Սամվել Ալեքսանյան, «Սյունաց երկիր»
«Լուլիարը» չի՞ զբաղվում ուրանի որոնումներով
«Սյունյաց երկրի» նախորդ համարում (N16, 10 հունիսի 2009թ.) սենսացիոն մի տեղեկատվություն էր հրապարակվել: Ըստ այդ տեղեկատվության այսօր Սյունիքի մարզի տարածքում 59 կազմակերպություն զբաղվում է երկրաբանական-հետախուզական ուսումնասիրությամբ: Հրապարակվել էր նաեւ այդ կազմակերպությունների ցանկը: Մեր ընթերցողներից շատերը, դատելով արձագանքներից, չեն հավատում, որ Սյունիքի ընդերքի վրա նման մասշտաբային եւ աննախադեպ գրոհ է ձեռնարկվել: Իսկ նրանք, ովքեր ընդունել են այդ տեղեկատվության հավաստիությունը, մտահոգված են մարզի բնապահպանական կացությամբ, ինչն արդեն դառնում է աղետալի: Ի դեպ, մարզի բնապահպանական իրական վիճակն առայսօր ոչ ոք (այդ թվում` «Սյունյաց երկիրը») չի ուսումնասիրել ու ներկայացրել: Դա քննության լուրջ թեմա է, որով, կարծում ենք, պետք է զբաղվել, այն էլ` մասնագետների ու փորձագետների օժանդակությամբ:
Բնապահպանական ոլորտին առնչվող բազմաթիվ հարցերից մեկն այսօր առավել քան հրատապ է: Փաստորեն, 59 կազմակերպության Սյունիքում տրվել է երկրաբանական-հետախուզական աշխատանքների իրականացման արտոնագիր: Այդ կազմակերպություններին տրվել է հազարավոր հեկտար հողատարածքներ: Հետաքրքիր է, այդ համայնքների ղեկավարները հողատարածքները հատկացնելիս հարցրե՞լ են իրենց համայնքի բնակիչներից, թե՞ ոչ: Չէ՞ որ, կրկնում ենք, դա տարածքում բնապահպանական միանգամայն նոր իրավիճակ է ստեղծում:
Մեր ունեցած տեղեկություններով, օրինակ, Լեռնաձոր գյուղում բնակիչները մտահոգված են ուրանի հնարավոր արդյունահանման շուրջ ծավալված խոսակցություններով` նկատի ունենալով, որ ուրանի պաշարների զգալի մասը գտնվում է իրենց գյուղի մերձակայքում: Համեմատաբար տարեցները հիշում են անգամ խորհրդային տարիներին այդ տարածքում կատարված աշխատանքների մասին: Մինչեւ հիմա քննարկում են այդ աշխատանքների ընթացքում համագյուղացիներից մեկի մահվան պատճառը: Եվ պատահական չէ, որ գյուղի մերձակայքում իրականացվող նմանատիպ ցանկացած աշխատանք հերթական անգամ տագնապ է հարուցում գյուղում:
Մի քանի օր առաջ խմբագրությունում ահազանգ էր ստացվել այն մասին, թե Կաթնառատ եւ Փուխրուտ գյուղերի մոտակայքում` Աղբիսի գագաթին (այդ վայրը գյուղացիները կոչում են նաեւ Լալայի արտ կամ Ծկթանցու քոլ) ուրանի արդյունահանման համար աշխատանքներ են սկսել: Մեր ստեղծագործական խումբն այցելել է այդ վայրը, որտեղ իսկապես երկրաբանական-հետախուզական աշխատանքներ է կատարում «Լուլիար» ՍՊԸ-ն: Մինչ այդ Լեռնաձոր-Կաթնառատ (Փիրմազրա) ավտոխճուղուց դեպի նշված վայրը ձգվող դաշտային ճանապարհը մեքենահարմար էր դարձվել ՍՊԸ-ի ուժերով, որից հետո հաստոցները տեղափոխել էին այնտեղ:
Երկրաբանական-հետախուզական աշխատանքները սկսել են հուլիսի առաջին օրերից: Տաշտունցի Սիլվայի (այդպես են այս կողմերում անվանում Սիլվա Համբարձումյան հայտնի-անհայտ գործարարին) գլխավորած ՍՊԸ-ն այդ նպատակով 2008-ի դեկտեմբերին մոտ 400 հա հող է վարձակալել Լեռնաձորի համայնքից (մեկ հեկտարի տարեկան վարձավճարը` 2000 դրամ), որտեղ եւ իրականացվում են աշխատանքները: Լեռնագագաթին մեզ դիմավորեց երկրաբան Արման Ազիզբեկյանը (երկրաբանական խմբի ղեկավար Վոլոդյա Սիմոնյանն այդ օրը աշխատավայրում չէր): Նա հայտարարեց, որ իրենք ուրան չեն որոնում, որ իրենց գործունեությունն ուրանի արդյունահանման նպատակ չի հետապնդում: «Մենք բազմամետաղային ապարներ ենք որոնում` ոսկի, ցինկ, մոլիբդեն…
Մենք ուղղակի նկարագրում ենք ապարները, փաստագրում ենք` ինչ կա-չկա: Եվ չենք կարող ասել, թե որքան կտեւեն աշխատանքները», – ասաց Արման Ազիզբեկյանը: Այս ՍՊԸ-ի տրամադրության տակ են հայտնվել խորհրդային շրջանի երկրաբանական քարտեզները, որոնք համադրվում են ներկայիս ճշտված, փոփոխված քարտեզների հետ:
Դե ինչ, հավատանք երկրաբանի հայտարարությանը, մանավանդ որ նշված ՍՊ ընկերությունն ուրանի պաշարների ուսումնասիրությամբ զբաղվելու արտոնագիր չունի (հիմք ենք ընդունում կառավարության հրապարակած տեղեկագիրն այդ մասին): Մի հարց է մնում, ինչի մասին նշեցինք վերեւում. ինչո՞ւ, այնուամենայնիվ, պատկան մարմինները չեն իրազեկում մարդկանց, թե ինչ է կատարվում իրենց շուրջը, ինչո՞ւ տեղական ինքնակառավարման կամ տարածքային կառավարման մարմինները չեն խորհրդակցում մարդկանց հետ, երբ համայնքային կամ մերձհամայնքային հողատարածքները դնում են հանքարդյունահանման տակ…
Օգոստոս 20, 2009
