Ջրային կոմիտեն մշակում է Սևանա լճից լրացուցիչ ջրառի վերաբերյալ կառավարության որոշման նախագիծ

Ջրային կոմիտեն մշակում է Սևանա լճից լրացուցիչ ջրառի  վերաբերյալ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն մշակում է «Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու նպատակով միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրությունից, «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են Էկոնոմիկայի և Շրջակա միջավայրի նախարարությունների առաջարկների հիման վրա Ջրային կոմիտեի կողմից մշակվող այդ որոշման նախագծի քննարկմանը։

Նախագիծն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակում (e-draft.am) դեռ հասանելի չէ: Սակայն վերնագիրն ավելի քան խոսուն է, այն Սևանա լճից լրացուցիչ ջրառին է վերաբերում։

Հիշեցնենք, որ 2023թ․ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մշակեց և շրջանառության մեջ դրեց «Սևանա լճի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնց նպատակն էր բացառել Սևանա լճից հավելյալ ջրառը՝ լճի բացասական հաշվեկշռի պարագայում, ինչպես նաև Սևանա լճի բացասական հաշվեկշռի պարագայում սակավաջրությունը չդիտարկել լճից ջրառի միակ հնարավոր աղբյուր, այլ նախապես պլանավորել և ունենալ ջրի դեֆիցիտի մեղմանն ուղղված այլ աղբյուրներ և միջոցառումներ։ Սակայն օրինագծերը չեն ընդունվել։

Վերջին տարիներին Սևանա լճից լրացուցիչ ջրառներ են իրականացվել լճի բացասական հաշվեկշռի պայմաններում։

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ ըստ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի

1. 2023թ․ իրականացվել է 228․234 միլիոն խմ ջրառ, որից հավելյալ ջրառը կազմել է 58,234 միլիոն խմ։ Լճի մակարդակը 2023թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ լճի մակարդակը կազմել է 1900.17 մ, ինչը 11 սմ-ով ցածր է նախորդ տարվա մակարդակից։ Գրանցվել է բացասական հաշվեկշիռ:
2. 2021թ-ին իրականացվել է 227.651 միլիոն խմ ջրառ, որից հավելյալ ջրառը կազմել է 57,651 միլիոն խմ: Լճի մակարդակը կազմել է 1900․43 մ, նախորդ տարվա համեմատ իջել է 9 սմ-ով: Գրանցվել է բացասական հաշվեկշիռ:
3. 2018թ-ին իրականացվել է 200.623 միլիոն խմ ջրառ, որից հավելյալ ջրառը կազմել է 30.623 միլիոն խմ: Լճի մակարդակը կազմել է 1900.39 մ, նախորդ տարվա համեմատ իջել է 3 սմ-ով: Գրանցվել է բացասական հաշվեկշիռ:
4. 2017թ-ին իրականացվել է 266.757 միլիոն խմ ջրառ, որից հավելյալ ջրառը կազմել է 96.757 միլիոն խմ: Լճի մակարդակը կազմել է 1900.42 մ, նախորդ տարվա համեմատ մակարդակն իջել է 4 սմ-ով: Գրանցվել է բացասական հաշվեկշիռ:
5. 2014թ-ին իրականացվել է 269.6 միլիոն խմ ջրառ, որից հավելյալ ջրառը կազմել է 99.6 միլիոն խմ: Լճի մակարդակը կազմել է 1900.13 մ, նախորդ տարվա համեմատ իջել է 3 սմ-ով: Գրանցվել է բացասական հաշվեկշիռ:
6. 2012թ-ին իրականացվել է 317.62 միլիոն խմ ջրառ, որից հավելյալ ջրառը կազմել է 147.62 միլիոն խմ: Լճի մակարդակը կազմել է 1900.10 մ՝ իջնելով 3 սմ-ով: Գրանցվել է բացասական հաշվեկշիռ:
7. 2008թ. իրականացվել է 303.69 միլիոն խմ ջրառ, որից հավելյալ ջրառը կազմել է 133.69 միլիոն խմ: Լճի մակարդակը 1898.79 մ-ից բարձրացել է 6 սմ-ով՝ կազմելով 1898.85մ: Գրանցվել է դրական հաշվեկշիռ:

Լրացում․ Իրականում մշակվում է Սևանա լճից լրացուցիչ ջրառ չիրականացնելու միջոցառումների մասին որոշման նախագիծ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և Ջրային կոմիտեն պարզաբանում են

Մարտ 06, 2024 at 15:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր