Արագածի համայնքապետը` փոքր ՀԷԿ-երի ազդեցության մասին

Արագածի համայնքապետը` փոքր ՀԷԿ-երի ազդեցության մասին

ԷկոԼուր

Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչներն ահազանգում են, որ գարնանը Գեղարոտ գետի ջրի գույնը դառնում է դարչնագույն: Նրանք գետի վիճակը պայմանավորում են Գեղարոտ գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երով: «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում ԷկոԼուրը այցելեց Արագած:

Արագածի համայնքապետ Հենրիկ Հովհաննիսյանը ԷկոԼուրին ներկայացրեց անկախ փորձագետներ Սեյրան Մինասյանի եւ Արեւիկ Հայրապետյանի «Գեղարոտ գետի վերին եւ միջին հոսանքների ջրերի էկոքիմիական վերլուծություն» հետազոտության արդյունքները: Հետազոտության մեջ մասնավորապես նշված է. «Գեղարոտ գետի ջրերում Fe, Al, Co, Mn, Cr, Cd, Zn, Na, Mg, Ca, K մետաղների ու տարրերի պարունակության հետազոտությունից պարզվում է, որ երկու գործող ՓՀԷԿ-երից անմիջապես ներքեւի դիտակետերի ջրերում նշված տարրերի կոնցենտրացիաները զգալի (2-10 անգամ, միջինը` 5-7 անգամ) գերազանցում է ՓՀԷԿ-երից վերեւ գտնվող դիտակետերի ջրերում առկա կոնցենտրացիաներին: Սա ցույց է տալիս, որ գործող 2 ՓՀԷԿ-երը զգալի ազդեցություն ունեն գետի ջրերի որակի վրա»:

ԷկոԼուր.

- Ի՞նչ ազդեցություն ունեն ՓՀԷԿ-երը համայնքի վրա:

Հենրիկ Հովհաննիսյան.

- ՀԷԿ-երից վերև և ՀԷԿ-երից ներքև գյուղի սկզբնամասում ջրի որակի որոշակի փոփոխություն, բնականաբար, կա, բայց այդ փոփոխությունը գարնան և ամռան ամիսներին՝ ոռոգման սեզոնի ժամանակ, այդքան մեծ ազդեցություն չունի: Աշնանը ինքը անպայման փոփոխության ենթարկվում է, որովհետև ջրի սակավության դեպքում այն կոմպոնենտները, ջրի մեջ ծանր մետաղները որ կան, այդ ծանր մետաղների ազդեցությունը և գործոնը արդեն սկսում է ցույց տալ, որ կա այդ քանակությունը: Ես չունեմ որևիցե հստակ տեղեկատվություն, որ ՀԷԿ-երը ազդում են ջրի որակի վրա: Եթե ինչ-որ պահեր լինեն, որ մենք հասկանանք, որ ՀԷԿ-երն ազդեցություն ունեն, որ համայնքում խնդիրներ են առաջանում ոռոգման հետ կապված, անպայման կդիմենք համապատասխան մարմիններին: Ես կանգնած եմ իմ համայնքի բնակիչների կողքին և եթե հասկանամ, որ վտանգ է ներկայացնում, ավելի լավ է երկու ՀԷԿ չաշխատի, քան մի ամբողջ համայնք գաղթի այստեղից:

ԷկոԼուր.

- Իսկ սոցիալական ծրագրեր համայնքի համար իրականացվո՞ւմ են ՓՀԷԿ-երի կողմից:

 ՀենրիկՀովհաննիսյան.

-Անցյալ տարի ջրի սակավություն կար:  ՀԷԿ-երի տնօրինության բացատրելով՝ իրենք աշխատել են ոչ թե շահույթով, այլ մինուսով: Բայց մարդիկ փորձեցին որոշակի ներդրում անել: Ես խնդիր ունեի՝ կապված գազի համաֆինանսավորման հետ: Ներքևի ՀԷԿ-ի տնօրենը համաձայնվեց ինձ հետ և 500.000 դրամ ներդում արեց գազի ֆինանսավորման մասով: Բայց դա այդքան էական չի: Թեկուզ 3, 4, 10 միլիոն էլ տան համայնքին, դա կարևոր չէ: Պետք է հասկանանք՝ իրո՞ք ՀԷԿ-ը վնաս է տալիս, իրո՞ք ինքը իրենից վտանգ է ներկայացնում: Եթե ինքը իրենից վտանգ է ներկայացնում, ուզում է 20, 30 միլիոն տա, դա սուտ է: Ժողովուրդն ասում է՝ մեր ջուրը մաքուր լինի, իմ տնկած կարտոֆիլը, իմ  աճեցրած ծառը չչորանա, մեզ խնդիր չկա:



Հուլիս 03, 2015 at 13:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր