ԷԿՈԼՈԳԻԱՆ ԵՎ ԷԿՈԼՈԳՆԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆ-2009

ԷԿՈԼՈԳԻԱՆ ԵՎ ԷԿՈԼՈԳՆԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆ-2009

ԷկոԼուր

Ամփոփելով անցնող տարին` կարելի է ասել, որ 2009 թվականը էկոլոգիական հասարակական շարժման ակտիվ տարի էր, որը շոշափեց շրջակա միջավայրի ամենատարբեր խնդիրներ:

Ռիսկեր պարունակող գլխավոր խնդիրը երկրում բնական ռեսուրսների շարունակվող գերշահագործումն է: Այս ոլորտում բիզնեսը ստանում է գերշահույթ` կոռուպցիայի բարձր մակարդակի պայմաններում օգտվելով բնօգտագործման անկատար տնտեսական մեխանիզմներից, շրջակա միջավայրին` նրա բոլոր կարեւոր բաղկացուցիչներով, հասցվող վնասի համապատասխան գնահատականի փաստացի բացակայությունից եւ թույլ վերահսկողությունից:

Հայաստանում ընդլայնվում է թեժ էկոլոգիական կետերի աշխարհագրությունը, որտեղ շրջակա միջավայրի համար ռիսկերը կրում են անդառնալի բնույթ:

Էներգետիկայի ոլորտում հասարակայնությունը հատուկ ուշադրություն դարձրեց փոքր ՀԷԿ-երի կառուցման խնդրին, «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակեպության» կողմից իրականացվող ուրանի ծրագրին եւ հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցմանը:

Իրականում թվացյալ թափանցիկության պայմաններում էներգետիկայի ոլորտում տեղեկատվության մատչելիությունը բավականին սահմանափակ է: Հասարկայնությունը մուտք չունի դեպի էներգետիկայի ոլորտում ռիսկերի եւ խնդիրների մասին տեղեկատվություն:

Օրինակ` պաշտոնական տեղեկատվության համաձայն (տե'ս նախարարության կայքը`www.minenergy.am)` նշված է. «…Արված է ՀԱԷԿ-ի կառուցման սեյսմակայունության գնահատումը…., Մշակված է նոր միջուկային  էներգաբլոկի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումը, …Ներկայացված է «Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկի(ների) կառուցման մասին» օրինագիծը»:

Միջուկային անվտանգության տեսակետից այդ կարեւոր դրույթների քննարկմանը լայն հասարակայնությունը մասնակցություն չունեցավ:

Հասարակայնության ուշադրության կենտրոնում է «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի (ՀՌԼԿ) կողմից իրականացվող ուրանային ծրագիրը: Կազմակերպությունը ստեղծվել է 2008թ.: Նրա նպատակների մեջ է մտնում Սյունիքում ուրանի պաշարների ուսումնասիրությունը եւ արդյունաբերական պաշարների հաստատման դեպքում նաեւ ուրանի հանքավայրերի շահագործումը: Ձեռնարկության բաժնետոմսերը հավասարապես բաժանված են (50%-50%) ռուսական «Ատոմռեդմետզոլոտո» ընկերության եւ Հայաստանի կառավարության միջեւ` ի դեմս էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության: 

«Ուրանի եւ ուղեկցող օգտակար հանածոների հանքավայրի երկրաբանական հետազոտության իրականացումը Սյունիքի մարզում» նախագծի վերաբերյալ հասարակական լսումները կազմակերպվել էին 2009թ. օգոստոսի 4-ին` Կապանի Օրհուս կենտրոնում,  ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպությունը» ՓԲԸ-ի եւ Սյունիքի մարզպետարանի կողմից: Ներկայացվեցին միայն նախագծի երկրաքիմիական բնութագրերը: Կազմակերպությունը չներկայացրեց տվյալներ, որոնք վերաբերում են շրջակա միջավայրի, առողջության,  մարդկանց անվտանգության վրա ազդեցությանը, կամ վնասակար ազդեցության նվազեցման վերաբերյալ ծրագրեր, սոցիալական ծրագրեր: Հասարակական լսումների պաշտոնական արձանագրությունում խեղաթյուրվել էին տեղի բնակչության եւ հասարակական կազմակերպությունների ելույթներն ու առաջարկությունները: Տեղի բնակչությունն անհանգստացած է, որ քանի դեռ ընկերությունը հետազոտություններ կանցկացնի (հետազոտության ժամկետը 5 տարի է), ապա այդ ողջ ժամանակի ընթացքում մարդիկ չեն իմանա` ինչպես դասավորեն իրենց կյանքը: Մնան` սպասելով ցանկացած պահի շահագործման սկսելուն, թե հեռանանա գործնականորեն դեպի անհայտություն` թողնելով տուն, աշխատանք, ընդ որում շարունակվող տնտեսական ճգնաժամի պայմաններում: Ներկայումս Սյունիքի մարզի «Ազատամարտ», «Խուստուփ», հասարակական կազմակերպությունները, Լեռնաձոր համայնքի բնակչությունը նախաձեռնել են հասարակական կամպանիա` ուղղված ուրանային ծրագրի դեմ:

2009թ. սեպտեմբերից ծավալվեց փոքր ՀԷԿ-երի խնդիրների ուսումնասիրության վերաբերյալ հասարակական կամպանիան: Վերջին տվյալների համաձայն` 2010թ. Հայաստանում կսկսեն գործել 81 փոքր ՀԷԿ-եր, եւ եւս 71 նախագիծ կմտնի կառուցման փուլ: Մասնագետների կարծիքով` Հայաստանի գետերի վրա դա հսկայական ծանրաբեռնվածություն է, այն էլ որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության առաջարկած փոքր ՀԷԿ-երի կառուցման սխեման ընդհանրապես հասարակական լսումներ չի անցել, իսկ ՀՀ բնապահպանության նախարարությանը բնապահպանական փորձաքննության եզրակացության կայացման համար ներկայացվում են առանձին նախագծեր, այլ ոչ թե ամբողջ սխեման: Բնապահպանության նախարարությունն աջակցում է փոքր ՀԷԿ-երի վերաբերյալ հասարակական նախաձեռնությանը  եւ կարծում է, որ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձվի Սեւանի ավազանին, որի գետերը Սեւանի բարդ էկոհամակարգի  մասն են` տարածքներ, որոնք գտնվում են բնապահպանության նախարարության ենթակայության ներքո:    
   
Շարունակվում է 2006թ. սկսված, «Vallex»  ընկերության կողմից իրականացվող Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագծի դեմ ուղղված S.O.S. Թեղուտ կամպանիան:

Չնայած նրան, որ հասարակայնությանը չհաջողվեց կանգնեցնել Թեղուտի շահագործման վերաբերյալ 2007թ. կառավարության ընդունած որոշումը, մենք, միեւնույնն է, դրական ենք գնահատում ինքնին այն փաստը, որ հասարակական կազմակերպությունները՝ «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնը, «Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակը եւ «ԷԿՈԴԱՐ»-ը, գործընթացը տեղափոխեցին դատական ատյան: 

Հասարակական շարժման ամենամեծ հաջողությունը կարելի է համարել «GeoProMining» միջազգային ընկերության` ոսկու վերամշակաման ձեռնարկության` Արարատից դեպի Սեւանի ավազնում գտնվող  Սոտքի հանքավայր տեղափոխման նախագծի կանգնեցումը: Նախագծի իրականացումը վտանգի տակ կդներ ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ողջ Կովկասի տարածաշրջանի քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարը, ինչպես նաեւ Սեւանի էկոհամակարգը: Նախագծի լոբբին իրականացվում էր շատ բարձր մակարդակով:
   
S.O.S. Սեւան կոչը հայտարարվեց նախաձեռնող խմբի կողմից Էկոլոգիական հասարակական կազմակերպությունների դաշինքի շրջանակներում: Շարժմանը միացան ոչ միայն էկոլոգիական կազմակերպություններ, այլ նաեւ ստեղծագործական միություններ, գիտահետազոտական կոլեկտիվներ, քաղաքական կուսակցություններ, գիտության եւ մշակույթի գործիչներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների կոլեկտիվներ, Սեւանի ավազանի բնակչությունը: Արդյունքում որոշում ընդունվեց Արարատում` այսինքն նախկին տեղում, ոսկու վերամշակման ֆաբրիկան վերակառուցելու մասին: ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը պաշտոնապես հայտարարեց, որ նախագիծը կանգնեցվել է նախագահի քաղաքական կամքի շնորհիվ:
   
Պաշտոնական շրջանակների կողմից` ի դեմս վարչապետ Տիգրան Սարգսյանի, պատասխան աջակցություն ստացավ  S.O.S. Ջրվեժ հասարակական կամպանիան: Կամպանիան ուղղված էր «Ջրվեժ» անտառապարկից 21,76 հա տարածքի օտարման եւ հարեւան համայնքին փոխանցման մասին կառավարության որոշման դեմ: Օտարված տարածքը մայրաքաղաքի հարեւանությամբ գտնվող սոճու խնամված անտառ էր: Երեւանում գործնականորեն չեն մնացել նման մասշտաբի կանաչ տարածքներ: Հասարակական կամպանիայի արդյունքում կառավարությունը հետ կանչեց այդ որոշումը եւ «Ջրվեժ» անտառապարկին վերադարձրեց տարածքը:
   
Հասարակական ազդեցության հաջողություն կարելի է համարել նաեւ կառավարության որոշումը` Ողջաբերդում գտնվող թունաքիմիկատների գերեզմանոցի վերաբերյալ, որի պարունակությունը` ավելի քան 500 տոննա ժամկետանց թունաքիմիկատներ, պետք է Հայաստանի տարածքից տարհանվի եւ ոչնչացվի հատուկ տեխնոլոգիաների օգնությամբ:
   
Դյուրին չէ հետ կանչել արդեն իսկ ընդունած որոշումները, եւ, մեր կարծիքով, պետք է բարձր գնահատական տալ կոնկրետ երեւույթներին` պետական մոտեցման դրսեւորմանը եւ երկրի առաջին դեմքերի քաղաքական կամքին: Միեւնույն ժամանակ հետեւում է եզրակացություն, որ շրջակա միջավայրի համար պատասխանատու հատուկ գերատեսչությունը` ՀՀ բնապահպանության նախարարությունը, էկոլոգիական որոշումներ ընդունելիս, կա'մ չունի համապատասխան իրավասություններ, կա'մ դրանք ամողջությամբ չի օգտագործում, որպեսզի ինքնուրույն դիմակայի ամենակոպիտ խախտումներին կամ  ազդեցիկ դեմքերի լոբբիին:  
    
Մենք որոշեցինք սահմանափակվել այն ոլորտների արդյունքների ամփոփմամբ, որոնք ոչ միայն պարզապես ուշադրություն էին գրավում, կամ դարձել էին քննարկման առարկա, այլ միավորել էին հասարակայնությանը եւ ստեղծել էին նախադրյալներ, որպեսզի մեր մասնակցությունը դառնար ոչ թե պատրանք, այլ իրական իրադարձություն: Բացասական արդյունքը նույնպես արդյունք է, որից կարելի է դասեր քաղել եւ եզրակացություններ անել: Մենք կարծում ենք, որ պետական կառույցների հետ երկխոսությունը, որը ոչ միշտ է ստացվում, 2010թ. կունենա դրական վեկտոր, քանի որ շատ խնդիրներ մնում են չլուծված, ամենաթեժ կետերն արդեն բոցավառվում են:

Սեւան: Սեւանի մակարդակի բարձրացումը, որն անհրաժեշտ է լճի էկոհամակարգի պահպանման համար, հանդիպում է ազդեցիկ մարդկանց մի ամբողջ խմբի դիմադրությանը, որոնք Սեւանի ափերը կառուցապատել են կապիտալ շինություններով, որոնցից շատերը  (1000-ից ավելին) ապօրինի են: ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը լճի մակարդակի կառավարման մասին որոշում ընդունեց, ըստ որի` լիճը տարեկան 21 սմ-ից բարձր չպետք է բարձրանա: Մենք համակարծիք ենք Հայաստանի կանաչների միության հետ, որ որոշումն արդարացված չէ եւ պայմանավորված է բիզնես սեկտորի եւ նրանց հետ սերտաճած իշխանական շրջանակների ճնշմամբ:                                 

Սեւանի ավազանում բազմամետաղային հանքավայրերի յուրացումը շարունակում է լճի համար լուրջ վտանգ մնալ` հաշվի առնելով այն, որ միայն Սոտքի ոսկու հանքավայում հանքահանման ծավալը պետք է 3-4 անգամ ավելանա: ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ 2009թ. հոկտեմբերին Սեւանա լիճ թափվող տասնյակ գետերում հայտնաբերվել է ծանր մետաղների եւ աղտոտող տարրերի կոնցենտրացիայի գերազանցում: ՍԹԿ-ի ամենամեծ գերազանցում դիտարկվել է վանադիումի համար (2-ից 10 անգամ), իսկ ալյումինի համար` 1,3-ից 3 անգամ: Դրա հետ մեկտեղ նշենք, որ Մոնիտորինգի կենտրոնը չի անցկացնում գետի հատակի նստվածքի վերլուծություն, որտեղ ծանր մետաղներ են նստում:

Սեւանում ամբողջությամբ վերացել են ձկան արդյունաբերական պաշարները: Էլ չենք խոսում լճի էնդեմիկների` Սեւանի իշխանի մասին: Վերացել է սիգը, որի պաշարները 90-ական թվականներին կազմում էին 30 հազար տոննա: Ներկայումս Սեւանում ձկան ողջ արդյունաբերական պաշարը հազիվ հասնում է 150-250 տոննայի:

Հայաստանի գետերը: Հայաստանի գետերի աղտոտումը կապված է երկու գլխավոր գործոնների հետ: Դա կոմունալ հոսքերի մաքրող համակարգի բացակայությունն է եւ արդյունաբերական աղտոտումը:  Պետական վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2008թ.  կեղտաջրերի թափվելը կազմել է 205 միլիոն խմ: 

Ամենից կեղտոտված գետերից մեկն անդրսահմանային Ողջի գետն է, որը ենթարկվում է  խոշոր ձեռնարկությունների` Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի  ազդեցությանը: Նրա մեջ են լցվում նաեւ Արծվանիկի պոչամբարի վթարային արտանետումները, Շահումյանի, Քաջարանի հանքավայրերի ջրերը: 
    
ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոնի տվյալներով` 2009թ. հոկտեմբերին Ողջի գետում դիտարկվել է նիտրիտի, մանգանի, պղնձի, ցինկի, սուլֆատի իոնի, ալյումինի, վանադիումի, քրոմի, ամոնիումի եւ սելենի ՍԹԿ-ի գերազանցում: Հատկապես աղտոտված է Ողջի գետի Կապանից ներքեւ գտնվող հատվածը (Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատ), որտեղ պղնձի ՍԹԿ-ի գերազանցումը կազմել է 203 անգամ:

Միջին հաշվով Ողջի գետից վերցված նմուշներում ՍԹԿ-ի գերազանցումը ամոնիումի համար կազմում է 3-ից 4,6 անգամ, սուլֆատի իոնի համար` 1,6-ից 2,5 անգամ, ալյումինի համար` 1,6-ից 8 անգամ, վանադիումի համար`3 անգամ, մանգանի համար` 3-ից 3,5 անգամ, պղնձի համար` 6-ից 7 անգամ: 

Ախթալա գետը անդրսահմանային Դեբեդ գետի վտակն է: Այն ամենաաղտոտված գետերից մեկն է: Ախթալա գետի մեջ են թափվում Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի հոսքերը: ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոնի տվյալներով` Ախթալա գետի՝ հանքավայրից դուրս եկող հատվածում պղնձի, ցինկի եւ մանգանի պարունակությունը ՍԹԿ-ն գերազանցել է 9199,0-10656, 363,1-397,6 եւ 580,9-642,3 անգամ: Գետի աղտոտման հիմնական աղբյուրներից մեկը Ախթալայի պոչամբարն է, որը վաղուց լցված է եւ կատարում հիդրոմաքրման կառույցի իր գործառույթները:

Ախթալա գետ Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի արտանետումների լցման հարցը, որը վերջին տարիների ընթացքում բարձրացվում էր, երկար ժամանակ մնում էր առանց արդյունքի: Միայն 2009թ. Պետական բնապահպանական տեսչությունը 10 միլիոն դրամով տուգանեց ձեռնարկությանը:

Մթնոլորտային օդ:
Մոնիտորինգի կենտրոնի տվյալներով` Հայաստանում մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումն ամբողջությամբ կազմել է 206,5 հազար տոննա: Նրանցից 83,4%-ն ընկնում է ավտոտրանսպորտին, 16,6%-ը` ստացիոնար արդյունաբերական օբյեկտներին:

Վնասակար նյութերի արտանետումների 65,1%-ը կազմում է ծծմբային անհիդրիդը: Հիմնական աղտոտողը Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը 2008թ. արտանետեց 22,4 հազար տոննա ծծմբային անհիդրիդ: Ձեռնարկությունն աշխատում է հին տեխնոլոգիաներով, կլանիչ ֆիլտրերի բացակյության պայմաններում:

Մթնոլորտային օդ արտանետվում է մետաղների մի ողջ սպեկտր` տարեկան 33,1 տոննա ծավալով, մեծամասնությունը պղնձի եւ կապարի պարունակությամբ:

Փոշին նույնպես Հայաստանի քաղաքներին բնորոշ կոմպոնենտ է: 2008թ. փոշու ընդհանուր քանակը կազմել է 3059,6 տոննա: Ամենից փոշոտ քաղաքները համարվում են Արարատը եւ Հրազդանը, որտեղ գործում են ցեմենտի ձեռնարկություններ: 2009թ. ցեմենտային փոշու պարունակությունը  Հրազդանի մթնոլորտում 4,6 անգամ գերազանցել է ՍԹԿ-ն, իսկ Արարատում` 4.1 անգամ:

Ընդերք: Հայաստանում շահագործվում է 26 բազմամետաղային հանքավայր: Նրանց մեջ իսկական հսկաներ են, օրինակ, Քաջարանի պղնձամոլիբդենային հանքը, որի մասին հայտնի է, որ նրա սահմանները տարածվում են այնքան հեռու, որ նույնիսկ Քաջարան քաղաքը գտնվում է պղնձամոլիբդենային հարուստ պաշարների վրա: Կողքին Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրն է, Կապանի Կենտրոնական հանքավայրը: Նման քանակությամբ լեռնահանքային եւ լեռնամետալուրգիական արդյունաբերական օբյեկտների բացասական ազդեցությունից Սյունիքի ողջ մարզը` ներառյալ Կապան, Քաջարան եւ Ագարակ քաղաքները նրանց հարակից համայնքներով, գտնվում են էկոլոգիական աղետի սահամանին: Հողում, ջրում, գյուղատնտեսական ապրանքներում ծանր եւ թունավոր մետաղների` պղնձի, մոլիբդենի, սնդիկի, մկնդեղի, վանադիումի, սելենի, կադմիումի պարունակությունը ՍԹԿ-ն գերազանցում է տասնյակ, երբեմն եւ հարյուրավոր անգամներ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը երկու զեկույց է պատրաստել Կապանի եւ Քաջարանի էկոլոգիական իրավիճակի մասին: Պետական գերատեսչություններից ոչ մեկը, այդ թվում ՀՀ բնապահպանության նախարարությունը կամ ՀՀ առողջապահության նախարարությունը, չեն արձագանքել զեկույցներում ներկայացված տվյալներին, թեպետ հայտնի է, որ նմանատիպ աղտոտվածությունից առաջին հերթին տառապում են կանայք եւ երեխաները, այսինքն`ամբողջ ազգի գենոֆոնդը:  

Հայաստանի հյուսիս` Լոռու մարզ:
Լոռու Թումանյանի տարածաշրջանը բառիս բուն իմաստով ծածկված է լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերություններով` Ալավերդու պղնձաձուլային կոմբինատ, Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկա, Մղարթի ոսկու կորզման ֆաբրիկա, Շամլուղի եւ Մղարթի հանքեր, երեք պոչամբար եւ, վերջապես, Թեղուտը` ներառյալ ռիսկերի բոլոր կոմպոնենտները` Հայաստանում 200 միլիոն խմ ծավալով ամենախոշոր պոչամբարի կառուցումը, հանքավայրի բաց եղանակով շահագործումը, անտառահատումները, ջրային աղբյուրների ոչնչացումը:

Հայաստանի ոսկին: Հայաստանում շահագործվող 5 ոսկու հանքավայրերին վերջին մեկուկես տարում ավելացել են 7 նորերը: Եւ եւս 43 հայտեր սպասում են իրենց հերթին: Հայաստանում ոսկու պաշարները դեռեւս հստակեցված չեն: Սակայն հայտնի է, որ միայն Սոտքի հանքավայրում մաքուր ոսկին մոտ 200 տոննա է, եւ դա վերջնական թիվը չէ:

ՀՀ մետաղային օգտակար հանածոների հանքավայրերի ցուցակ
                                 
                           ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐ

Հ Հանքավայրի անվանումը Օգտակար հանածոն Տեղադիրքը
1. Քաջարանի                           
պղինձ - մոլիբդենի 
  Կապան ք-ից 21 կմ արևմուտք
2. Շահումյանի               
ոսկու բազմամետաղային       
Կապան ք-ից 4 կմ արևելք  
3.  Ագարակի                
պղինձ – մոլիբդենային        Մեղրի քաղաքից 5 կմ հյուսիս - արևմուտք
4.  Կապանի կենտրոնական տեղամաս                        
պղինձ  
Կապան քաղաքից 5 կմ արևելք
5. Լիչքվազ-Թեյի              
ոսկի սուլֆիդի                
Մեղրի ք-ից 15 կմ հյուսիս արևմուտք
6. Տերտերասարի              
ոսկի սուլֆիդային           
Մեղրի քաղաքից 20 կմ հյուսիս
7. Մեղրաձորի                                          
ոսկու Հրազդան ք-ից 17 կմ դեպի հյուսիս - արևելք
8. Սոտքի                                                   
ոսկու
Սոթք գյուղից 11 կմ հյուսիս - արևելք
9. Մղարթի                                                   
ոսկի Մղարթ գյուղից 0.5 կմ դեպի արևմուտք
10. Ալավերդու                          
պղնձակոլչեդանային Ալավերդի ե/գ կայարանից 3 կմ արևմուտք
11. Թուխմանուկի կենտր. տեղ.                
ոսկի
Ապարան քաղաքից 15 կմ դեպի հյուսիս - արևելք
12. Գլաձորի                  
կապար–ցինկային     
Եղեգնաձոր քաղաքից 15 կմ հյուսիս - արևելք
13. Ազատեկի                           
ոսկի-բազմամետաղ Ծայք քաղաքի հարևանությամբ
14. Դաստակերտի                  
պղինձ–մոլիբդենի 
Դաստակերտից 3 կմ դեպի հարավ
15.  Շամլուղի                   
պղնձակոլչեդանային
Ախթալա ե/գկայարանից 10կմ հարավ - արևմուտք
16.  Արմանիսի            
ոսկի-բազմամետաղային
Ստեփանավան քաղաքից 10 կմ դեպի արևմուտք
17.  Ախթալայի      բարիտ բազմամետաղային
Ախթալա ե/գ կայարանից2.5 կմ հյուսիս - արևմուտք 
18. Աբովյանի                                  
մագնետիտի 
Կոտայքի մարզ
19. Հրազդանի                            
երկաթ  
Հրազդան քաղաքից 1.5 կմ դեպի հյուսիս - արևելք
20.  Թեղուտի                  
պղինձ մոլիբդենի 
Ախթալա ե/գ կայարանից 15 կմ հարավ
21.  Հանքավանի              
պղիձ-մոլիբդեն  
Հրազդան քաղաքից 30 կմ դեպի հյուսիս - արևմուտք

ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐ

22.  Թեժսարի   
նեֆելինային սիենիտ ալյումինի հումք    Հրազդան ք-ից 15կմ դեպի հարավ - արևմուտք   
23.
 Լիճքի                                                        
պղինձ
Լիճք գյուղից 0.5 կմ դեպի արևմուտք  
24.  Այգեձորի                                                     պղինձ
Մեղրու ե/գ կայարանից 16 կմ հյուսիս
25.
Հանքասարի          
պղինձ-մոլիբդեն
Մաջարանի պղիձ–մոլիբդենային հանքավայրից 13 – 14 կմ դեպի հյուսիս   
26.  Տանձուտի    
երկրորդային քվարցիտներ և պրոպիլիտներ     Բազումի հանքային դաշտի կենտրոնական մասում

Թափոններ: Հայաստանում թափոնների խնդիրն ամենաարդիականներից է: Թափոնների կուտակումը կատարվում է հիմնականում արդյունաբերական թափոնների, ինչպես նաեւ շինարարական եւ կենցաղային աղբի հաշվին: Պաշտոնական տվյալների համաձայն` 2008թ. ընթացքում Հայաստանում գոյացել է 11 455,4 հազար տոննա թափոն: Թափոնների տեղաբաշխման համար տարբեր ձեռնարկությունների կողմից պետբյուջե է վճարվել 46 միլիոն 400 հազար դրամ: Այդ թիվը կարող էր բազմակի անգամ ավելանալ, եթե ձեռնարկությունները, որոնք բաց եղանակով շահագործում են հանքերը, վճարեին  հազարավոր տոննաներ թունավոր լցակույտերի եւ թափոնների համար:

Հայաստանում կենցաղային աղբը ոչ մի տեղ չի վերամշակվում: Ամենախոշոր աղբանոցը Նուբարաշենն է Երեւանում: Հայաստանի շատ քաղաքներում աղբը թափվում է մոտակա գետերը եւ ձորերը:

Կենսաբազմազանությունը եւ հատուկ պահպանվող տարածքները:
Ինչպես հայտնի է, Հայաստանը Կովկասի տարածաշրջանում առաջատար տեղ է զբաղեցնում կենսաբազմազանության առումով: Հայաստանի բույսերի Կարմիր գրքի երկրորդ հրատարակության մեջ ընդգրկվել են 463 տեսակ բարձրակարգ բույսեր եւ 40 տեսակ սունկեր: Հայաստանի կենդանիների Կարմիր գրքի մեջ ընդգրկվել են 155 տեսակի ողնաշարավոր կենդանիներ եւ 155 տեսակի անողնաշարավոր կենդանիներ:

Հայաստանում կենսաբազմազանության կորստի հիմնական պատճառը որսագողությունն է անտառների հատումը, բնական ռեսուրսների գերշահագործումը, ընդերքի շահագործումը, ենթակառուցվածքների զարգացումը, գյուղատնտեսական անկայուն գործունեությունը:

Չնայած ՀՊՏ-ների զարգացմանն ուղղված պաշտոնական քաղաքականությանը`արգելոցային գոտիների ամենագրավիչ հատվածները մշտապես գտնվում են օտարման վտանգի տակ: Կենսաբազմազանության տեսակետից ամենահարուստ արգելոցներից մեկից` «Խոսրովի անտառ» արգելոցից կառավարության որոշմամբ օտարվեց Ուրցասարի լեռնաշղթան, որը Կարմիր գրքում գրանցված կենդանիների` հայկական մուֆլոնի եւ բեզոարյան այծի   բազմացման վայրն է եւ անցնելու միջանցքը: Այդ արգելոցից օտարվել է նաեւ Գիլան հատվածը, որտեղ ներկայումս կառուցվում է ՀՀ Ազգային Ժողովի խոսնակի  հյուրանոցառեստորանային համալիրը:

«Դիլիջան» ազգային պարկում գործնականորեն չի մնացել մի հատված, որը երկարամյա ժամկետով վարձակալության տրված չլինի:

Վերը նշված երեւույթները էկոլոգիական հասարակայնությունն ընդունում է որպես S.O.S. էկոլոգիական ահազանգ, շարունակում է անցկացնել հասարակական եւ տեղեկատվական մոնիտորինգ եւ ակնկալում է պետական կառույցներից, առաջին հերթին ՀՀ բնապահպանության նախարարությունից ահազանգների վերաբերյալ օպերատիվ գործողություններ:

Հունվար 12, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր