Վեդի ջրամբարի կառուցման աշխատանքների 94%-ն իրականացված է. 3200 հա հող կոռոգվի

Վեդի ջրամբարի կառուցման աշխատանքների 94%-ն իրականացված է. 3200 հա հող կոռոգվի

Արարատի մարզում Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման աշխատանքների ավելի քան 94%-ն իրականացվել է: ՀՀ կառավարությունը 2023թ. սեպտեմբերի 14-ի նիստում ընդունեց Վեդի ջրամբարը շահագործման հանձնելու գործընթացն ապահովող որոշում: Ջրամբարը կառուցվում է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և ՀՀ կառավարության համաֆինանսավորման միջոցներով՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի շրջանակներում:

Ըստ որոշման հիմնավորման՝ ջրամբարի շահագործման արդյունքում կապահովվի Արարատի մարզի 8 բնակավայրերի ավելի քան 3200 հա հողատարածքների հուսալի ոռոգումը, ինչպես նաև տարեկան հնարավոր կլինի տնտեսել շուրջ 19 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։ Ջրամբարը կունենա 29,4 մլն խմ ընդհանուր ծավալ: 

Ըստ Կառավարության պաշտոնական կայքի՝ ներկայում կառուցված է հիմնական պատվարի 85 մետր բարձրության շուրջ 75 մետր հատվածը։ Ավարտական փուլում են գտնվում նաև հիդրոմեխանիկական սարքավորումների տեղադրման աշխատանքները։ «Պայմանագրի իրականացման ընթացքում ընկերության մոտ ի հայտ եկան ֆինանսական խնդիրներ, որոնք պայմանավորված էին մի շարք հանգամանքներով, ներառյալ կորոնավիրուսային վարակով, պատերազմական իրավիճակով, շինարարական նյութերի թանկացմամբ և այլն։ Որոշմամբ ակնկալվում է մեղմացնել ՀՀ-ում արտարժույթի փոխարժեքի նվազման բացասական ազդեցությունը և ընկերության ֆինանսական վատ վիճակը՝ ապահովելով պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտը 2023թ. դեկտեմբերին»,- նշված է որոշման հիմնավորման մեջ:

Սեպտեմբեր 15, 2023 at 14:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր