

«ԷկոԼուր»
Մինչ բնապահպանական հասարակական կազմակերպություններն անցկացնում են «S.O.S. Սեւան» կամպանիան, ուղղված Սեւանի ավազանում ոսկու կորզման ֆաբրիկայի կառուցման դեմ, եվ իշխանություններից պահանջում են պահպանել «Սեւանի մասին» ՀՀ օրենքը, որի 10-րդ հոդվածով ուղղակիորեն արգելվում է Սեւանի ավազանում լեռնահանքային գործունեությունը, հայտնվեց Շորժայի եվ Ջիլի հանքավայրերի շահագործման եվ Սեւանում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման նոր նախագիծ:
Նոյեմբերի 12-ին՝ նախագծի շնորհանդեսի ժամանակ, պարզ դարձավ, որ այն արդեն իսկ ՀՀ բնապահպանության նախարարության Պետական էկոլոգիական փորձագիտության կողմից դրական եզրակացություն է ստացել, այն էլ գործնականորեն առանց հասարակական քննարկման: Ավելի քան 100 բնապահպանական հասարակական կազմակերպությունների առկայության պարագայում, որոնց մեկ երրորդը միավորված է Դաշինքում, ոչ ոք չգիտի նախագծի իրականացման մասին:
Այն հարցին, թե ինչու է խախտվել օրենքը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացավ, որ հասարակական կազմակերպությունների համար քննարկումը կանցկացվի բնապահպանության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ հասարակայնությունն անհրաժեշտ բացատրությունները կստանա:
ՕՐԵՆՔԻՆ ԱՆՏԵՂՅԱԿ ՕՐԵՆՍԴԻՐԸ, ԿԱՄ՝ ՍԵՎԱՆԸ ԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԳԵՐԻ
Նելլի Դանիելյան, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն
Սեւանի ավազանում կառուցվող նոր հարստացուցիչ գործարանի մասին վերջին շրջանում տարածված լուրերն այսօր առարկայացան: Նորաստեղծ «Գեգամետ» ընկերությունը 25 մլն դոլարի ներդրում է նախատեսել Շորժայի եւ Ջիլի դունիտ-պերիդոտիտների եւ քրոմաքարի հանքավայրերի շահագործման եւ դրանց վերամշակման համար: Ընդ որում, վերամշակումը կատարվելու է Սեւանի ավազանում, կառուցվելու է ոչ թե մեկ լեռնահարստացուցիչ կոմբինատ, այլ մի քանի արտադրատեսակների մշակման գործարաններ:
«Մեր տեխնոլոգիաները անմնացորդ են: Վտանգավոր թափոններ չեն մնում: Բոլոր բաղադրիչները վերամշակվելու են: Քրոմի արտադրական մնացորդներից ստացվում է հրակայուն, բարձր որակի հումք, որը կարելի է վաճառել ձուլարաններին: Վերամշակումը կատարվում է առանց քիմիական նյութերի, միայն մաքուր ջրով»,-նշում է ՌԴ գունավոր մետաղների ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Պավել Կովգանը:
Ի դեպ, անկախ տեխնոլոգիաների գերարդիական լինելուց, «Սեւանի մասին» օրենքն արգելում է «անմիջական ազդեցության գոտում» ցանկացած արտադրության, հատկապես` «հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը»: Այդուհանդերձ, ոչ միայն սեփականատերերը, այլեւ ծրագրի ներկայացմանը ներկա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը օրենքի խախտում չեն տեսնում:
Տիգրան Սարգսյան. «Եթե հակասեր «Սեւանի մասին» օրենքին, ապա ես այստեղ չէի լինի: Խստագույնս ձեզ հետ միասին հետեւելու եմ, որ էկոլոգիական բոլոր նորմերը պահպանվեն»:
Ծրագրի հեղինակները նաեւ վստահեցնում են, որ այն ստացել է բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը, հասարակական լսումներ անցել:
Խաչիկ Մանուկյան, ԱԺ պատգամավոր. «Հասարակական լսումները տեղում ենք արել՝ Շորժայում»:
Բնապահպանական փորձաքննության կամ հանքավայրի շահագործման արտոնագրի մասին որեւէ տեղեկատվություն բնապահպանության նախարարության պաշտոնական կայքէջում գտնել չհաջողվեց, իսկ հասարակական կազմակերպություններն այս ծրագրի գոյության մասին չէին էլ լսել:
Այդուհանդերձ, ովքե՞ր են կանգնած բնության հաշվին իրականացող հերթական բիզնես ծրագրի հետեւում՝ համաձայն տարածված պաշտոնական հաղորդագրության, «Յունիբանկ»-ի եւ «Յունիստրիմ» բանկի սեփականատեր, ռուսաստանցի Գագիկ Զաքարյանը, հայաստանյան «Մետտա գրուպ» ընկերության հիմնադիր Վլադիմիր Գասպարյանը եւ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Տորենտ Հոլդինգ Լիմետեդ»-ի հիմնադիր Մհեր Բագրատյանը: Վերջին երկուսը, սակայն, շնորհանդեսին ներկա չէին, փոխարենը նախագիծն ակտիվորեն ներկայացնում էր ԱԺ հանրապետական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը: Երբ փորձեցի պարզել նրա առնչությունը նորաստեղծ բիզնեսին` պատասխանն առավել քան անկեղծ էր: «Սեփականատեր ե՞ք հիմնարկի»,- հարցիս պատգամավորը պատասխանեց. «Իհարկե»: Սակայն, երբ դահլիճից նրա թիմակիցներից մեկը փորձեց կանխել բացահայտումը, տեղից գոռալով` ո’չ, Խաչիկ Մանուկյանը որոշեց ճշտել, թե` Գեգամետի հիմնադիրներից եմ:
Այն, որ պատգամավորը տեղյակ չէ «Սեւանի մասին» օրենքի պահանջներին, թերեւս տարօրինակ չէ, քանի որ այն ընդունվել է 2001-ին, երբ ինքը դեռեւս պատգամավոր չէր, բայց տեղյակ չէ նաեւ ԱԺ կանոնակարգին, որի համաձայն՝ ինքն իրավունք չունի զբաղվել ձեռնարկատիրկան գործունեությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ 25 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱԳԻԾ
Սամվել Սարգսյան, «Նոյյան Տապան»
Հայ-ռուս-բրիտանական «ԳԵԳԱՄԵՏ» հանքարդյունաբերական նորաստեղծ ձեռնարկության գործունեության մեկնարկը կնշանավորվի 25 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային նախագծով, որը համատեղ կիրականացնեն ռուսական «Յունիաստրում Բանկ»-ը, այդ բանկի կողմից հիմնադրված հայկական «Յունիբանկ»-ը, հայկական «Metta Group» եւ Բրիտանական Վիրջինյան կղզիների «Torront Holdings Limited» ընկերությունները: Այս մասին հայտարարվեց կողմերի ներկայացուցիչների համատեղ ասուլիսի ժամանակ, որին մասնակցեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նախագծին մասնակից «Մաքս Գրուպ» ընկերության հիմնադիր, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Մանուկյանը նշեց, որ ներդրումային նախագիծը ներառում է Շորժայի եւ Ջիլի հանքավայրերի շահագործումը, լեռնահարստացման կոմբինատի կառուցումը, հրակայուն աղյուսների /տարեկան 20 մլն հատ հզորությամբ/, ցեմենտի ստացման հավելանյութերի /տարեկան 150 հազար տոննա հզորությամբ/, քրոմի խթանյութի /տարեկան 50 հազար տոննա հզորությամբ/ եւ երկաթաքրոմի /տարեկան 20 հազար տոննա հզորությամբ/ գործարանների շինարարությունը:
Նշված բանկերի համասեփականատեր Գ.Զաքարյանը հնարավոր համարեց նաեւ նշված հանքավայրերի հանքանյութից ոսկու եւ պլատինի կորզումը: Նրա գնահատմամբ, նախագծով նմերդրումները կվերադառնան 3 տարվա ընթացքում, ինչը վերադարձնելիության շատ բարձր ցուցանիշ է: Նախատեսվում է, որ այդ ծրագրերի իրականացման արդյուքնում կստեղծվի 500 աշխատատեղ:
Ըստ ռուսաստանյան «ԳԻՆՑՎԵՏՄԵՏ» գիտահետազոտական ինստիտուտի փոշեմետալուրգիայի լաբորատորիայի վարիչ Պավել Կովգանի, «ԳԵԳԱՄԵՏ»-ն օգտագործելու է իր մտավոր սեփականությունը հանդիսացող տեխնոլոգիաները: Նրա խոսքերով, Սեւանա լճի ափին կառուցվելիք լեռնահարստացման կոմբինատում կիրառվելու են անթափոն տեխնոլոգիաներ, իսկ քրոմի ձուլման համար ջուրը կօգտագործվի փակ ցիկլով:
Ըստ Տ.Սարգսյանի, իրականացվելիք նախագծի մեկնարկը տրվում է միջազգային ֆինանսական ճգնաժամի պայմաններում, երբ հանքարդյունաբերական արտադրանքի գները միջազգային շուկաներում նվազում են: Նրա խոսքերով, այդ նախագիծը վկայում է Հայաստանի նկատմամբ ներդրողների վստահության մասին: Հույս հայտնվեց, որ «ԳԵԳԱՄԵՏ»-ի, ինչպես նաեւ Գ.Զաքարյանի կողմից Հայաստանում «ՅՈՒՆԻՌԵՍՈ» ապահովագրական ընկերության հիմնադրման ներդրումները կունենան ցուցադրական էֆեկտ այն առումով, որ ԱՊՀ երկրների սփյուռքահայերը Հայաստանում կգտնեն իրենց խնայողությունների եւ ներդրումների համար հուսալի, երաշխավորված նախագծեր: «Կարծում եմ, որ Հայաստանը ներկայումս ունի իր առավելությունը ցուցադրելու եւ այդ ներդրումները ներգրավելու շանս»,-նշեց ՀՀ վարչապետը:
Նա վստահեցրեց, որ «ԳԵԳԱՄԵՏ»-ի նախագիծը համապատասխանում է Սեւանի մասին ՀՀ օրենքի պահանջներին եւ նախագծի իրականացման ժամանակ էկոլոգիական նորմերը պետք է պահպանվեն: Տ.Սարգսյանը հայտնեց ներդրողների հետ միասին շահագրգիռ բոլոր կողմերի եւ անկախ փորձագետների մասնակցությամբ «ԳԵԳԱՄԵՏ»-ի նախագծի հասարակական քննարկումներ կազմակերպելու պատրաստակամություն:
Նոյեմբեր 14, 2008
