտ» ՓԲԸ-ն պարտավորվել է 714 հեկտարի վրա անտառ տնկել Լոռու մարզի համայնքներում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրով հատվող 357 հա անտառի փոխարեն: Անտառ տնկելու համար Թեղուտ և Շնող համայնքները այդքան տարածք չունեն և «Թեղուտ» ՓԲԸ-ի անտառվերականգնման աշխատանքներն իրականացնում է Լոռու մարզի նաև մյուս համայնքներում և անտառտնտեսությունների տարածքներում:
2015թ-ին Շնող համայնքը 17 հա նոր տարածք է տրամադրել «Թեղուտ» ՓԲԸ-ին անտառտնկման համար: «Այժմ ընթանում են մշակման աշխատանքները, որոնք պետք է տևեն 7 տարի, որից հետո անտառը պետք է հանձնվի համայնքապետարանին»,- ասաց Կորյուն Շադինյանը:
Շնողի համայնքապետի տեղակալը նշեց, որ համայնքը ցանկություն է հայտնել, որ անտառի փոխարեն հիմնվեն պտղատու այգիներ բնակիչների սեփականաշնորհված տարածքներում. «21 հեկտար տարածքում այգիներ արդեն հիմնվել են, 10 հեկտարի համար էլ նախագիծ է ներկայացվել 2016 թվականի աշնանը հիմնելու համար»:
Թեղուտի համայնքապետը հայտնեց, որ Թեղուտ համայնքում ընկերության կողմից այգիներ դեռ չեն հիմնվել:
Լալվարի անտառտնտեսությունում տեղյակ չեն՝ անտառապատման ինչ աշխատանքներ է իրականացրել «Թեղուտ» ընկերությունը: «Տնկումներ կատարվել են, հիմա էլ են կատարվում, բայց ճիշտ քանակ ես չեմ կարող ասել, քանի որ դա արվում է ՍՊԸ-ով: «Թեղուտ»-ը իրենց ֆինանսավորում է, իրենք էլ աշխատանքները անում են: Բոլոր տվյալները իրենց մոտ են: Մեզ հետ համագործակցություն այդպես անմիջական չկա: Հիմնականում կատարվում է համայնքային բաց տարածքներում, դրա համար մենք տվյալներ չունենք»,- ասաց Լալվարի անտառտնտեսության ավագ անտառապետ Արտեմ Աթանեսյանը: Նրա խոսքով՝ անտառտնտեսությունն միայն իրականացնում է ընկերության կողմից հատված անտառից առաջացած փայտանյութի վաճառքը (1 խմ/ 12.000 դրամ):
Արտեմ Աթանեսյան

Նյութը պատրաստվել է ENPI FLEG II ծրագրի շրջանակներում ացնկացված թրեյնինգի և մեդիա տուրի շրջանակներում: ENPI FLEG II ծրագիրն իրականացնում է Համաշխարհային բանկը Բնության պահպանության միջազգային միության (IUCN) և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հետ միասին Ավստրիական համագործակցության զարգացման գործակալության աջակցությամբ:
Նոյեմբեր 02, 2016 at 16:50
