Առաջնային մարտկոցների, էլեկտրական սարքավորումների թափոնների առաջացրած խնդիրները, դրանց լուծմանն ուղղված քայլերը Հայաստանում

Առաջնային մարտկոցների, էլեկտրական սարքավորումների թափոնների առաջացրած խնդիրները, դրանց լուծմանն ուղղված քայլերը Հայաստանում

Օր օրի մեր կենցաղում ավելանում է մարտկոցներով աշխատող իրերի տեսականին։  Դրանք  կենցաղային սարքավորումներում են, խաղալիքներում, արդեն նաև գրքերում։ Շահագործումից դուրս գալուց հետո մենք ազատվում ենք դրանցից։ Ամենատարածված ձևն աղբամանը նետելն է։ Աղբամանից դրանք հայտնվում են աղբանոցներում, և այդ  պահից սկսվում է գործընթաց, որն այլևս մեր վերահսկողությունից դուրս է։

Մարտկոցները վտանգավոր թափոններ են, որոնք աղտոտում են հողն ու ստորերկրյա ջրերը ծանր մետաղներով, այնուհետև ծանր մետաղները սննդի հետ հայտնվում են մեր սեղանին, ապա՝ մեր օրգանիզմում և առողջական տարբեր խնդիրների պատճառ դառնում։ Հայաստանը սկսել է  այս շղթան փոխելու առաջին փորձերը։

Մշակվել է Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) մասին օրենսդրական փաթեթը, որի ընդունմամբ առաջնային մարտկոցներ, ինչպես նաև սառնարաններ, սառցարաններ, լվացքի մեքենաներ և հեռուստացույցներ ներմուծողները պետք է պատասխանատվություն ստանձնեն այդ ապրանքների վաճառքից առաջացող թափոնների համար։

Քանի դեռ  օրենքը չկա, այս թափոնների կառավարման համար հոգացող էլ չկա։ Ըստ Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տվյալների՝ Հայաստանում տարեկան գոյանում է 200 տոննա առաջնային մարտկոցի թափոն և 1000 տոննա էլեկտրոնային և էլեկտրական սարքավորումների թափոն։

«Լինելով այս գործընթացի մեջ ներգրավված մարդ՝ ես շատ լավ եմ պատկերացնում, թե ինչ քանակությամբ, ինչ վտանգավորության ապրանքներ են ներմուծվում Հայաստան՝ որպես վերջնակետ։ Այստեղից ոչ մի տեղ չեն արտահանվում, կուտակվում են մեր փոքր երկրում՝ դառնալով թափոն։ Օրինակ՝ մարտկոցները, որոնք մենք հիմա նետում ենք աղբանոց և այլ վտանգավոր նյութեր։ Դրանք արևի, անձրևաջրերի տակ քայքայվում, կլանվում են ստորգետնյա ջրերի մեջ, հետո այդ ծանր մետաղները կուտակվում են մեր սննդի մեջ, պտուղ-բանջարեղենի տեսքով հայտնվում մեր երեխաների առջև։ ԱԸՊ օրենքի ընդունումը դիտարկում ենք որպես առաջին քայլ՝ ուղղված այդ էկոլոգիական աղետի կանխարգելմանը։ Մենք հասկանում ենք, որ լավագույն ներդրումը մեր պետության համար բնության պահպանումն է», - ասաց «Վեգա» ընկերության զարգացման գծով տնօրեն Արթուր Չոբանյանը։

«Վեգա» ընկերությունը Հայաստանում գործող եզակի կազմակերպություններից է, որ սեփական նախաձեռնությամբ  զբաղվում է հին կամ շահագործումից դուրս եկած կենցաղային սարքավորումների, առաջնային մարտկոցների հավաքմամբ, տեսակավորմամբ, վերամշակմամբ, օգտահանմամբ, իրացմամբ։ 2023թ․ ընկերությունը ստացել է վտանգավոր թափոնների կառավարման լիցենզիա։

Ընկերությունն իր խանութ-սրահներում տեղադրել է մարտկոցների հավաքագրման կետեր՝ յուրաքանչյուր մարտկոցի դիմաց հաճախորդներին տրամադրելով 10 դրամ բոնուս։

Հավաքագրված թափոնների իրացումից առաջացած գումարը «Վեգան» ուղղում է անտառապատման աշխատանքներին՝ համագործակցելով «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի հետ։

«Որոշում կայացվեց, որ  մենք պետք է նպաստենք շրջակա միջավայրի պահպանմանը և նվազեցնենք բնության վրա այն թափոնների վտանգավոր ազդեցությունը, որոնք գեներացվում են կենցաղային տեխնիկայի շահագործման արդյունքում։ Տնտեսական եկամուտ սրա մեջ չկա, ընդհակառակը, ուտիլիզացիան թանկ գործընթաց է և՛ աշխատուժի առումով, և՛ նյութերի ծախսի։ Եկամուտ չի բերում, բայց բերում է բարի համբավ։ Մյուս կողմից,  մեր ակցիաների շրջանակում մենք ունենում ենք հնարավորություն լրացուցիչ հաճախորդներ ներգրավելու», -Էկոլուրի հետ զրույցում  ասաց «Վեգա» ընկերության զարգացման գծով տնօրեն Արթուր Չոբանյանը։

Երբ Հայաստանում ներդրվի ԱԸՊ համակարգը, արտադրողները և ներմուծողները ֆինանսական միջոցներ կհատկացնեն Արտադրողի պատասխանատվության կազմակերպություններին (ԱՊԿ) թափոնների կառավարման համար, կամ հենց իրենք կիրականացնեն այդ գործառույթը՝ ստանալով համապատասխան արտոնագիր։

 «Շուկայում կհայտնվեն ընկերություններ, որոնք իրենց վրա կվերցնեն թափոնների կառավարումը, և այն կարող է դառնալ  եկամտաբեր բիզնես մոդել։ Սակայն շատ կարևոր է, որ պետությունը, տեսչական մարմինները խիստ վերահսկեն այն ընկերություններին, որոնք ԱԸՊ համակարգի շրջանակում զբաղվելու են թափոնների կառավարմամբ։ Այդ կազմակերպությունները պետք է լինեն պետության և հասարակության առաջ շատ թափանցիկ, որպեսզի կոռուպցիոն սխեմաները բացառվեն», - ասաց Արթուր Չոբանյանը։

Չի բացառվում, որ ԱԸՊ մասին օրենսդրության ընդունմամբ  որոշ ապրանքների գներ կթանկանան։ «Ֆինանսական բեռը պետք է կրեն արտադրողն ու ներմուծողը։ Դա անխուսափելիորեն ազդելու է ապրանքի գնի վրա։ Ցանկացած ապրանք, որը հետագայում դառնում է թափոն, անմիջապես դառնում է վնասակար բնակիչների համար։ Եթե մենք ուզում ենք առողջ ապրել, որպեսզի ապագայում մեր սերունդներն էլ առողջ լինեն և ունենան մաքուր շրջակա միջավայր, մենք այդ ֆինանսական բեռը պետք է կրենք այսօր։ Սա այն է, ինչի միջով անցել են եվրոպական երկրները։ ԱԸՊ օրենքի ընդունումը հենց այս մշակույթը կբերի»,- ասաց Արթուր Չոբանյանը։

Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:

Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։

Մայիս 22, 2026 at 11:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր