ՓՀԷԿ-ի կառուցումից հետո Մեղրի գետում միայն կոյուղաջրերն են մնալու. Լեհվազի բնակիչ

ՓՀԷԿ-ի կառուցումից հետո Մեղրի գետում միայն կոյուղաջրերն են մնալու. Լեհվազի բնակիչ

ԷկոԼուր

Սույն թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ Սյունիքի մարզի Լեհվազի գյուղապետարանում տեղի ունեցան «Գրին Փաուեր» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Մեղրի-1» ՓՀԷԿ-ի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները:

Նախագծող «Գիդէպինվեստ» ՍՊԸ-ի գլխավոր ճարտարագետ Էդվարդ Մկրտչյանը ներկայացրեց նախագծի տեխնիկատնտեսական մասը:

««Մեղրի-1» ՓՀԷԿ-ը ունենալու է 2.4 մեգավատ ընդհանուր հզորություն,  բաղկացած գլխամասային հանգույցից, մոտ 1.9 կիլոմետր երկարությամբ ճնշումային խողովակաշարից և ՀԷԿ-ի շենքից: Գլխամասային հանգույցում տեղադրվելու են ձկնանց կառուցվածք, ճնշումային ավազան, ջրընդունիչ հանգույց և ջրթափային պատվար: Ճնշումային խողովակաշարը լինելու է 1420 մմ խողովակաշարով: ՀԷԿ-ի շենքում տեղադրվելու է 2 հիդրոագրեգատ 2.4 մեգավատ ընդհանուր հաշվարկային հզորությամբ: Բնապահպանական սանիտարական ելքը կազմում է 100 լ/վրկ: Խողովակաշարը անցկացվելու է գոյություն ունեցող ոռոգման ջրատարի կողքով», - ասաց Էդվարդ Մկրտչյանը:

 Լեհվազի համայնքապետ Սասուն Զաքարյանը նշեց, որ համայնքը, իհարկե, ողջունում է նախագիծը, բայց բոլոր չափանիշները և նորմատիվները պետք է պահպանվեն:

Բնակիչները հարց ուղղեցին՝ ո՞վ է վերահսկելու, որպեսզի 100 լ/վրկ ջուրը պարտադիր պահպանվի:

«Դա վերահսկողության կարիք չի զգում, այդ ջուրը ավտոմատ գնալու է: Մեր նախագծով ձկնուղու նիշը գտնվում է ավելի ցածր, քան ջրընդունիչի նիշը», - պատասխանեց Էդվարդ Մկրտչյանը:

Լեհվազ համայնքի բնակչուհին հարց ուղղեց. «Ի՞նչ է շահելու լեհվազեցին այդ կառույցից…ի՞նչ եք ակնկալում, որ մենք մեր համաձայնությո՞ւնը տանք, թե ի՞նչ»:

«Գրին Փաուեր» ՍՊԸ-ի մենեջեր Խաչատուր Ավետիսյանն ասաց. «Հիմնական աշխատողները լինելու են համայնքի բնակիչները: Մենք համայնքի ղեկավարի հետ քննարկել ենք, որ ուզում ենք խաղահրապարակ կառուցել համայնքի համար, և մեր անելիքը լինելու է շարունակական»:

«Ինչ-որ խաղահրապարակ ստեղծելով, ինչ որ բարեգործություն անելով…դա մի քանի տարիների խնդիր է, բայց չէ՞ որ մարդիկ այստեղ տարիներով ապրում են», - արձագանքեց բնակիչը:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց, որ անցկացվող հասարակական լսումները պետք է վերաբերեն ոչ թե նախագծի տեխնիկական մասին, այլ ռիսկերին, որոնք պետք է արտացոլված լինեն ՇՄԱԳ փաստաթղթում:

«Դուք պետք է ներկայացնեք բոլոր բնապահպանական ռիսկերը, որպեսզի մենք հասկանանք՝ ինչ պետք է քննարկենք», - ասաց Ինգա Զարաֆյանը:

«Խողովակաշարը անց է կացվելու գոյություն ունեցող ոռոգման ջրատարի կողքով: Այսինքն ոչ մի անտառահատում, ոչ մի թուփ, ոչ մի ազդեցություն չի ունենալու շրջակա միջավայրի վրա», - պատասխանեց նախագծող «Գիդէպինվեստ» ՍՊԸ-ի գլխավոր ճարտարագետ Էդվարդ Մկրտչյանը:

«Դուք ռիսկերի մասին ոչինչ չեք ասում...ՇՄԱԳ-ի մասին ոչ մի խոսք չկա», - ասաց Ինգա Զարաֆյանը:

ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ Զարուհի Զուռնաչյանը արձագանքեց. «Նա գլխավոր ճարտարագետն է, ոչ թե բնապահպանը, այդ պատճառով բնապահպանական տեսանկյունից ներկայացնելը լավ չի ստացվում, թե չէ նախագծում ներկայացված է և կենսաբազմազանությունը, և բուսականությունը, և ջրային ռեսուրսների պահպանությունը…ամեն ինչ ներկայացված է»:

ԷկոԼուրը հետաքրքրվեց, թե ինչ ազդեցություն կունենա փոքր ՀԷԿ-ը Մեղրի գետի էկոհամակարգի վրա:

Էդվարդ Մկրտչյանը պնդեց, որ ոչ մի բացասական ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ պահպանվելու են ՀՀ-ում գործող բոլոր նորմատիվները:

ԷկոԼուրի հարցին՝ ունի արդյոք գետը սանիտարական ֆունկցիա բնակչության համար, բնակիչները պատասխանեցին. «Վերևի գյուղերի բոլոր կոյուղաջրերը լցվում են գետը, և գետում միայն կոյուղաջրերն են մնալու»:

Հարցին, թե պոտենցիալ որքան ջուր կարող է վերցվել գետից խողովակների մեջ, նախագծող ընկերությունը պատասխանեց, որ հաշվարկային ելքից ավել չի կարող վերցվել, քանի որ տուրբինի թողունակությունը հաշվարկային ելքով է որոշվում՝ 3.8 մետր խ/վ:

Հարցին, թե ինչու է այդ դեպքում ընկերությունը վերցնում այդքան մեծ խողովակներ:

Էդվարդ Մկրտչյանը պատասխանեց. «Դա տեխնիկատնտեսական հաշվարկ է, դա մասնագիտական հարց է, երկար քննարկում կլինի»:

Բնակիչները արձագանքեցին՝ ՀԷԿ-ի համար պահեստային ջուր է:

Ի պատասխան Էդվարդ Մկրտչյանը ասաց. »Պահեստային ջրի ոչ մի խնդիր չկա, մեկ խողովակ է լինելու»:

Նա նաև նշեց, որ ՓՀԷԿ-ը տարվա մեջ աշխատելու է 2 ամիս՝ վարարման ժամանակ, իսկ մնացած ամիսներին փոքր հզորությունով է աշխատելու:

Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությանը ներկայացված Մեղրի-1» ՓՀԷԿ-ի կառուցման նախնական գնահատման հայտում նշված է, որ ՓՀԷԿ-ը նորոգումների պատճառով տարեկան կշահագործվի 11 ամիս կամ 330 օր եւ ոչինչ այն մասին, որ ամբողջ հզորությամբ ՓՀԷԿ-ն աշխատելու է միայն 2 ամիս վարարման սեզոնին: Հայտում նաեւ նշված է, որ ՓՀԷԿ-ը տարեկան կարտադրի 10.56 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, որը կապահովի տարեկան 214.2 միլիոն դրամ գումարի զուտ իրացում:

«Մեղրի-1» ՓՀԷԿ-ի կառուցման համար նախնական հաշվարկված ներդրումային գումարը կազմում է 1022.86 մլն. դրամ, առանց ԱԱՀ-ի: Արտաքին ֆինանսավորման գումարը կազմում 716.0 միլիոն դրամ` 70%: Նախատեսվում է, որ «Մեղրի 1» ՓՀԷԿ-ը կկառուցվի եւ կշահագործվի 2014-2021թթ:

Շահագործումը կսկսվի 2016թ. սեպտեմբեր ամսից։

Մեղրի գետի վրա արդեն իսկ կառուցված է 3 ՓՀԷԿ, որոնք խողովակի մեջ են վերցրել գետի գումարային երկարության 20.81%-ը` ճգնաժամային վիճակ ստեղծելով գետի համար:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



Նոյեմբեր 14, 2014 at 16:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր