«Վերջնական եզրակացության գալու համար մեզ հարկավոր է միջազգային փորձաքննություն». Նիկոլ Փաշինյանը՝ Ամուլսարի ծրագրի մասին

«Վերջնական եզրակացության գալու համար մեզ հարկավոր է միջազգային փորձաքննություն». Նիկոլ Փաշինյանը՝ Ամուլսարի ծրագրի մասին

ԷկոԼուր

«Վերջնական եզրակացության գալու համար մեզ հարկավոր է լինելու իրականացնել ևս մեկ միջազգային փորձաքննություն: Հիմա Ամուլսարի հետ կապված քրեական գործ է հարուցված Քննչական կոմիտեում, և կոմիտեն հարուցված քրեական գործի շրջանակներում պետք է նշանակի փորձաքննություն: Շատ կարևոր է, որ այդ փորձաքննությունն իրականացվի միջազգային հեղինակավոր փորձագիտական կազմակերպության կողմից, որպեսզի այդ փորձաքննության արդյունքներն ընդունելի և անառարկելի լինեն ոչ միայն հայ հանրության, Հայաստանի կառավարության, այլ ընդհանրապես միջազգային հանրության կողմից, որովհետև սա չափազանց կարևոր հարց է», - ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ընթացքում:

Փաշինյանը նշել է, որ Ամուլսարի ծրագրի դեպքում Հայաստանի կառավարությունը պետք է ունենա անառարկելի փաստեր: «Մեզ պետք է տվյալ դեպքում քրեական գործի շրջանակներում ունենալ փորձաքննության այնպիսի արդյունքներ, որոնք ընդունելի կլինեն բացառապես բոլորի համար: Եվ ահա այս փորձաքննության արդյունքների հիման վրա մենք կարող ենք կայացնել վերջնական որոշումներ: Վերջնական որոշում ասելով նկատի ունեմ, որ մենք կամ կարող ենք տեսականորեն ունենալ + նշանով որոշում կամ ունենալ – նշանով որոշում: Ահա սա է լինելու մեր դիրքորոշումը: Մեր որոշումները պետք է հիմնված լինեն անառարկելի փաստերի վրա, և մենք հիմա աշխատում ենք անառարկելի փաստեր ձեռք բերելու վրա: Այո, կան որոշակի խախտումներ, որոշակի մտահոգություններ, որոնք արձանագրված են, բայց մեզ հարկավոր են փաստեր, որոնք կլինեն անառարկելի, և կառավարությունը շարունակում է գտնվել այդ անառարկելի փաստերի հավաքագրման փուլում», - նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

15:44 Սեպտեմբեր 03, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news