Իրավական կարծիք /համեմատական վերլուծություն/ Ամուլսարի ոսկեբեր քվարցների հանքավայրի շահագործման վերաբերյալ

Իրավական կարծիք /համեմատական վերլուծություն/ Ամուլսարի ոսկեբեր քվարցների հանքավայրի շահագործման վերաբերյալ

Էկոլոգ-իրավաբան, փորձագետ` Նազելի Վարդանյան, www.aarhus.am

ՀՀ բնապահպանության նախարարության կայքում 07.04.2016թ. հրապարակվել է Ամուլսարի ոսկեբեր քվարցների հանքավայրի փոփոխված շահագործման նախագիծը, Ռեկուլտիվացման, փակման եւ վերականգնման նախնական պլանը, ՇՄԱԳ-ը, Հանքաքարի կույտային տարրալվացման եւ ոսկու կորզման գործընթացների տեխնոլոգիական ռեգլամենտը: «Գեոթիմ» ՓԲԸ-ն նույնպես 2016թ. իր կայքում հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի վերաբերյալ մի շարք փաստաթղթեր, այդ թվում Բնապահպանական եւ սոցիալական ազդեցությունների գնահատումը /ԲՍԱԳ/: Հատկանշականն այն է, որ նախկինում անցկացված հանրային լսումների եւ քննարկումների ժամանակ մասնագետների եւ հասարակության կողմից ներկայացված փաստարկները, որոնց համաձայն Ամուլսարում հանքարդյունահանության իրականացումը կխախտի ՀՀ օրենսդրության եւ միջազգային մի շարք նորմեր եւ որոնք ժամանակին հերքվում էին «Գեոթիմ» ՓԲԸ-ի կողմից, այժմ ներկայացված են իրենց իսկ հրապարակված փաստաթղթերում:

Այսպես.
1. Նախկին քննարկումների ժամանակ «Գեոթիմ» ընկերության ներկայացուցիչները հերքում էին, որ հանքավայրը մոտ է գտնվում գուղական բնակավայրերին եւ պնդում էին, որ որեւէ բացասական ազդեցություն չեն ունենա այդ գյուղերի շրջակա միջավայրի եւ նրանց բնակիչների սոցիալական վիճակի վրա: Այժմ ԲՍԱԳ-ում նշված է. «Հանքավայրը գտնվում է Գնդեվազ եւ Սարավան գյուղերի արոտների տարածքի վրա, իսկ Հանքի տեղամասը գտնվում է գյուղական, բարձրադիր տարածքում: Հանքի տարածքի մեծ մասը մարգագետնային հողեր են, որոնք օգտագործվում են անասունների արածեցման նպատակով՝բացառությամբ ԿՏՀ-իեւ փոխակրիչի մի հատվածի տարածքի, որոնք գտնվում են ցածրադիր տարածքում՝ Գնդեվազ եւ Սարավան գյուղերի մոտակայքում մասնավոր եւ համայնքային հողերում»: Այսինքն, ցիանիդային մեթոդով ոսկու կորզման գործարանը գտնվելու է հենց Գնդեվազ գյուղի մեջ` այս տարի հատված ծիրանի այգիների տարածքում, ուր մեքենաներով տեղափոխվելու է հանքաքարը: Հաշվի առնելով, որ ազդակիր գյուղական համայնքների բնակչության ապրուստի հիմնական աղբյուրը անասնապահություն է եւ պտղաբուծությունը /հիմնականում` ծիրանի արտադրությունը/, ուստի հանքարդյունահանման արդյունքում արոտավայրերը կոչնչանան, այգիների մի մասն արդեն հատվել են, մյուս մասն էլ կաղտոտվեն, միայն Գնդեվազում 152 հաընդհանուր տարածքով մոտ 274 մասնավոր հողակտոր դուրս է բերվելու գյուղմթերքի արտադրությունից եւ անպիտան է դառնալու հետագա օգտագործման համար, հետեւաբար,բնակչությունը կզրկվի իր հիմնական ապրուստի միջոցներից:

Նշված հանքի գործարկման հետեւանքով կախտոտվեն գյուղերիհողերը, ջրերը եւ մթնոլորտային օդը: «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն. «Արգելվում է բնակավայրերում տերրիկոնների, հանքակույտերի եւ լցակույտերի տեղափոխումը, արդյունաբերական թափոնների, արտադրական, կենցաղային աղբի եւ մթնոլորտային օդը փոշով, վնասակար գազերով եւ գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող այլ թափոնների պահեստավորումը, ինչպես նաեւ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների եւ բնակավայրերի տարածքներում նշված թափոնների այրումը»: Մինչդեռ, համաձայն նոր ներկայացրած փաստաթղթերի, հանքավայրի մոտ գտնվող համայնքները կրելու են փոշու, աղմուկի եւ գարշահոտության ազդեցությունը: Նույն Օրենքի 30-րդ հոդվածում, նշված է. «Օգտակար հանածոների արդյունահանումը, պայթեցման աշխատանքները, տերրիկոնների, հանքաշեղջերի եւ թափոնների տեղափոխումն ու շահագործումը պետք է կատարվեն մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմինների, ինչպես նաեւ մյուս մարմինների հետ համաձայնեցված` մթնոլորտային օդի ախտոտումը կանխելու կամ կրճատելու վերաբերյալ կանոնների պահպանումով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»: Փորձաքննությանը ներկայացված նյութերում բացակայում են մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու միջոցառումներ: Նախկին փորձաքննությունների ժամանակ Ջերմուկը չի հանդիսացել ազդակիր համայնք, լինելով եզակի հանքային բուժիչ ջրերի աղբյուրներով հայտնի առողջարանային քաղաք, զբոսաշրջության կենտրոն եւ արգելավայր: Բազմաթիվ քննարկումների ժամանակ «Գեոթիմ» ընկերության ներկայացուցիչները հիմնավորում էին, որ Ջերմուկ քաղաքը գտնվում է հանքավայրից հեռու եւ որեւէ ազդեցության չի ենթարկվելու: Այժմ բոլոր փաստաթղթերում նշված է Ջերմուկ քաղաքը, եւ այն համարվել է ազդակիր, չնայած որեւէ ուսումնասիրություն չի արվել Ջերմուկի հանքային ջրերի աղբյուրների, օդի եւ ջրերի մաքրության վրա հանքավայրի ազդեցության վերաբերյալ: Այս պարագայում, եթե Ջերմուկը ազդակիր համայնք է եւ նախկին փորձաքննությունների ժամանակ չի ճանաչվել այդպիսին եւ հանրային քննարկումներ այնտեղ չեն իրականացվել, հետեւաբար, բոլոր փորձաքննական եզրակացություններն անօրինական են, քանի որ դրանք կատարվել են ՀՀ օրենսդրության եւ Օրհուսի Կոնվենցիայի պահանջների խախտումով:

Ջերմուկի հանքային ջրերի աղբյուրների սանիտարական պահպանության գոտիներում արգելվում է պայթեցումներ կատարել, ծավալել շրջակա միջավայրը աղտոտող ցանկացած տնտեսական գործունեություն: Եթե նախկինում, «Գեոթիմ» ընկերության ներկայացուցիչները հերքում էին, որ պայթեցումները կարող են ազդեցություն ունենալ շրջապատող բնակավայրերի վրա, ապա 05.07.16թ. իրենք Գնդեվազ գյուղում շրջայց են կատարում համայնքի անդամների տները եւ ֆիքսում, ինչ ճաքեր եւ վնասվածքներ են առկա, որպեսզի հետագայում իրենց պարզ լինի ո՞ր տնատիրությանը պետք է փոխհատուցվի վնասի դեպքում: Եթե ցնցումներն այնքան ուժեղ են լինելու, որ կարող են առաջացնել տների վնասվածքներ, ապա այդ ցնցումները, առանց այդ էլ ակտիվ տեկտոնիկ գոտում, կարող են առաջացնել հանքային ջրերի աղբյուրների կորուստ կամ վնասում, ինչը անգնահատելի բնապահպանական եւ տնտեսական վնաս կպատճառի Հայաստանի Հանրապետությանը:
Ստորգետնյա ջրային ավազանը նույնպես բացասական ազդեցություն կկրի, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ Ջերմուկի հանքային ջրերի աղբյուրների եւ Սեւանա Լճի ջրհավաք ավազանի վրա: «Գեոթիմ» ընկերությունը նշում է. «Պայթեցման գործողություններում օգտագործվող ազոտի միացությունները կարող են աղտոտել բացահանքերում առկա ջուրը: Ամենայն հավանականությամբ, այս միացությունների ներծծանցում տեղի կունենա ստորգետնյա ջրերի մեջ.... Նիտրատի կոնցենտրացիաների աճ կարող է տեղի ունենալ հանքի շահագործմանը հաջորդող ժամանակահատվածում ստորգետնյա ջրերից սնվող, հանքափոսերին շատ մոտ գտնվող բարձրադիր բազմամյա աղբյուրներում:» Միաժամանակ նշվում է. «Բացահանքերի տարածքից ԹԱԴ հոսակորուստները կարող են ստորգետնյա ջրերի որակի վրա ազդեցություն ունենալ: Սա կարող է ազդել բացահանքերի մոտակայքի աղբյուրների եւ գետերի ամենամյա հոսքերը սնուցող ատորգետնյա ջրերի վրա»:

Բացի այդ, ազդեցություն կկրի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը: Ինչպես նշված է ԲՍԱԳ-ում «Ջերմուկի ջուրը մատակարարվում է աղբյուրների 4 խմբից, որոնցից մեկը՝ Մադիկենց աղբյուրը Ծրագրի տարածքում է»: Այնուհետ նշվում է. «ստորգետնյա ջրերի հոսքուղիների փոփոխությունների պատճառով Ամուլսար լեռան վրա որոշ բարձրադիր աղբյուրներ կարող են չորանալ ուշ ամռանն ու ձմռանը»: Այսինքն, Ջերմուկ քաղաքը կկորցնի իր խմելու ջրի աղբյուրները, քանի որ դրանք կամ կաղտոտվեն, կամ հանքի գործարկման արդյունքում կցամաքեն:

Դարձնելով Ջերմուկ քաղաքը ազդակիր համայնք, այնպես է արվում, որպեսզի բաց հանրային քննարկումներ տեղի չունենան, համոզված լինելով, որ Ջերմուկի բնակիչները դեմ են հանքավայրի գործարկմանը, քանի որ նրանց ապրուստի միակ աղբյուրն է տարվա մեջ 2-3 ամիս իրենց բնակարանները հանգստացողներին վարձակալությամբ հանձնելը, դեղաբույսերի վաճառքը եւ բնակչությունը հիմնականում աշխատում է առողջարաններում եւ հանքային ջրի գործարաններում, իսկ հանքի առկայության դեպքում Ջերմուկ հանգստանալու եւ բուժվելու մեկնողների թիվը կտրուկ կնվազի, ինչը անմիջապես կազդի քաղաքի բնակիչների կենսամակարդակի վրա: Հանքի գործարկումը Ջերմուկ քաղաքից 7 կմ հեռավորության վրա հակասում է ՀՀ օրենսդրության մի շարք նորմերին, որոնք պետք է հաշվի առնվեն ՀՀ բնապահպանության փորձագետների կողմից եւ տրվի փորձագիտական բացասական եզրակացություն: Այսպես, ՀՀ Հողային օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն. «2. Բուժական-առողջարարական վայրերի եւ առողջարանների տարածքներում բնակչության հիվանդությունների կանխարգելման ու բուժման կազմակերպման համար բարենպաստ սանիտարական եւ բնապահպան պահանջներն ապահովելու նպատակով օրենսդրությանը համապատասխան սահմանվում են սանիտարական (լեռնային սանիտարական) պահպանության գոտիներ»: Ջրայինօրենսգրքի 104-րդ հոդվածի համաձայն. «Կեղտաջրերը եւ ցամաքուրդային ջրերն ընդունելու համար արգելվում է օգտագործել ջրային այն ռեսուրսը կամ դրա մասը, որը՝
1) պարունակումէ բնական բուժիչ ռեսուրսներ.
2) գտնվում է առանձնահատուկ պահպանվող ավազանային տարածքների կազմում.
3) գտնվում է առողջարանների, զբոսաշրջության, մարզական եւ ռեկրեացիոն նպատակներով օգտագործվող վայրերի հարեւանությամբ.
4) հանդիսանում է արժեքավոր տեսակի ձկների ձվադրման եւ ձմեռմանվայր.
5) հանդիսանում է արժեքավոր կենդանիների բնակավայր կամ բույսերի աճման տեղամաս:
Կեղտաջրերը եւ ցամաքուրդային ջրերն ընդունելու համար արգելվում է կլանող հորատանցքերի եւ ջրհորների կառուցումը»:

ՀՀ Կառավարության 18.09.2008թ. «Ջերմուկ քաղաքը զբոսաշրջության կենտրոն հայտարարելու մասին» հ.1064-Ն որոշման մեջ նշված է. «4. Առողջարանային ռեսուրսներով հարուստ Հայաստանում Ջերմուկ քաղաքն իր ուրույն տեղն ու ավանդույթներն ունի»: Այս պարագայում Ամուլսարի հանքավայրի գործարկման արդյունքում կարող ենք կորցնել Ջերմուկի հազվագյուտ հանքային ջրերի աղբյուրները /պայթեցումների, սեյսմիկության բարձր ռիսկայնության, աղտոտման արդյունքում/, աղտոտել եւ առողջարանային, զբոսաշրջության եւ հանգստի համար ոչ պիտանի դարձնել Ջերմուկի կուսական բնությունը՝ օդի, ջրերի, հողի աղտողտման եւ բարձր ճառագայթման հետեւանքով: Արդյունքում, ոչ թե կավելանան Ջերմուկի այցելուները եւ զբոսաշրջիկները, ինչպես ծրագրված է վերը նշված որոշմամբ, այլ կնվազեն: Առողջապահությունը, հանգիստը զբոսաշրջությունը եւ հանքարդունահանությունը համատեղելի չեն: Այդ պատճառով, պետությունը պետք է որոշի՝ թե որ ճյուղին է գերակայություն տալիս: Բացի այդ, Ամուլսարի հանքի գործարկումը կառաջացնի լուրջ սոցիալական, դեմոգրաֆիկական, առողջապահական, հասարակական կարգի պահպանման եւ այլ խնդիրներ: Ինչպես նշված է «Գեոթիմ» ընկերությանԲՍԱԳ-ում. «նման ծրագրերի ընթացքում առաջացած սոցիալական խնդիրները ներառում են` ալկոհոլի օգտագործման մակարդակի, մարմնավաճառության եւ դրա հետ կապված սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, ինչպես նաեւ հանցագործությունների եւ բռնությունների աճ»: Այս պարագայում, ինչպե՞ս կարելի է պատկերացնել առողջարանային քաղաքի բնականոն կյանքը եւ նորմալ զարգացումը:
3.«Գեոթիմ» ընկերության կողմից անտեսվել է եւ շարունակվում է անտեսվել Սեւանա լճի վրա բացասական ազդեցության հարցը: Եթե նախկինում իրենք պնդում էին, որ որեւէ ազդեցություն չի ունենա Սեւանա լճի վրա, այժմ ընդունում են Սեւանի վրա ազդեցությունը, սակայն այն փորձում են լուծել ԿՏՀ-ն տեղափոխելով: Սակայն, հանքարդյունահանումը, հանքաքարի մանրացումը եւ դատարկ ապարների կույտավորման աշխատանքները կատարվելու են Սեւանա լճի ջրհավաք ավազանում, ինչը արգելված է ՀՀ օրենսդրությամբ:

Իրականում, Ամուլսարի հանքավայրը գտնվում է Սեւանա լճի ջրհավաք ավազանում եւ դրա շահագործման արդյունքում աղտոտվելուն են ստորգետյան եւերգետնյա ջրերը, որոնք թափվում են Կեչուտի եւՍպանդարյանի ջրամբարներ,այնուհետ Սեւանա լիճ, վնասելու են Սեւանա լճի էկոհամակարգը: «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն. «Սեւանա լճի ջրհավաք ավազան` տարածք, որի մակերեւութային եւ ստորերկրյա ջրերը հոսում են դեպի Սեւանա լիճ: Սեւանա լճի ջրհավաք ավազանի մասն են կազմում նաեւ Կեչուտի եւ Սպանդարյանի ջրամբարները, Արփա եւ Որոտան գետերի ջրհավաք ավազանները` մինչեւ Կեչուտի ջրամբար. Սեւանա լճի էկոհամակարգ` Սեւանա լճի եւ նրա ջրհավաք ավազանի կենդանի ու անկենդան ենթահամակարգերը` նրանց միջեւ գոյություն ունեցող փոխհարաբերությունների ամբողջականությամբ»» Բացի այդ, այն գտնվում է անմիջական ազդեցության գոտում, որը «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն. «ընդգրկում է կենտրոնական գոտու սահմաններից դուրս գտնվող ջրհավաք ավազանը` մինչեւ ջրբաժան, որտեղ ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով ազդում է Սեւանա լճի, նրա մեջ թափվող գետերի հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական, սանիտարաթունաբանական, հիգիենիկ եւ այլ որակական ու քանակական ցուցանիշների վրա»: Նույն Օրենքի 10-րդ հոդվածի համաձայն. «1. Կենտրոնական, անմիջական եւ ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սեւանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն:
2. Անմիջական ազդեցության գոտում արգելվում են`
ա) էկոլոգիապես վնասակար, օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ եւ կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.
բ) ռադիոակտիվ նյութերի եւ թափոնների, ինչպես նաեւ մարդուառողջության եւ շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը եւ տեղադրումը.
գ) հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.
դ) քարածխի եւ հեղուկ վառելանյութի բազայի վրաաշխատող 10 մեգավատտից ավելի հզորությամբ ջերմային էներգիայի աղբյուրների գործարկումը»:
Նույն Օրենքի 26-րդ հոդվածի համաձայն. §1. Սեւանա լճի էկոհամակարգի բնականոն գործունեության ապահովման նպատակով Սեւանա լճի էկոհամակարգում արգելվում է օգտագործել`
ա) ջրային օրգանիզմների համար բարձրտոքսիկություն ունեցող նյութեր.
բ) սննդային շղթաներով փոխանցվող եւ բույսերի ու կենդանիների օրգանիզմներում կուտակվող ոչ բարձր տոքսիկություն ունեցող նյութեր.
գ) Սեւանա լճի եւ նրա մեջ թափվող գետերի, աղբյուրների ջրերում դանդաղ քայքայվող բարձր եւ ոչ բարձր տոքսիկություն ունեցող նյութեր.
դ) Սեւանա լճի էկոհամակարգի համար վտանգավոր, սակայն կենսահամակարգից արագ հեռացվող նյութեր.
ե) թույլատրելի նորմերը գերազանցող կենսածին տարրեր, ծանր մետաղներ կամ նրանց միացություններ»:
Սակայն հաշվի առնելով, որ այս հանքը՝ բաց հանք է, բացի ոսկուց կա ուրանի, սելենի, ծանր մետաղների պարունակություն, կատարվելու են մեծ ծավալի պայթեցումներ եւ ոսկու կորզումը կատարվելու է ցիանիդային տեխնոլոգիայով /ինչը քաղաքակիրտ աշխարհում՝ արգելված է/, ապա կարելի է պատկերացնել՝ թե ինչ աստիճանի տոքսիկություն ունեցող նյութեր եւ ծանր մետաղներ կլցվեն, Արփա եւ Որոտան գետերը, Կեչուտի եւ Սպանդարյանի ջրամբարները, այնուհետ Սեւանա լիճ:

Խախտվում են նաեւ ՀՀ Ջրային օրենսգրքի մի շարք պահանջներ: ՀՀ Ջրային օրենսգրքի 99-րդ հոդվածի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսները ենթակա են պահպանության: Ջրային ռեսուրսի պահպանության հիմնական պահանջներն են՝
2) ջրային ռեսուրսն էկոհամակարգերի եւ բնական լանդշաֆտների բաղկացուցիչ մասն է, եւ դրա պահպանությունը պայմանավորված է տվյալ էկոհամակարգի հավասարակշռությամբ.
3) ջրային ռեսուրսը ենթակա էպահպանության ինչպես օգտագործման,այնպես էլ օգտագործման դեպքերում.
6) ջրային ռեսուրսը ենթակա է պահպանության աղտոտումից, աղբոտումից, վարակումից եւ հյուծումից.
7) կեղտաջրերի արտահոսքը ջրային ռեսուրս թույլատրվում է միայն սույն օրենսգրքի պահանջների համաձայն՝ արտահոսքի թույլտվության առկայության դեպքում.
8) ջրային ռեսուրսի ակվատորիայի կամ ջրապահպան գոտու տարածքում արգելվում է կատարել որեւէ տեսակի աշխատանք, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
9) ստորերկրյա ջրերի պահպանման գոտիներում սահմանափակվում կամ արգելվում են գործունեության որոշակի տեսակներ (ներառյալ՝ հողերի ոռոգումը կեղտաջրերով)՝ լուծիչներ կամ քիմիկատներ արտադրող, օգտագործող կամ պահողարդյունաբերական կամ առեւտրային կազմակերպությունների գործունեությունը, տնտեսական գործունեության ընթացքում առաջացող հումքի, նյութերի, կիսաֆաբրիկատների, այլ արտադրանքների եւ մթերքների մնացորդների աղբանոցների տեղադրումը.
10) հետախուզական, օգտագործման համար ոչ պիտանի, ճնշումային, ընդհատված օգտագործմամբ հորատանցքերը ենթակա են կոնսերվացման կամ վերացման.
11) արգելվում է ռադիոակտիվ եւ թունավոր թափոնների արտանետումը, արտահոսքը եւ թաղումը ջրային ռեսուրսում, ինչպես նաեւ պայթեցման աշխատանքների իրականացումը միջուկային եւ այլ տիպի տեխնոլոգիաներով, որոնք ընթանում են ռադիոակտիվ եւ թունավոր նյութերի արտանետմամբ»:
Բացի այդ ՀՀ Ջրային օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն. «Ջրհավաք ավազաններում արգելվում է՝ 2) ջրային ռեսուրսների որակի վրա անուղղակի վնասակար ազդեցություն ունեցող թափոնների թաղման տեղամասերի, աղբանոցների, գերեզմանոցների եւ այլ օբյեկտների տեղադրումը»:
Այն, որ ջրերը աղտոտվելու են անձրևների, ձնհալի ազդեցության տակ բաց ապարների լվացման արդյունքում, հաստատում է նաեւ «Գեոթիմ» ընկերությունը:

ԲՍԱԳ-ում նշված է. «ԹԱԴ առաջացնելու ռիսկն աճում է այնտեղ, որտեղ ապարները մերկանում են. սա վերաբերում է շինարարության եւ շահագործման գործողություններին: Ջրի քիմիական ռեակցիան, մերկացած ապարներում սուլֆիդը եւ օդում թթվածինը առաջացնում են թթվայնություն: Այդ թթվայնությունը նվազեցնում է ջրածնային ցուցիչը եւ փոխում մետաղների շարժը: Ցածր ջրածնային ցուցիչի դեպքում շատ թունավոր մետաղներ, ինչպիսիք են մկնդեղը, կապարը եւ ցինկը, ավելի հեշտ են տարրալուծվում: Հանքարդյունաբերական գործողությունները խթանում են ԹԱԴ-ի գոյացումը, քանի որ սուլֆիդը հանքափոսում եւ դրանից փորված, հանված դատարկ ապարներում ենթարկվում է ներազդեցության»:

Այսինքն ստացվում է, որ մինչ այդ «Գեոթիմ» ընկերությունը ոչ արժանահավատ տեղեկություն է ներկայացրել փորձաքննության մարմնին, իսկ փորձագետները անտեսել են Սեւանա լճի վրա ազդեցության հանգամանքը, անտեսելով հասարակության փաստարկները, տվել են անօրինական դրական եզրակացություն:

Ներկայացված փաստաթղթերով «Գեոթիմ» ընկերությունը շարունակում է մոլորության մեջ գցել հասարակությանը եւ փորձագետներին, նպատակ ունենալով ամեն կերպ հասնել իր նպատակին:
Այսպիսով, ակնհայտ է, որ Ամուլսարի հանքավայրի գործարկումը խախտում է ՀՀ Ջրային օրենսգրքի եւ «Սեւանա լճի մասին» ՀՀ Օրենքիմի շարք դրույթներ, եւ էական վնաս է պատճառելու Սեւանա լճին եւ դրա ջրհավաք ավազանին, վտանգի տակ դնելով, ինչպես Ջերմուկի հանքային ջրերի, այնպես էլ Սեւանի ջրհավաք ավազանի պահպանությունը:

4.Նախկինում բոլոր քննարկումների ընթացքում «Գեոթիմ» ընկերության ներկայացուցիչները հերքում էին հասարակության եւ մասնագետների այն փաստարկները, որ հանքավայրի տարածքում առկա են ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսեր եւ կենդանիներ: Սակայն, 2016թ. ներկայացրած ՇՄԱԳ-ում եւ ԲՍԱԳ-ում հստակ նշված է. «Կարճաժամկետ հեռանկարում, Ծրագրի իրականացումը կհանգեցնի Մատ ն ո ւ ն ի  ծ ի ր ա ն ա վ որ բուսատեսակի կորստին», որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, որպես խիստ վտանգված տեսակ, իսկ համաշխարհային մակարդակով այն դասակարգվում է «Վտանգված տեսակների» շարքում: Այնուհետ, նշված է. «Հայաստանի կառավարությունից ստացած թույլտվության շրջանակներում նախատեսվող բացահանքերի զբաղեցրած տարածքից բույսերն արդեն հավաքվել եւ տեղափոխվել են Սեւանի բուսաբանական այգում հատուկ կառուցված ջերմատուն, որտեղ փորձարկումներ կկատարվեն հանքի փակումից հետո դրանց պոպուլյացիայի վերականգնման նպատակով լավագույն մեթոդները պարզելու նպատակով:» Ո՞վ պետք է պատասխան տա եւ ինչպե՞ս պետք է վերականգնվի պատճառված վնասը, եթե նշված բույսը չհարմարվի ջերմոցային պայմաններին եւ ոչնչանա: Այս գործողությամբ խախտվել է «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը, համաձայն որի . «Արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց աճելավայրերի վատթարացմանը»: Այսինքն, օրենսդիրը շեշտադրում է անում աճելավայրերի պահպանության կարեւորության վրա, որը տվյալ դեպքում լրիվ ոչնչացվելու է:

«Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդ. համաձայն. «Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանության են ենթակա բուսական աշխարհի բոլոր օբյեկտները», այլ ոչ միայնԿարմիր գրքում գրանցված տեսակները: Չնայած «Գեոթիմ» ընկերությունը նշում է. «Ծրագրային գոտու սահմաններում առկա են մարգագետնային բուսականության մեծ տարածքներ, որոնք ներկայացնում են միջազգային, այդ թվում` ՄՖԿ-ի եւ ՎԶԵԲ-ի չափանիշներով սահմանված «բնական կենսամիջավայրերի» հարուստ նմուշներ, եւ որոնք պահանջում են հատուկ ուշադրություն» : Սակայն բույսերի մյուս տեսակների եւ դրանց պահպանման մասին ընդհանրապես խոսք չկա, չի նկարագրված տարածքի բուսական աշխարհը ըստ տեսակային կազմի, այն էլ այն դեպքում, երբ «Գեոթիմ» ընկերությունը ուղղակի նշում է, որ լանդշաֆտների անդառնալի կորուստներ կլինեն:

Նախկինում «Գեոթիմ» Ընկերության ներկայացուցիչները հերքում էին, որ հանքի տարածքում կան Կարմիր գրքում գրանցված կենդանիներ: Այժմ ԲՍԱԳ-ում նշված է. «Միջազգայնորեն ճանաչված Գորայքի եւ Ջերմուկի կարեւորագույն թռչնաբանական տարածքները (ԿԹՏ) սահմանակից են Ծրագրի ազդակիր տարածքին համապատասխանաբար հարավարեւելյան եւ հյուսիսարեւմտյան մասերում: Այս տարածքները Թռչունների պաշտպանության կազմակերպության (BirdlifeInternational) կողմից նշվել են որպես թռչունների պահպանության համար կարեւոր կենսամիջավայր: Գորայքի ԿԹՏ-ում նշված հիմնական տեսակը տափաստանային հողմավար բազեն է, որի միակ բազմացող գաղութը Հայաստանում է՝ Գորայք գյուղի մոտ: Վերոհիշյալ երկու ԿԹՏ-ներն նշվել են նաեւ սովորական գիշանգղի համար»:

Բացի այդ նշված է. «Ծրագրի տարածքում հայտնաբերվել են նաեւ ՀՀ Կարմիր գրքում գրանցված մի քանի այլ տեսակներ, այդ թվում՝ իժի երկու տեսակ, բզեզի երկու տեսակ, թիթեռի մեկ տեսակ, թռչունների առնվազն 14 տեսակ եւ կաթնասունների մեկ տեսակ»: Նշելով Կարմիր գրքում գրանցված կենդանիների մի քանի տեսակներ, այնուամենանիվ, ոչ բոլոր տեսակներն են թվարկված: Օրինակ, որպես կաթնասուն նշված է միայն գորշ արջը, իսկ «Կենդանիների աշխարհ» ՍՊԸ-ի կողմից 2006-2012թթ. հաշվետվության մեջ նշված է, որ Ջերմուկի տարածքում բնակվում են Կարմիր գրքում գրանցված կաթնասուն կենդանիների հետեւյալ տեսակները` գորշ արջ, բեզոյան այծ, հայկական մուֆլոն, լուսան: Սակայն, բացի գորշ արջից, մնացածի մասին Ընկերությունը ուսումնասիրություններ չի կատարել: «Կենդանական աշխարհի մասին» ՀՀօրենքի 18-րդ հոդ. համաձայն. «Արգելվում է ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց ապրելավայրերի վատթարացմանը»:

Կարելի է եզրակացնել, որ առաջին փորձաքննության եզրակացությունը օրինական չէ, քանի որ Ընկերության կողմից չեն ներկայացվել հավաստի տվյալներ կենդանական եւ բուսական աշխարհի վերաբերյալ եւ դրանք չեն գնահատվել, իսկ նոր ներկայացրած փաստաթղթերը նույնպես թերի են:
«Գեոթիմ» ընկերությունը ընդունում է, որ «Ծրագիրը կհանգեցնի բնական բուսականության կորստի, այդ թվում՝ ինչպես Մատնունի ծիրանավորի, այնպես էլ Կովկասյան գորշ արջի կենսամիջավայրերի կորստի, որոնք, միջազգային ստանդարտների համաձայն, համարվում են կրիտիկակական կենսամիջավայրեր:

Հանքարդյունահանման հետ կապված աղմուկի եւ փոշու նստվածքագոյացման եւ կենդանիների տեղաշարժի խոչընդոտման արդյունքում նաեւ կենսամիջավայրերի որակի վատթարացում տեղիկունենա»: Բացի այդ ընկերությունը հաստատում է այն փաստը, որ «ակնհայտ է, որ հանքի շահագործումից հետո վերականգնմանն ուղղված հնարավոր ջանքերից անկախ, Ամուլսար լեռան ներկայիս բնական կենսամիջավայրերի ամբողջական եւ լիակատար վերակագնումը հնարավոր չէ»:

Խախտվել է նաեւ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի նորմը: Մասնավորապես, ՀՀ Ընդերքի մասին օրենսրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն «1. Ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ազգային անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի եւ առողջության, պատմամշակութային արժեքների կամ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան`
3) Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաեւ եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ»: Այս նորմը իմպերատիվ է եւ որեւէ կերպ հնարավորություն չի տալիս դրական փորձագիտական եզրակացություն տալու եւ այդ տարածքում հանք գործարկելու:
5. «Գեոթիմ» ընկերության ներկայացուցիչները նախկինում չէին ընդունում, որ հանքի տարածքում կան դամբարաններ, պատմամշակութային արժեքներն, այժմ ընդունելով այդ փաստը նվազեցնում են դրանց նշանակությունը: ԲՍԱԳ-ում նշված է. «ուսումնասիրությունների արդյունքում առանձնացվել են 81 հավանական հնագիտական տարածքներ, որոնք ամենայն հավանականությամբ, Ծրագրի գործողություններից ազդեցություն կկրեն, չնայած դրանցից ոչ մեկը, ըստ հայաստանյան եւ միջազգային փորձագետների, մեծ կարեւորություն չի ներկայացնում»: Ինչի՞ հիման վրա եւ ի՞նչ լիազորությամբ է Ընկերությունը գնահատում 81 հավանական հնագիտական տարածքների կարեւորությունը եւ ոչ կարեւոր համարում, պարզ չէ: Մինչդեռ, ՀՀ Պատմամշակութային ժառանգություն գիտահետազոտական կենտրոնի գրության համաձայն. «հայտնաբերվել է բնակատեղիներ, դամբարանադաշտեր եւ գերեզմանոց: Նշված արժեքները ներկայացվել են Մշակույթի նախարարություն հուշարձանի կարգավիճակ տալու համար: Դամբարանադաշտեը գտնվում են Կեչուտ գյուղից 10 կմ հարավ-արեւելք Ամուլսարի ստորոտին, Գնդեվազ գյուղից 18-23 կմ հեռավորության վրա` Ամուլսարի Էրատո, Տիգրան եւ Արտավազդ լեռնագագաթներին:
ՀՀ Հողային օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն. «1. Պատմական եւ մշակութային հողեր են համարվում պատմական եւ մշակութային արժեքների ու պատմական միջավայրի պահպանության, ...դամբարանադաշտերի եւ պատմական ու մշակութային այլ արժեքներով զբաղեցված հողամասերը: 2. Պատմական եւ մշակութային հողամասերի վրա արգելվում է դրանց նպատակային ու գործառնական նշանակությանը հակասող ցանկացած գործունեություն»:

ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն. «1. Ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ազգային անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի եւ առողջության, պատմամշակութային արժեքների կամ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան`
1) գերեզմաններ.
2) բնության, պատմության եւ մշակույթի հուշարձաններ»:
Պատմամշակութային հուշարձաններով զբաղեցրած տարածքները հանքարդյունահանման նպատակով տրամադրելը խախտում է նաեւ ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածը, որտեղ նշված է. «Պատմության եւ մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքները գտնվում են պետության հոգածության եւ պաշտպանության ներքո»:
Այսքան արգելքների առկայության պարագայում ինչպե՞ս է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված դրական փորձագիտական եզրակացություն, պարզ չէ:
5. Խախտվել է նաեւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքը: Մասնավորապես, Ջերմուկ քաղաքը իսկզբանե չի ճանաչվել որպես ազդակիր համայնք եւ այնտեղ չեն անցկացվել հանրային լսումներ, ինչպես նախատեսված է Օրենքում:Այժմ Ջերմուկ քաղաքը ճանաչվել է որպես ազդակիր համայնք, սակայն լսումներ այդպես էլ չեն անցկացվել: Այսինքն հաշվի չի առնվել հանքավայրի հարեւանությամբ գտնվող ամենամեծ համայնքի բնակիչների կարծիքը: Ազդակիր համայնք չի ճանաչվել նաեւ Կեչուտ գյուղը, որի բնակչության հիմնական ապրուստի միջոցը անասնապահությունն է, եւ անասուններն արածեցվում են հենց այդ տարածքներում:

Բացի այդ, հաշվի չեն առնվել բոլոր շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների կարծիքները: Այսպես, օրինակ, բացակայում է ՀՀ Առողջապահության նախարարության կարծիքը հանքավայրի վերաբերյալ, որը պարտադիր էր փորձաքննության համար: ՀՀ առողջապահության նախարարությունն ընդգրկված չի եղել հանքավայրի կապակցությամբ ՀՀ էկոնոմիակայի նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբում, իսկ իրենց տրամադրած փաստաթղթերը թերի են եղել, ամբողջական փաթեթը պահանջելուց հետոո չինչ չեն ստացել: Այդ պատճառով հնարավորություն չեն ունեցել եզրակացություն տալու: Այսպիսով, փորձաքննության դրական եզրակացությունը տրվել է առանց հաշվի առնելու հանքավայրի շահագործման արդյունքում մարդու առողջության վրա ազդեցությունը եւ վտանգավորությունը: Մինչդեռ, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.
«1. Գնահատումը եւ փորձաքննությունը ելնում են`
1) առողջության, բնականոն ապրելու եւ ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու մարդու իրավունքից.
2) բնական պաշարների արդյունավետ, համալիր եւ բանական օգտագործման պահանջներից.
3) էկոլոգիական համակարգերի հավասարակշռության եւ կենդանական ու բուսական աշխարհի պահպանման անհրաժեշտությունից` նկատի ունենալով ներկա եւ ապագա սերունդների շահերը»:

Իսկ գնահատման նպատակն է նույն Օրենքի 6-րդ հոդվածի համաձայն. «շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հիմնադրութային փաստաթղթի եւ նախատեսվող գործունեության իրականացման արդյունքում հնարավոր վնասակար ազդեցությունների կանխատեսումը, կանխարգելումը, նվազեցումը կամ բացառումը»:

Հաշվի չեն առնվել նաեւ ՀՀ մշակույթի նախարարության կարծիքը, անտեսելով այդ տարածքում առկա 81 պատմական հուշարձանները եւ դամբարանները: Բացի այդ, փորձաքնություն կատարող մարմինը չի դիտարկել կամ մակերեսորեն է անդրադարձել նշված Օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված բոլոր ոլորտները:

Փորձաքննություն կատարող մարմինը ընդհանրապես հաշվի չի առել, ինչպես ազդակիր համայնքների՝ Գնդեվազի եւ Սարավանի, այնպես էլ Ջերմուկ քաղաքի բնակիչների բացասական կարծիքը:

6. ՀՀ կառավարության 25.09.2014թ. «Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարությունը, պահպանության եւ օգտագործման բնագավառում պետական ծրագիրը եւ միջոցառումները հաստատելու մասին» հ.1059-Ա որոշման համաձայն «Ջերմուկ»ազգային պարկը պետք է ստեղծվի 2017-2020 թթ. ՀՀ բնապահպանության նախարարության կողմից` ՀՀ ԳԱԱ-ի եւ ՎԲՀ-Հայաստանի /WWF/ համաձայնությամբ` ՀՀ պետական բյուջեի եւ ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրների ֆինանսական միջոցների հաշվին: ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով իրականացվել է ««Ջերմուկ» ազգային պարկ ստեղծելու մասին միջնաժամկետ ծախսային ծրագիրը: ՀՀ կառավարության կողմից հաստատված Բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարության մեջ նշված է.««Ջերմուկ» ազգային պարկի ստեղծմամբ կմիավորվեն «Հերհերի նոսրանտառային», «Ջերմուկի անտառային» եւ «Ջերմուկի ջրաբանական» արգելավայրերը: Դա հնարավորություն կընձեռի՝ ապահովելու էկոհամակարգերի ամբողջականության պահպանությունը եւ աջակցելու ազգային պարկի պահպանման գոտում գտնվող համայնքների տնտեսական զարգացմանը, խթանելու զբոսաշրջության զարգացմանը եւ բարձրացնելու բնակչության կենսամակարդակը»: «Ջերմուկ» ազգային պարկի եւ դրա բուֆերային գոտու սահմանները շատ մոտ են գտնվելու Ամուլսարի ոսկու հանքին եւ ընդգրկելու ենհանքարդյունահանման արդյունքում աղտոտված տարածքներ, ինչը կխախտի ազգային պարկի պահպանության ռեժիմը: Այսպիսով, հանքարդյունահանումը Ամուլսարի ոսկու հանքում եւ «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծումն ու տուրիզմի զարգացումն անհամատեղելի ծրագրեր են:

7. Անհրաժեշտ է նշել, Ամուլսարի հանքավայրի գործարկման համար փորձագիտական եզրակացությունները եւ լիցենզիան տրվել է «Գեոթիմ ՓԲԸ, սակայն այժմ բոլոր կայքերում նշվում է «Լիդիան Արմենիա» ընկերության անունը որպես հանքշահագործողի, առանց նշելու` ե՞րբ, ի՞նչ կարգով եւ նպատակով է կատարվել այդ փոփոխությունը, ինչպե՞ս պետք է վերջինս գործի «Գեոթիմ ՓԲԸ-ին տրված լիցենզիայով, թույլտվություններով եւ փորձագիտական եզրակացությամբ:

Բացի այդ, «Լիդիան Արմենիա» ընկերության կայքում նշված է, որ «Լիդիան Ինթերնեյշնլ»-ը անդամակցել է Ցիանիդի կառավարման միջազգային օրենքներին, սակայն վերջինս չի հանդիսանում հանքշահագործող, հետեւաբար իր մասնակցությունը որեւէ միջազգային կառույցներում ու փաստաթղթերում որեւէ նշանակություն չունի Ամուլսարի հանքի անվտանգ շահագործման համար: Անհրաժեշտ է ուսումնասիրել եւ պարզել նման անվանափոխությունների եւ տարատեսակ տեղատվություն տրամադրելու պատճառը եւ դրա հետեւանքները:

Այս վերլուծությունից երեւում է, որ «Գեոթիմ» ընկերությունը իսկզբանե միտումնավոր չի նշել այն փաստերը, որոնք կարող էին խոչնդոտել դրական փորձաքննական եզրակացություն ստանալը եւ առարկել է դրանց դեմ, այնուհետ` դրական եզրակացություն ստանալուց հետո, տարբեր ժամանակահատվածներում դիմել է ՀՀ բնապահպանության նախարարություն` տարածքների ընդլայնման եւ ծրագրային փոփոխությունների համար, նշելով նոր` իրականությանը մոտ տվյալներ /որոնց մասին ժամանակին հասարակությունը մատնանշել է, սակայն Ընկերության կողմից հերքվել է/: Սա մի հնարք է, որի շնորհիվ Ընկերությունը անօրինական ստացել է դրական փորձագիտական եզրակացություն, իսկ այժմ իրականությանը մոտ տվյալներ ներկայացնելով, պատասխանատվության բեռը գցում է ՀՀ բնապահպանության նախարարության վրա:

Հաշվի առնելով, որ նախկինում չեն ներկայացվել բոլոր իրական հանգամանքները, Ջերմուկ եւ Կեչուտ համայնքները չեն ճանաչվել որպես ազդակիր համայնք, չեն ներգրավվել բոլոր շահագրգիռ նախարարությունները եւ գերատեսչությունները, հաշվի չեն առնվել հասարակական լսումների արդյունքում հնչած հասարակության հիմնավոր կարծիքները, ինչպես նաեւ կոպտորեն խախտվել են ՀՀ օրենսդրության եւ միջազգային վերը նշված նորմերը եւ արգելքները, ուստի պետք է «Գեոթիմ» ընկերությանը տրված բոլոր փորձագիտական եզրակացություններն անվավեր ճանաչել, իսկ նոր ներկայացրած հայտի վերաբերյալ տալ բացասական եզրակացություն:

Նոյեմբեր 03, 2016 at 12:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր