Lragir.am
Օգոստոսի 22-ին Մոսկվայում ծրագրված է միտինգ-համերգ, որը նվիրված է Խիմկիի անտառի պաշտպանությանը: Անտառը փորձում են պաշտպանել շինարարական նպատակով հատումից: Այդ ակցիային են միացել Ռուսաստանում հայտնի ռոք-խմբեր Յուրի Շեվչուկի գլխավորությամբ:
Հայաստանում նույնպես կան այդպիսի խնդիրներ, կապված բնապահպանության հետ: Մասնավորապես, Թեղուտի անտառը թերեւս ոչ պակաս պաշտպանության կարիք ունի, քան ասենք նույն Խիմկիի անտառը: Բայց այսքան ժամանակ դժվար է հիշել, որ հայաստանցի որեւէ մի հայտնի երաժիշտ հանդես գա ի պաշտպանություն Թեղուտի: Փոխարենը տեսնում ենք, թե ինչպես են մեր զանազան երգիչ-երգչուհիները, այդ թվում նաեւ այսպես ասած «ձիու վրա» գտնվող ռոք-խմբերը, մեծ մեծ խոսում հայրենասիրությունից, խոսում հայրենիքից, նկարահանվում հայրենիքի հուշարձանների եւ անտառների, լեռների ու գետերի ֆոնին: Բայց երբ գալիս է դրանք պաշտպանելու ժամանակը, այդ երգիչ-երգչուհիներից որեւէ մեկը չի երեւում ասպարեզում:
Նրանք երեւի մտածում են, որ միեւնույն է, ինչքան էլ կտրեն, էլի մի փոքր տեղ կմնա կլիպներ նկարահանելու համար: Իսկ հայաստանցի աստղերին ինչ է պետք երջանիկ լինելու համար` մի քանդված պատ, մի փոքրիկ անտառ, մի կլոր բացատ եւ մի բարակ գետ: Իսկ մնացյալը, եթե փող բերելու համար է, թող վերացվի: Չէ որ այդ փողը պիտի շրջանառվի, որ կլիպներ նկարահանվեն:
Օգոստոս 23, 2010
