Արդյո՞ք Ամուլսարի ծրագիրը կրկին փորձաքննություն կանցնի

Արդյո՞ք Ամուլսարի ծրագիրը կրկին փորձաքննություն կանցնի

ԷկոԼուր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քննարկում անցկացրեց Ամուլսարի հանքի շահագործման հարցի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցեցին ՀՀ կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամներ, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչներ, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ:

Այս կապակցությամբ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը հաղորդում է. «Կառավարության ղեկավարը ներկայացրել է Ամուլսարի հանքի ծրագրի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում իրականացված աշխատանքները, անդրադարձել միջազգային փորձաքննության եզրակացությանը և դրա վերլուծությանը: Վարչապետը նշել է, որ այսօր առավոտյան խորհրդակցություն է անցկացրել պետական պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի ծրագրին առնչվող մի շարք մանրամասներ, և խորհրդակցության սղագրությունը կհրապարակվի օրվա ընթացքում:

Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է քննարկման մասնակիցների մի շարք հարցերին: Քննարկման տեսանյութը կհրապարակվի քիչ անց»:

Քննարկմանը մասնակցած իրավաբան-էկոլոգ, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի Նազելի Վարդանյանը, ԷկոԼուրին մասնավորապես, ասաց, որ հանդիպման ժամանակ վարչապետը հայտարարել է, որ իրենք ոչ մի իրավական հիմք չունեն թույլ չտալու, որ Ամուլսարի հանքավայրն աշխատի: Ըստ Նազելի Վարդանյանի՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նոր փորձաքննություն կլինի: «Նոր փորձաքննության հնարավորություն կա մեր օրենսդրությամբ: Սակայն դա ո՛չ կառավարության, ո՛չ մեր որոշելիք հարց չէ: Ընկերության իրավունքն է դիմել կամ չդիմել նոր փորձաքննության համար», - ասաց Նազելի Վարդանյանը:

 

Օգոստոս 19, 2019 at 17:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր