Նոյյան Տապան
ՀՀ ինքնահարատ (կայուն) զարգացման ազգային խորհրդի պարբերաբար հրավիրվելիք նիստերում քննարկման կդրվեն բնապահպանական, քաղաքաշինական եւ այլ կարեւորագույն խնդիրներ: Այս մասին խորհրդի հունվարի 23-ի նիստում հայտարարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այդ քննարկումների արդյունքում խորհուրդը կկարողանա փոխընդունելի եւ ճիշտ որոշումներ կայացնել` Կայուն զարգացման ազգային ծրագրի հիմնական սկզբունքների իրականացման նպատակով:
Խորհուրդը քննարկել է Երեւան քաղաքի էկոլոգիական իրավիճակին` դրա պատճառներին, հետեւանքներին, բարելավման ուղիներին, ինչպես նաեւ մայրաքաղաքում աղբահանության կազմակերպմանն առնչվող հարցեր:
Երեւան քաղաքի էկոլոգիական իրավիճակի վերաբերյալ իրենց զեկուցումներում «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանն անդրադարձել են մայրաքաղաքի օդային եւ ջրային ավազանների, կանաչ գոտիների ներկա վիճակի, սեյսմիկ ռիսկի, բնակչության առողջության վրա Երեւանի շրջակա միջավայրի ազդեցության, քաղաքի էկոլոգիական զարգացման հնարավոր սցենարների եւ այլ հարցերի վերլուծությանը: Ա.Մարտիրոսյանը ներկայացրել է Երեւանի գլխավոր հատակագծով նախատեսված եւ արդեն իսկ որոշ չափով իրականացված միջոցառումները եւս: Աղբահանության հարցի վերաբերյալ իրավիճակը ներկայացրել է քաղաքապետարանի աշխատակազմի Կոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը:
Ամփոփելով քննարկման արդյունքները, Տ.Սարգսյանն ընդգծել է, որ չնայած կատարված զգալի աշխատանքներին, մայրաքաղաքում դեռեւս բազմաթիվ լրջագույն խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում: Նա համաձայնել է ՀԿ-ների ներկայացուցիչների եւ ԱԺ պատգամավորների այն կարծիքին, որ ոչ մի իրականացված աշխատանք չի կարող արժանանալ ժողովրդի դրական գնահատականին, քանի դեռ շրջապատում թեկուզեւ մեկ կամ մի քանի անընդունելի, անտրամաբանական եւ դատապարտելի երեւույթներ կան:
Նշելով, որ խորհրդի հաջորդ նիստը նվիրված է լինելու Սեւանա լճի էկոլոգիական իրավիճակի քննարկմանը, վարչապետը հանձնարարել է զեկույցը պատրաստողներին` այդ հիմնախնդրի վերաբերյալ բոլոր առաջարկությունները նախապես տրամադրել խորհրդի անդամներին` դրանց շուրջ շահագրգիռ եւ արդյունավետ քննարկում կազմակերպելու համար:
Հունվար 29, 2009
