«Տ-Մետալ» ՓԲԸ-ն մտադիր է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի վարչական տարածքում մետաղների վերամշակում և արտադրություն իրականացնել: Ընկերության հայտը բնապահպանական փորձաքննության փուլում է:
Գործունեությունը նախատեսվում է իրականացնել Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում վարձակալական հիմունքներով։ Ըստ հայտի՝ գործունեության տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 17160 քմ։
Գործարանի տարեկան արտադրողականությունը կազմելու է 150 000 տոննա հեղուկ պողպատի արտադրություն:
Ընկերությունը սև մետաղները թափոնի տեսքով հավաքելու է ՀՀ տարածքից, մատակարար կազմակերպություններից կամ ֆիզիկական անձանցից, հետագայում կարող են ներկրել նաև արտերկրից։
Գործարանի տարածքը մոտակա բնակելի տներից գտնվում է մոտ 1,2 կմ, մոտակա հասարակական շինությունից՝ 700 մ, բնակավայրի հողերից՝ 900 մ հեռավորության վրա: Այն Ծաղկաձոր քաղաքից հեռու է 4,8 կմ, Աղավնաձորից՝ 4,3 կմ, Հրազդան գետից՝ 800 մ։
Ամրանների գազային հատման ընթացքում մթնոլորտ են արտանետվելու մանգանի միացություններ՝ 0,0146 տ/տարի, ածխածնի օքսիդ՝ 0,487 տ/տարի, ազոտի դիօքսիդ՝ 0,492 տ/տարի և երկաթի օքսիդ՝ 0,99 տ/տարի քանակներով:
Վառարանի այրման գործընթացում օդային ավազան են արտանետվելու՝ փոշի՝ 48,6 տ/տարի, ածխածնի օքսիդ՝ 9,0 տ/տարի, ազոտի օքսիդներ՝ 43,5 տ/տարի քանակներով։ Մաքրված ծխագազերը մթնոլորտ են արտանետվելու 150 մ բարձրություն ունեցող ծխնելույզով՝ 103․084 տ/տարի քանակով:
Հայտում գնահատված չէ տվյալ գործունեության և Հրազդանում այլ արտադրական ձեռնարկությունների արտանետումների գումարային ազդեցությունը մթնոլորտային օդի, շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների և մարդու առողջության վրա:
Նշենք, որ գործունեության վերաբերյալ Հրազդանի համայնքապետի տված նախնական համաձայնությունը հիմնվել է բացառապես համայնքապետարանի աշխատակիցների կարծիքի վրա: Հանրային քննարկմանը մասնակցած 20 անձից 3-ը նախագիծը կազմող «Նովալ» ՍՊԸ-ից են եղել, 2-ը՝ «Տ-Մետալ» ՓԲԸ-ից, 1-ը՝ «Մաքուր Հրազդան» ՀԿ-ից, իսկ մնացածը եղել են Հրազդանի քաղաքային համայնքի աշխատակազմի աշխատակիցներ։
Հոկտեմբեր 17, 2022 at 15:06