ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՄԲ

Արմենպրես

Երեւանում սանիտարական ծառահատումներին կանոնակարգված, մասնագիտորեն հիմնավորված եւ միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ ստեղծվել է գիտաշխատողներից, բնապահպաններից ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայրաքաղաքում սանիտարական ծառահատումները, էտը եւ կանաչապատման բոլոր աշխատանքներն արդեն իրականացվում են միայն մասնագիտական հանձնաժողովի ուսումնասիրությունների եւ եզրակացության հիման վրա: Տարեսկզբին հանձնաժողովն ուսումնասիրություններ էր կատարել մայրաքաղաքի Խորենացու, Զաքյան փողոցներում, Իսակովի եւ Մյասնիկյան պողոտաներում:

Այստեղ, մասնագետների գնահատմամբ, ծերացած, արդեն փտող ծառեր էին, որոնք վտանգ էին ներկայացնում ինչպես անցորդների, այնպես էլ երթեւեկող մեքենաների համար: «Հանձնաժողովի եզրակացության հիման վրա նման ծառերը ներկայումս փոխարինում ենք նոր տնկիներով, որոնք եւ ավելի երկարակյաց են, եւ ավելի համապատասխան գործառութային կանաչապատման առումով»,- ասաց Երեւանի գլխավոր ծառագետ Սուրեն Մաքսապետյանը` վստահեցնելով, որ նորատունկ ծառերը կենսունակ են 100 տոկոսով:

Ապրիլ 13, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր