Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետո մթնոլորտային օդում ազոտի ու ծծբի երկօքսիդների կոնցենտրացիան սկսել է նվազել, սակայն դեռ գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ): Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Մայրաքաղաքի մթնոլորտային օդի աղտոտվածության լիարժեք դիտարկումներ իրականացնելու համար Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում պայթյունից հետո ՊՈԱԿ-ի կողմից տեղադրվել են լրացուցիչ շարժական դիտակայաններ, այդ թվում՝ պայթյունի վայրում: Դրանցից բացի կենտրոնն իր աշխատանքն իրականացնում է ևս 5 անշարժ և 42 շարժական դիտակետերի միջոցով: Մի քանի կայան է տեղադրվել նաև պայթյունի վայրից որոշակի հեռավորության վրա: Ըստ այդմ, պայթյունից 5 և 10 մ հեռավորության վրա ազոտի ու ծծբի երկօքսիդները մինչև 2.5-3 անգամ գերազանցել են թույլատրելի սահմանային կոնցենտրացիան, սակայն այդ թիվը գնալով նվազում է:
Նշենք, որ «Սուրմալու» առևտրի մոտակա տարածքում օգոստոսի 14-15-ին մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն 4.6 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 2.6 անգամ։
Օգոստոս 23, 2022 at 15:57