«Լիդիան Արմենիա»-ի կողմից Ամուլսարի հանքավայրից օգտակար հանածոների առերևույթ ապօրինի արդյունահանման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

«Լիդիան Արմենիա»-ի կողմից Ամուլսարի հանքավայրից օգտակար հանածոների առերևույթ ապօրինի արդյունահանման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական
մարմնի ղեկավարի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել տեսչական
մարմնի ղեկավարի 04.07.2018թ. և 17.07.2018թ. հանձնարարագրերի հիման վրա
«Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքներով
կազմված փաստաթղթերը՝ ընկերության կողմից ապօրինի, առանց ընդերքօգտագործման
իրավունքի լեռնային զանգվածի տեղահանման փաստերի վերաբերյալ: Դրա հիման վրա
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից
կատարվել է ուսումնասիրություն, ինչի նպատակով տեսչական մարմնից պահանջվել
և ստացվել են անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել են Վայոց Ձորի մարզի Ջերմուկ
համայնքի Ամուլսարի ոսկեբեր երկրորդային քվարցիտների հանքավայրի
լեռնահատկացման ԼՎ-245 ակտի սահմաններում ընկերության կողմից ընդերքի
ապօրինի օգտագործման փաստեր:

Մասնավորապես, «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության կողմից օգտակար հանածոյի
արդյունահանման պայմանագրի և նախագծի պայմանների շեղումներով, ապօրինի,
առանց ընդերքօգտագործման իրավունքի շուրջ 3 հեկտար մակերեսով տարածքից՝
0,5-10 մետր խորությամբ տարհանվել է բազալտանման լեռնային զանգված և 2
հեկտար մակերեսով տարածքից՝ 0,5-8 մետր խորությամբ՝ կավանման լեռնային
զանգված: Դրա հետևանքով, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված
օգտակար հանածոներին պատճառվել է էական՝ ընդհանուր առմամբ շուրջ 18 միլիոն
դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են
հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի
պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական
օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ ընդերքի օգտագործման և
պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործման և դրա հետևանքով շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին էական վնաս պատճառելու հանցագործության հատկանիշներով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում
է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ
մտած դատավճռով:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

13:00 Օգոստոս 30, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news