Շրջակա միջավայրի նախարարության պատասխանը՝ Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի գերշահագործման վերաբերյալ ԷկոԼուրի հարցմանը

Շրջակա միջավայրի նախարարության պատասխանը՝ Արարատյան դաշտի  ստորգետնյա ջրերի գերշահագործման վերաբերյալ ԷկոԼուրի հարցմանը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հարցմանը՝ կապված Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային ռեսուրսների գերշահագործման հետ: 

Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը ս.թ. դեկտեմբերի 20-ի N 4/07.214678 80 նամակով ներկայացրել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ավազանից ջրառի տվյալները, իրականացված ուսումնասիրությունները և ջրերի գերշահագործման կանխարգելմանն ուղղված իրավակարգավորումները:

«2017 թ. մինչ օրս լուծարվել է 10, կոնսերվացվել՝ 91 և փականային ռեժիմի է բերվել 210 խորքային հոր, ինչի արդյունքում խնայվել է՝ 10201 լ/վրկ ստորերկրյա քաղցրահամ ջուր:

2021թ-ի դեկտեմբերի դրությամբ, համաձայն տրված ջրօգտագործման թույլտվությունների, Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ավազանից ձկնաբուծության նպատակով իրականացվել է 760713,775 հազ. խմ/տարի ջրառ, որից 623547,387 հազ. խմ/տարի Արարատի մարզում,  137166,388 հազ. խմ/տարի Արմավիրի մարզում: Ոռոգման նպատակով իրականացվել է 179965,61 հազ. խմ/տարի ջրառ, որից 85627,79 հազ. խմ/տարի՝ Արարատի մարզում, 94337,82 հազ. խմ/տարի՝ Արմավիրի մարզում: Իսկ Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման նպատակով իրականացվել է 17545,795 հազ. խմ/տարի ջրառ:

ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի կողմից Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի եռաչափ մոդելի կիրառմամբ հաշվարկվել է, որ 2016թ. դրությամբ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ընդհանուր օգտագործելի ռեսուրսը կազմում է 926.73 մլն մ/տարի կամ 29.39 մ/վ, և այդ արժեքն ավելի քան 15%-ով պակաս է 1984թ. պաշարների պետական կոմիտեի կողմից հաստատված և 2015թ. «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքով սահմանված ստորերկրյա ջրառի տարեկան թույլատրելի 1,094.4 մլն մ ծավալից, ինչը կապված է նաև կլիմայի փոփոխության հետ:

Շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի հունիսի 9-ի N 171-Ա հրամանով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը 2021թ. Արարատյան դաշտի համայնքներում իրականացրել է ստորերկրյա ջրային` ռեսուրսների փաստացի վիճակի, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվություններով՝ տրված պայմանների կատարման վերաբերյալ ուսումնասիրություն։

Ուսումնասիրվել է 1873 խորքային հոր (ընդհանուր 1873 հորերից 1217-ը՝ շահագործվող), որից 780-ը՝ Արարատի (522-ը՝ շահագործվող), իսկ 1093-ը՝ Արմավիրի մարզերում (695-ը՝ շահագործվող):

Կատարված աշխատանքների հիման վրա վարչապետի աշխատակազմին առաջարկություններ են ներկայացվել` համայնքներում խորքային հորերի շահագործման համար ջրօգտագործման թույլտվությունների ստացման, ինչպես նաև խորքային հորերը փականներով և ջրաչափերով կահավորման համար։

Շրջակա միջավայրի նախարարությունը սերտորեն համագործակցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համայնքներում խորքային հորերի շահագործման համար ջրօգտագործման թույլտվությունների ստացման, ինչպես նաև խորքային հորերը փականներով և ջրաչափերով կահավորման խնդիրները լուծելու համար։

Արարատյան դաշտում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ապօրինի ջրառի և ջրօգտագործման թույլտվությունների պայմանների խախտման համար բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին ներկայացվել է 86 միջնորդագիր։ Շրջակա միջավայրի նախարարությունը 1,5 տարվա կտրվածքով խիստ վերահսկողություն է իրականացում ուսումնասիրությունների տեսքով բոլոր երկարաձգման ենթակա ջրօգտագործման թույլտվությունների, նոր տրված ջրօգտագործման թույլտվությունների նկատմամբ:

ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի կողմից «Արարատյան դաշտի ջրային և ջրատնտեսական հաշվեկշիռների արժեքները՝ հաշվարկված Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի մոդելավորման միջոցով» ուսումնասիրությունների ընթացքում հաշվարկվել է, որ 1991-2016թթ. Արարատյան դաշտում օդի միջին տարեկան ջերմաստիճանը բարձրացել է 0.6°C-ով՝ 1961-1990թթ.բազիսային ժամանակահատվածում օդի միջին ջերմաստիճանի նկատմամբ: 1991-2016թթ. Արարատյան դաշտում միջին տարեկան տեղումներն ավելացել են 9.7 մմ-ով՝ 1961-1990թթ. բազիսային ժամանակահատվածի միջինի նկատմամբ։ 1991-2016թթ. ժամանակահատվածում Արարատյան դաշտ մուտք գործող մակերևութային բնական հոսքի միջին տարեկան արժեքը 156.4 մլն խմ-ով նվազել է 1961-1990թթ. բազիսային ժամանակահատվածում Արարատյան դաշտ մուտք գործող մակերևութային բնական հոսքի միջին տարեկան արժեքի նկատմամբ», - նշված է պատասխան նամակում:

Շրջակա միջավայրի նախարարությունը նաև տրամադրել է Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային ռեսուրսների գերշահագործման կանխարգելմանն ուղղված իրավակարգավորումների ցանկը.

- ընդունվել է Կառավարության 2011 թվականի ապրիլի 8-ի «Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտագործման կարգը սահմանելու մասին» N 525-Ն որոշում, ինչը միտված է ստորերկրյա քաղցրահամ ջրերի ռացիոնալ օգտագործմանը և պահպանությանը, ինքնակամ հորատման գործունեության իրականացման կանխմանը,

- ընդունվել է շրջակա միջավայրի նախարարի 2011 թվականի հունիսի 30-ի «Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանելու մասին» N 233-Ն հրամանը, ինչով սահմանվել են ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական  սարքավորումներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները,

- մշակվել և վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով արգելք է նախատեսվել Արարատյան դաշտում (Արարատի և Արմավիրի մարզեր) նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով նաև գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման համար, ամրագրվել է հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում գործունեությունը փակ շրջանառու համակարգով իրականացնելու պարտադիր պահանջ, նախատեսվել է գարնանային վարարումների ժամանակ, աղտոտման աղբյուրներից հեռու, հրաբխային լեռնաշղթաների բարձրադիր գոտիներում այդ ջրաքանակից կատարել ստորերկրյա ջրերի արհեստական լրացում՝ հորիզոնական կամ ուղղաձիգ լեռնային փորվածքների օգնությամբ, Արարատյան դաշտի արտեզյան ջրավազանի վիճակի վերականգնման, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի լուծարման, կոնսերվացման գործընթացների պատշաճ իրականացման նպատակով առաջարկվել է ստեղծել Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ, և Ջրային օրենսգրքով սահմանել դրույթներ, համաձայն որոնց տնտեսվարողը պարտավոր կլինի ջրօգտագործման թույլտվության ստացման հայտին կից ներկայացնել համապատասխան ֆինանսական երաշխիքներ՝ ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ փոխանցված գումարի տեսքով, հետագայում դրանք չշահագործելու պարագայում պետության կողմից այդ հորերի լուծարման կամ կոնսերվացման գործընթացը կազմակերպելու ուղղությամբ, 

- ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի շրջանակներում կազմված «Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի մոդելավորման միջոցով Արարատյան դաշտի ջրային և ջրատնտեսական հաշվեկշիռների արժեքների հաշվարկում» հաշվետվության վերաբերյալ կազմակերպվել է քննարկում Շրջակա միջավայրի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների համապատասխան մասնագետների մասնակցությամբ: Ներկայում իրականացվում է հաշվետվության պետական ընդերքաբանական փորձաքննություն, կհրավիրվի Արարատյան արտեզյան ավազանի պաշարների վերագնահատման և հաստատման հանձնաժողով, իսկ Արարատյան արտեզյան ավազանի պաշարների հաստատումից հետո կիրականացվեն համապատասխան օրենսդրական փոփոխություններ:

Շրջակա միջավայրի նախարարությունը տրամադրել է Արարատյան դաշտի օդի ջերմաստիճանի, տեղումների քանակի և հիդրոլոգիական դիտակետերում մակերևութային ջրերի բնական հոսքի արժեքների փոփոխությունների կանխատեսումների վերլուծությունը։

Դեկտեմբեր 24, 2021 at 10:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր