Հայաստանի հասարակայնությունը կոչ է անում Սփյուռքին չաջակցել Ամուլսարի ծրագրին

Հայաստանի հասարակայնությունը կոչ է անում Սփյուռքին չաջակցել Ամուլսարի ծրագրին

ԷկոԼուր

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-֊ի նախագահ Ինգա Զառաֆյանը, «Ջերմուկի զարգացման կենտրոնի» համանախագահ Վազգեն Գալստյանը, Գնդեվազ համայնքի բնակիչ և լրագրող Թեհմինե Ենոքյանը և Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը բաց նամակով կոչ են հղել ամերիկահայ համայնքին՝ որևէ կերպ չաջակցել և ներդրումներ չկատարել Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագրում։ Ամերիկահայկական մամուլին, մասնավորապես՝ Ասպարեզ օրաթերթին, The Armenian Mirror Spectator և Armenian Weekly շաբաթաթերթին ուղարկված բաց նամակում նշված են բնապահպանական, տնտեսական և սոցիալական այն բոլոր անկառավարելի ռիսկերը, որոնցով հղի է ոսկու արդյունահանումը Ջերմուկին մոտ գտվող հանքում։ 

Նամակի առիթ են հանդիսացել «Lydian International» ընկերության կազմակերպած հանդիպումները արտասահմանում հայկական համայնքներ հետ, որոնց ընթացքում ընկերությունը հայերին կոչ է անում գնել ընկերության բաժնետոմսեր և այդպիսով սատարել Հայաստանի համար ավերիչ այդ հանքարդյունաբերական ծրագիրն։Բաց նամակում ասված է.

«Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը մեկ այլ աղետ է Հայաստանի համար

Կոչ բոլոր հայերին մերժելու ցանկացած աջակցություն Ամուլսարում հանքաարդյունաբերության զարգացմանը

(Ջերմուկ)

Երևան, հոկտեմբերի 6, 2014 թ.

Ամուլսարը հայկական բարձրավանդակներից մեկն է։ Այն գտնվում է ծովի մակարդակից 3000 մետր բարձրության վրա՝ Հայաստանի Վայոց ձորի և Սյունիքի մարզերի միջև և ընդամենը 10 կմ հեռավորություն ունի Հայաստանի գոհարներից մեկից՝ հիդրոլոգիական հրաշք Ջերմուկից։

Երբ 2006թ. Ամուլսարում սկսվեցին ոսկու որոնումները, հայ հասարակությունը չէր կարող պատկերացնել, թե հանքարդյունաբերական այս նախագիծը ինչ վտանգներ էր պարունակում Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի, ընդհանրապես ամբողջ Հայաստանի համար։ Այս ռիսկերն արդեն բացահայտվել են, և 3 տարի շարունակ այդ մասին բարձրաձայնում են քաղաքացիական հասարակությունը և տեղական համայնքները։ 2011 թ-ից ի վեր Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ կազմակերպվել են 3 գիտական գիտաժողով, 5 պաշտոնական հասարակական լսումներ, ինչպես նաև՝ բազմաթիվ մամուլի ասուլիսներ, որոնց ժամանակ շատ երկրաբաններ, հիդրոլոգներ, տնտեսագետներ, բուսաբաններ, կենդանաբաններ, բժիշկներ և այլ մասնագետներ արտահայտել են իրենց դժգոհությունը և անվերահսկելի վտանգների մասին մտահոգությունը։ Շատ հոդվածներ և հրապարակումներ են եղել՝ չնայած հայկական մամուլում այս խնդրին հատկացված նեղ հատվածին։ Մինչդեռ այս իրադարձությունների լուսաբանումը մամուլում սահմանափակ էր, «Լիդիան Ինթերնեշնլ»-ի և Հայաստանում նրա մասնաճյուղի՝ «Գեոթիմ» ՓԲԸ-ի վարած PR ռազմավարությունը հաջողությամբ լռեցնում էր հանքարդյունաբերական նախագծի վերաբերյալ քննադատությունը Հայաստանի հիմնական լրատվամիջոցներում։ 

Չնայած «Լիդիան»-ի ղեկավարների այն պնդումներին, թե իրենք զբաղվելու են «պատասխանատու հանքարդյունաբերությամբ», նրանց հայտարարությունները չեն կարող հիմնվել անցյալում ունեցած փորձի վրա, քանի որ այն նոր ընկերություն է, որը հանքի շահագործման որևէ փորձ չունի։ «Պատասխանատու հանքաարդյունաբերությունը» նույնպես անհամատեղելի է այս հատուկ նախագծի հետ, քանի որ շրջակա միջավայրի, տնտեսության և տեղական համայնքների բնակչության համար այդքան բարձր ռիսկեր պարունակող բաց շահագործումը ոչ մի կերպ չի կարող «պատասխանատու» համարվել։

Մենք տեղյակ ենք, որ ընկերությունն ակտիվ PR է անցկացնում հայկական Սփյուռքում՝ համոզելով ամբողջ աշխարհի հայերին գնել իրենց ընկերության բաժնետոմսերը և ֆինանսավորել այս կործանարար հանքարդյունաբերական նախագիծը։

Ամբողջ աշխարի հայերը միայն կարող են ծառայել իրենց հայրենիքին՝ կոչ անելով դադարեցնել ցանկացած նոր հանքարդյունաբերական նախագիծ Հայաստանում, որոնց թվում են՝ Ամուլսարի, Թեղուտի, Մեղրիի, Հրազդանի և այլ հանքավայրերը, և ընդունել խիստ բնապահպանական և հարկային կանոնակարգեր, որոնցում նշված կլինի, թե ինչպիսի վտանգ է սպառնում մեր հայրենիքին և հետագա սերունդներին։

Ամբողջ աշխարհի հայերը պետք է ջանք թափեն, որ Ամուլսարը ընդգրկվի Ջերմուկ ազգային պարկի տարածքում, որը հատուկ պահպանվող տարածք է և շուտով կկառուցվի, բայց ակնհայտ պատճառներով շրջանցում է լեռը։

Մինչ Հայաստանի բնական ռեսուրսների միջազգային որոնումները շարունակվում են և ուղղված են դեպի Ռուսաստանը, մենք Հայաստանում աջակցության կարիք ունենք, որպեսզի կարողանանք դիմակայել միջազգային բոլոր տեսակի ճնշումներին և քայքայիչ ստրկությանը։ Երկու խոշոր միջազգային ֆինանսական հաստատություններ՝ Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) քննարկում են այս նախագծի ֆինանսավորման հարցը` միևնույն ժամանակ պահպանելով «Լիդիան Ինթերնեշնլի» որոշ բաժնետոմսեր։ Այս հաստատություններն արդեն երկու բողոք են ստացել Հայաստանից. մեկը՝ 9 կազմակերպություններից, իսկ մյուսը՝ Գնդեվազ գյուղի 200 բնակչից,  որոնցում պահանջում են  դադարեցնել այս նախագծի ֆինանսական աջակցությունը, քանի որ այն չի համապատասխանում միջազգային չափանիշներին, որոնք սահմանվել են հենց այդ հաստատությունների կողմից։

Բոլոր նրանց համար, ովքեր կլսեն «Լիդիան Ինթերնեշնլի» լավ քողարկված քարոզչությունը, ներկայացնում ենք մի քանի ուղեցույց, որոնք վերաբերում են Ամուլսարի ոսկու արդյունաբերության ռիսկերին։

  1. Ամուլսար լեռը և նրա շրջակա տարածքը կարևոր հիդրոլոգիական նշանակություն ունեն Հայաստանի համար և գտնվում են Սևանա լճի ջրային ավազանի կազմում։ Արփա և Որոտան գետերը սկիզբ են առնում այս լեռից, և հանքի բաց եղանակով շահագործումը ոչ միայն  կքայքայի այս գետերը թափվող վտակները, այլև անխուսափելիորեն կհանգեցնի այս վտակների և հետևաբար նաև գետի ավազանների աղտոտմանը ծանր մետաղներով, որոնք արդեն իսկ առկա են մակերեսին (ավելի քան 1000 հա հողատարածք կփոխի լանդշաֆտը)։ Այն հանգամանքը, որ Ամուլսարի բաց շահագործումը սպառնալիք է Սևանա լճի համար, 2012 թ. ճանաչվել է Կառավարության` Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կողմից։ Ցանկացած գործողություն, որը պարունակում է հնարավոր բացասական ազդեցություն Սևանա լճի էկոհամակարգի վրա, արգելվում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով։ Հանքի բաց շահագործումը նաև կազդի Դարբ գետի վրա, որը ոռոգում է շատ խաղողի այգիներ և գյուղատնտեսական նշանակության հողեր և ճանապարհին սնուցում է բազմաթիվ ձկնատնտեսություններ։ Նշենք, որ սա դեռ հանքանյութի և ցիանիդի տարրալուծման եղանակով մշակումը չէ, որը դեռևս մեկ այլ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար։
  2. Գնահատական չկա այն մասին, թե ուժեղ պայթեցումները ինչպես կազդեն Ջերմուկի լեռնակազմավորումների և ստորգետնյա ջրային ռեսուրսների (տաք աղբյուրների) վրա, որոնք գտնվում են հանքից 2-10 կմ հեռավորության վրա։ Գնահատված չէ նաև, թե պայթեցումներն ինչպես կազդեն մեծապես խոցելի Որոտան-Արփա թունելի վրա, որը հատուկ կառուցվել է Սևանա լիճը պահպանելու համար։ Ջերմուկի տաք աղբյուրները դարձրել են այն միջազգային առողջարան, և կվտանգվի ոչ միայն նրա համբավը որպես առողջարանային կենտրոն, այլև վտանգի տակ կդրվեն գյուղատնտեսական, ձկնաբուծական, հանքային ջրերի շշալցման և զբոսաշրջության բոլոր բիզնեսները։
  3. Ամուլսարը ռադիացիոն մեծ ֆոն ունի. հանքանյութի նմուշները ցույց են տալիս, որ ռադոնի խտությունը մեծ է 400 Bq/m3-ից: Երկրաբանական գիտական տվյալները նաև ցույց են տալիս, որ Ամուլսարի հանքավայրը հարուստ է նաև ուրանով։ Ընկերությունն այս իրավիճակը կարգավորելու որևէ նախագիծ չի ներկայացրել։ Ոսկու հանքավայրը նաև ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա է գտնվում ուրանի մեծ հանքավայրից։ Գնահատված չէ, թե ինչպիսի ազդեցություն կթողնեն պայթեցումները խիստ վտանգավոր ուրանի հանքավայրի վրա։ Նաև գնահատված չէ, թե ինչ խորության վրա է մեծանում ուրանի խտությունը։ Ընդհանուր առմամբ, այս հանքարդյունաբերական նախագծի համար սեյսմիկ գնահատումներ չեն կատարվել, մինչդեռ տարածքը գտնվում է Ռիխտերի սանդղակով 10 բալանոց սեյսմիկ գոտում։
  4. Ընդհանրապես գնահատված չէ ծանր մետաղներով հարուստ փոշու ազդեցությունը։ Քամու ուղղության չափումները նույնպես կեղծված են, և չափումներն արվել են միայն  կիրճում տեղակայված հողմակայանում, որտեղ ընդամենը 2 ուղղություն կա, մինչդեռ Ամուլսարում առնվազն 4 քամու ուղղություն կա։ Գնահատական չկա այն մասին, թե ինչ ազդեցություն կունենա ծանր մետաղներով հարուստ  և 10 տարի շարունակ տարեկան առաջացող 700 տ փոշին մարդկանց առողջության, արոտավայրերի, գյուղատնտեսական հողատարածքների և կենսաբազմազանության վրա։ Ընդհանուր առմամբ գնահատված չէ առողջության վրա ազդեցությունը։
  5. Ամուլսարի հանքարդյունաբերությունը վերջիվերջո անօրինական կճանաչվի, քանի որ արգելվում է հանքարդյունաբերությամբ զբաղվել այնպիսի տարածքում, որտեղ կան Կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ մշակութային և պատմական արժեքներ։ Ապացուցված է, որ այս տարածքը հարուստ կենսաբազմազանություն ունի. այստեղ կան Կարմիր գրքում գրանցված տեսակներ, այդ թվում՝ 1 բուսատեսակ, 18 թռչնատեսակ (ի միջի այլոց՝ այն Թռչունների պահպանության միջազգային տարածք է), մողեսներ և թիթեռներ և 4 կաթնասուն։ Այս փաստերն ապացուցվել են WWF-ի հայաստանյան մասնաճյուղի կողմից և հաստատվել են ընկերության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականում։ Այս տարածքը հարուստ է նաև հնէաբանական արժեքներով, որոնք վերագրվում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակին, և վերջիններս անխնա կվնասվեն պայթեցումների արդյունքում։ Այսպիսի մշակութային հուշարձանների ոչ մի տեղափոխում երբևէ չի կատարվել հայկական հանքերում։
  6. Ոսկու խտությունը հանքանյութում պաշտոնապես կազմում է ընդամենը 0.8 գ/տ, մինչդեռ կապարի, կադմիումի, մկնդեղի և այլ թունավոր մետաղներ փոշու միջոցով կանցնեն օդ և կկուտակվեն պոչամբարում կամ ասպես կոչված «կույտային տարրալվացման հարթակում»:
  7. Նախատեսվում է, որ ավելի քան 122 միլիոն տոննա պինդ թափոններ և ավելի քան 342 միլիոն տոննա հեղուկ թափոններ, որոնք պարունակում են ցիանիդ, կկուտակվեն Հայաստանի ամենահարուստ գյուղատնտեսական և զբոսաշրջային տարածքներից մեկում։ Նրանց հնարավոր բացասական ազդեցությունը գնահատված և ներկայացված չէ հանրությանը։ Կանխատեսվում է, որ հանքի շահագործման 10 տարվա ընթացքում 20000 տ խիստ թունավոր ցիանիդ և 10000 տ  քլորաջրածնային թթուներ կտեղափոխվեն և կօգտագործվեն հանքանյութի վերամշակման համար։ Եվ այս ամենն ընդամենը իբր 60 տ ոսկի ստանալու համար է։
  8. Բոլորովին գնահատված չեն Ամուլսարի հանքարդյունաբերության ծախսերն ու եկամուտները. գնահատված չէ, թե տնտեսապես որքան կկորցնի Հայաստանը գյուղատնտեսական հողատարածքների, զբոսաշրջային արդյունաբերության և էկոհամակարգի ծառայությունների կորստից։ Իրականում, հանքարդյունաբերությունը միայն «դրախտն» է այն ընկերությունների համար, որոնք չափազանց ցածր եկամտահարկեր են վճարում, ոչինչ չեն վճարում միլիոնավոր տոննա հանքարդյունաբերական թափոնների համար, չեն վճարում բնապահպանական վճարներ և այլն։ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում հարկերն աշխարհում ամենացածրն են, իսկ բնապահպանական օրենսդրությունը և վերահսկողությունը՝ ամենավատը։
  9. Տեղական համայնքները ուժեղ սոցիալական մարտահրավերի տակ են՝ կորցնելով իրենց ավանդական ապրելու միջոցները, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, ձկնաբուծությունը։ 10 տարի նրանք կզբաղվեն հանքարդյունաբերությամբ, իսկ 10 տարի հետո այլևս չեն կարողանա վերադառնալ իրենց նախկին կյանքին նրանց հողերը կբռնագրավվեն և կընդգրկվեն հանքարդյունաբերական ենթակառուցվածքի մեջ, նրանց շրջակա միջավայրը կաղտոտվի և այլևս պիտանի չի լինի գյուղատնտեսության և զբոսաշրջության համար, այս համայնքների կանայք կմնան անգործ, քանի որ միայն տղամարդիկ կաշխատեն հանքերում 10 տարի շարունակ։ Գնդեվազ համայնքը վերաբնակեցման վտանգի տակ է, չնայած ո՛չ ընկերությունը, ո՛չ կառավարությունը, չեն խոսում այս մասին։ Այս գյուղը ընդամենը 2 կմ-ից էլ քիչ հեռավորության վրա կգտնվի ոսկու վերամշակման ֆաբրիկայից, և բոլոր ծանր բեռնատարները ամեն օր ապարները կտեղափոխեն գյուղի միջով, որն անխուսափելիորեն գյուղը կդարձնի բնակության համար ոչ պիտանի։

Բացի վերը թվարկված փաստերից բոլոր պոտենցիալ ներդնողները պետք է հիշեն, որ մենք՝ քաղաքացիական հասարակության անդամներս, ովքեր ձգտում են ժողովրդավարության, օրենքի գերակայության և առողջ և բարգավաճ միջավայրում ապրելու մեր բնակչության իրավունքին, կանենք ամեն ինչ` կասեցնելու այս և այլ հանքերի շահագործումը, հեռացնելով պոտենցիալ կոռումպացված համակարգերը և ռեժիմները։

Հետևաբար, մենք կոչ ենք անում ամբողջ աշխարհի հայերին և ոչ հայերին ցուցաբերել առողջ բանականությունը և պատասխանատվության բարձր զգացումը Հայաստանում բնակվող բնակչության նկատմամբ և չաջակցել Հայաստանում հանքերի` հատկապես Ամուլսարի հանքավայրի շահագործմանը։

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

Ինգա Զարաֆյան՝ «ԷկոԼուր» ՀԿ-ի նախագահ

Վազգեն Գալստյան՝ «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համանախագահ

Թեհմինե Ենոքյան՝ լրագրող, Գնդեվազ համայնքի բնակիչ

Լևոն Գալստյան՝ «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ»:

Նոյեմբեր 10, 2014 at 12:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր